Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՏԱՌՈՑ ԹԵԺ ԱՇՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Օգոստոս 02,2003 00:00

«ԱՐՏԱՌՈՑ ԹԵԺ ԱՇՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ» Կանխատեսում է ՀՅԴ հայաստանյան ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը Հայ-թուրքական սահմանների բացման հնարավորության մասին խոսակցությունները վերջին օրերի ընթացքում կրկին «վերակենդանացել» են ե՛ւ հասարակության տարբեր շերտերի, ե՛ւ քաղաքական ուժերի, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչների կողմից։ Ըստ ՀՅԴ հայաստանյան ԳՄ անդամ, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Մանուկյանի՝ սահմանների վերաբացելու թեմաներով հայկական էյֆորիայի վրա թուրքերը սառը ջուր լցրեցին, երբ իրենց վարչապետը հստակ խոսեց նախապայմանների մասին, իսկ ԱԳ նախարարը բավականին հստակ արտահայտվեց, որ սահմանների բացման հարց չի դրված. «սա դաս բոլոր այն հայկական շրջանակներին, ովքեր օրեցօր հաշվում էին, թե ե՞րբ են սահմանները բացվելու»։ Գեղամ Մանուկյանը մի դիտարկում եւս արեց. «չգիտես ինչու, սահմանների բացման կոչերը շատ անգամ ուղղվում են Հայաստանի իշխանություններին։ Միտումնավոր, թե ուղղակի անգիտության պատճառով արվող նման կոչ է արվում Հայաստանի իշխանություններին եւ հայկական կողմին։ Հայաստանի Հանրապետությունը որեւէ սահման չի փակել։ Սահմանները փակել է Թուրքիան, Թուրքիան է, որ Հայաստանի նկատմամբ թշնամական կեցվածք է ունեցել։ Այդ մարդիկ շատ ավելի լավ կանեին՝ կոչն ուղղել բոլորովին հակառակ հասցեով եւ ոչ՝ Հայաստանին»։ Ղարաբաղի ԱԳ նախարարության 10-ամյակի օրը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Ստեփանակերտում հայտարարեց, թե անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան խնդիրն ամենակարճ ժամկետում լուծելու համար, այս «անհրաժեշտների» շարքը, որ հրամցրեց Հայաստանի ԱԳ նախարարը, պարզապես անհասկանալի է՝ ո՞ւմ է ուղղված։ Եթե Մինսկի խմբին, ապա իրենք եւս շահագրգիռ են հարցը կարճ ժամկետում լուծել, եթե Ադրբեջանին՝ վերջինս առայժմ նախընտրական թոհուբոհի մեջ է։ Իսկ եթե Հայաստանի՞ն՝ պարզապես անհասկանալի կոչ է։ Ընկեր Գեղամ Մանուկյանը կարծես թե մեզ հետ համաձայն չէ. «Եթե հարցի լուծումը կախված լիներ միայն Հայաստանի իշխանություններից, համոզված եմ, որ շատ վաղուց հարցը լուծված կլիներ։ Հարցը բազմաշերտ է եւ միայն հայկական կողմով չի պայմանավորված։ Իսկ Վարդան Օսկանյանի՝ նման «անհրաժեշտությունների» թվարկումը, բնական է, ԱԳՆ-ն պետք է որոշակի հաստատումներ աներ եւ արեց։ Ե՛վ Ղարաբաղի ինքնորոշման, եւ անկախության ճանաչման անհրաժեշտությունն առաջին անգամ չէ, որ հնչում է ԱԳ նախարարի շուրթերից, այն դրված է նաեւ կոալիցիայի ծրագրում եւ տարիներ շարունակ մեր երկրի քաղաքականության հիմնական կետերից մեկն է եղել»։ Քանի որ երեկ մեր աշխատանքային վերջին օրն էր, կրկին քաղաքական թեմաներին կանդրադառնանք արդեն աշնան շեմին, ճշտեցինք հերթական աշնանային կանխատեսումը։ Ըստ Գեղամ Մանուկյանի՝ «թեժ աշնան բանաձեւը մտել է Հայաստանի քաղաքագիտության բանաձեւի մեջ։ Ամեն տարի խոստանում են թեժ աշուն, բայց ստացվում է ինչ-որ արհեստական թեժացում։ Կարծում եմ, թեժ աշուն՝ որպես այդպիսին, չի լինելու, թեժությունը լինելու է խորհրդարանում, որը շատ բնական է։ Ճիշտ է, որ այդպես լինի։ Արտառոց թեժացում չի լինելու, որովհետեւ, կարծում եմ, դրա նախապայմանները չկան»։ Ըստ որոշ քաղաքական գործիչների՝ մենք նորմալ ժողովրդավարական երկիր ենք, որովհետեւ մեր ընդդիմությունը բանտերում չի։ Ժամանակին ընդդիմությունը ներկայացնող Դաշնակցության անդամին խնդրեցինք զուգահեռ անցկացնել իրենց եւ այսօրվա ընդդիմության կարգավիճակի միջեւ։ Գեղամ Մանուկյանի դիտարկումը հետեւյալն է. «ընդդիմություն եղած ժամանակ քաղաքական պայքար մղելով իշխանության դեմ, Դաշնակցությունը մի սահմանագիծ ուներ. երբ հարցը վերաբերում էր ազգային անվտանգությանը, Ղարաբաղին, ամբողջ քաղաքական պայքարի ժամանակ այդ հարցերում երբեք որեւէ քայլ չենք արել, որպեսզի վտանգ ստեղծվի, նույնիսկ դեռ ավելին՝ այդ հարցերի շուրջ Դաշնակցությունը միշտ պատրաստ է եղել եւ շատ դեպքերում նաեւ եղել է գործակցություն իշխանության հետ, որովհետեւ դրանք ազգային-ռազմավարական հարցեր են։ Եվ երբեք Ղարաբաղի հարցը ներքին քաղաքական պայքարի շահարկման առարկա չի եղել։ Այսօր, ցավոք սրտի, շատ անգամ հանդիպում ենք նման երեւույթների, երբ հանիրավի շահարկվում է ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Հայաստանի սահմանամերձ շրջանների, ե՛ւ Հայաստանի ազգային անվտանգությունը։ Ոչ ոք չի մոռացել Մեղրու հարցի անհարկի շահարկումը։ Իհարկե, նման հարց չէր կարող լինել եւ այդ շահարկումը մեկ բացասական արդյունքի բերեց՝ այն հոգեբանական լարված վիճակը, որ հաստատվեց Մեղրիում եւ Զանգեզուրի տարածաշրջանում։ Եվ սրա բարոյական պատասխանը ոչ ոք չտվեց։ Ուղղակի նման ռազմավարական հարցը ծառայեց շատ մանր ներքին պայքարի համար»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել