Լրահոս
Օրվա լրահոսը

xԱԻՄ-Ը «ԶՈՌԲԱ» ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ Է

Օգոստոս 02,2003 00:00

xԱԻՄ-Ը «ԶՈՌԲԱ» ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ Է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ԱԻՄ-ից ազատել կուսակցության զբաղեցրած տարածքը: Սակայն Պ. Հայրիկյանն ամենեւին էլ չի պատրաստվում դա անել, ընդհակառակը՝ տրամադրված է բավական մարտական, ու գտնում է, որ ինչպես մյուս, այնպես էլ այդ պայքարում «ազգային ինքնորոշման համար պարտություն չկա, քանի որ ինքնորոշման պարտությունը նշանակում է ազգի կործանում»: Պ. Հայրիկյանը նշեց, որ առայժմ կառավարությունը որոշում չի կայացրել, կա ընդամենը քաղաքական դիրքորոշում, որի արդյունքում էլ կառավարությունը դիմել է դատարան: «Իմ ընկերներն են այդպես վարվում՝ Անդրանիկ Մարգարյան, Մանուկ Թոփուզյան8230»,- ասաց Հայրիկյանը: ԱԻՄ-ից իր զբաղեցրած տարածքը վերցնելով՝ կառավարությունը ցանկանում է այն տրամադրել Գիտությունների ազգային ակադեմիային, ինչի առնչությամբ ԱԻՄ նախագահն ասաց. «Կառավարության իրավաբանական վարչությունը ուզում է հրահրել մեզ Ակադեմիայի հետ՝ մեզ պատկանելիք տարածքը տալով նրանց: Փորձում են այնպիսի վիճակ ստեղծել, որ ես ակադեմիկների հետ կոնֆլիկտ ունենամ, այնինչ ես նրանցից ուզելու բան չունեմ: Մենք հիմա լուրջ կռվի մեջ ենք կառավարության հետ: Այս կռվի մեջ մի կողմում կառավարությունն է՝ իշխող կուսակցությունով, մյուս կողմում՝ դատապարտված ԱԻՄ-ը»: ԱԻՄ-ը՝ Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեում գտնվող իր տարածքը զբաղեցնում է արդեն 10 տարուց ավելի, եւ կա կառավարության որոշում, որ այդ տարածքը նրանց տրվում է անժամկետ: Բացի այս, Պ. Հայրիկյանը նշեց, որ, ըստ Քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի, 10 տարուց ավելի որեւէ տարածք զբաղեցնելուց հետո հիշյալ կազմակերպությունը կամ անձը համարվում է դրա սեփականատերը. «Մենք այդ հոդվածով ենք դատարանում պայքարելու,- վստահեցնում էր ԱԻՄ նախագահը՝ ավելացնելով,- մենք Բաղրամյան փողոցում գտնվող մեր շենքը, որը հիմա զբաղեցնում է ԱՄՆ դեսպանատունը զիջեցինք նրանց հանուն հայ-ամերիկյան հարաբերությունների, ու ստացանք այս տարածքը դրա փոխարեն»: Հայրիկյանը, սակայն, այս քաշքշուկի մեջ զուտ քաղաքական ենթատեքստ է տեսնում, ու զարմանում է, թե ինչու է կառավարությունը համառ հետապնդումների ենթարկում իրենց, այն դեպքում, երբ «մենք հանգիստ մեզ համար ապրում էինք»: Սակայն Հայրիկյանը հանգել է այն եզրակացության, որ դա ընդամենը կառավարության «զոռբայությունն է», ու նրանք ուզում են ապացուցել, թե որքան «զոռբա են իրենք»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել