Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստուգելու եմ, հա՜

Օգոստոս 02,2003 00:00

Ստուգելու եմ, հա՜ Երեկ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը եւ պաշտոնատար այլ անձինք Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանի ուղեկցությամբ «շրջագայեցին» Արաբկիր համայնքում։ Ե. Զախարյանն իր այցը սկսեց մետրո «Բարեկամության» գետնանցումից, որտեղ երկու պտույտ գործելուց հետո եզրակացություն արեց. «Այլ գետնանցումների համեմատությամբ այս մեկը նորմալ վիճակում է։ Մարդկանց համար անցանելի տարածքները պահպանված են, բայց, ինչ խոսք, վերանորոգման, կարգի բերման խնդիրներ դեռեւս կան»։ Բայց սովորաբար այս նույն գետնանցումն անանցանելի է, մշտապես հակասանիտարական վիճակ է տիրում եւ այսօրվա կարգ ու կանոնը քաղաքապետի պատվին է։ «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան, Ե. Զախարյանը նկատեց. «Գետնանցումներ այցելելն իմ՝ մի այցով չի սահմանափակվելու, այդ տեղերում հաճախակի եմ լինելու»։ Նա տեղեկացրեց նաեւ, որ այսուհետեւ ստորգետնյա անցումների վերահսկողությունը կիրականացնեն թաղապետարանները։ Փողոցային առեւտուրը կանոնակարգելու մասին քաղաքապետի որոշումը հետեւյալն էր. «Համայնքներում կընտրվեն հատվածներ, որտեղ կտեղադրվեն փոքրիկ տիպային կրպակներ՝ փողոցային առեւտուրը կկենտրոնացվի այդ կրպակներում»։ Քաղաքապետը նաեւ նշեց, որ համայնքներում տարբեր տեսակի բարեկարգման, վերականգնման աշխատանքների համար նախատեսվող ֆինանսական միջոցներն այսուհետեւ կտնօրինեն թաղապետարանները, իսկ քաղաքապետարանը կվերահսկի, որպեսզի դրանք նպատակային օգտագործվեն։ Համայնքի «Արաբկիր» զբոսայգին թաղապետ Լ. Հարությունյանին հպարտանալու տեղիք տվեց։ Ի տարբերություն մայրաքաղաքի այլ զբոսայգիների, այստեղ ամբողջությամբ պահպանված էր այգու կանաչ տարածքը։ Թաղապետը մեկ առ մեկ նշելով այգում՝ բարեկարգման արդյունքում կատարվող փոփոխությունները, ցույց տվեց մի կառուցվող սրճարան, որը պատրաստվում էր խախտել զբոսայգու «կուսականությունը»։ Փոխարենը, թաղապետը համայնքի երեխաներին պատրաստվում էր ուրախացնել այգում նոր տեղադրվող կարուսելներով։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել