Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԵՐՈՒՄ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է

Օգոստոս 01,2003 00:00

ԽԱՂԵՐՈՒՄ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է Երկու շաբաթից քիչ ավելի ժամանակ է մնում օգոստոսի 16-ին Երեւանում մեկնարկող Համահայկական երրորդ խաղերին։ Ինչպե՞ս են ընթանում կազմակերպական աշխատանքները, Հայաստանն ինչպե՞ս է դիմավորելու սփյուռքից ժամանող մարզիկներին ու հյուրերին։ Մեր զրուցակիցն է Խաղերի կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը։ – Կազմկոմիտեն աշխատում է ամեն օր,- ասաց նա։- Հիմա ավարտական փուլում է մարզական օբյեկտների նորոգման գործընթացը, լուծված են գույքի ձեռքբերման հետ կապված բոլոր խնդիրները։ Օրինակ, հաշվի առնելով, որ առանձնակի հետաքրքրություն է վայելում հատկապես բասկետբոլը, այս տարի դրա եզրափակիչն անցկացվելու է Կ. Դեմիրճյան մարզա-մշակութային կենտրոնում։ Դեռ անցած տարվանից ստացել ենք ժամանակակից տախտակամածը, գնել ենք նոր վահանակներ, կան նաեւ լուսատախտակները։ Բասկետբոլի օրինակը բերեցի, որովհետեւ հատկապես այստեղ կարող էին լինել խնդիրներ։ Ստեղծվել ու աշխատում է մրցավարական հանձնաժողովը, որի գործունեությունից է նաեւ կախված Խաղերի հաջող ընթացքը։ – Նախորդ երկու Խաղերն աչքի են ընկել մասնակից քաղաքների ու մարզիկների մեծ քանակով։ Այս անգամ է՞լ այդպես կլինի։ – Դրանց թիվը գնալով մեծանում է։ Այս տարի ընդարձակվում է հայտ ներկայացրած քաղաքների աշխարհագրությունը։ Օրինակ, առաջին անգամ Խաղերին կմասնակցեն Երուսաղեմի (Իսրայել), Բենի Սիթիի (Նիգերիա), Բաղդադի (Իրաք), Ուրմիայի (Իրան), Անթալիայի (Լիբանան) ներկայացուցիչները։ Մոտավոր հաշվարկով, այս օգոստոսին Հայաստան կժամանի 1500-2000 մասնակից ու առնվազն այդքան էլ հյուր ու զբոսաշրջիկ։ – Առաջին Խաղերը կազմակերպելիս ավելի շատ կարեւորվում էր Սփյուռք-Հայաստան կապերի սերտացումը, թեեւ գլխավոր նպատակն, այնուամենայնիվ, մարզական մրցակցության մակարդակի աստիճանական բարձրացումն էր։ Առաջինը գործում է անխափան։ Ի՞նչ կասեք երկրորդի մասին։ – Խաղերի կազմկոմիտեն եւ Համաշխարհային կոմիտեն ամբողջ տարի գործնական կապեր են պահպանում, փոխանակում են տեղեկատվություններ։ Եվ ուրախալի է, որ սփյուռքահայերն իրենց երկրներում մշտապես մարզվում են, նախապատրաստվում հերթական Խաղերին։ Ասեմ, որ այս մրցումները նպաստում են նաեւ մեր հանրապետության մարզերում հատկապես խաղային մարզաձեւերի՝ բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, ֆուտզալի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը։ Մարզական վարպետության աճը տեսանելի է նաեւ ըստ մարզաձեւերի ընթացող պայքարի սրությունում։ – Հատկապես առաջին Խաղերի ժամանակ, որքան հիշում եմ, որոշ խնդիրներ առաջացան հյուրանոցների գնի, ավիափոխադրումների կազմակերպման հետ։ Հիմա դրանք կարգավորվա՞ծ են։ – Կարելի է ասել՝ այո։ Այդ հարցը բավականին լուրջ քննարկում է ունեցել եւ հիմա հյուրանոցները պատրաստ են մատչելի գներով ընդունել Խաղերի մասնակիցներին ու հյուրերին։ Մեր մասնակցությունն այդ խնդրին ընդամենը միջնորդելու, գները զսպել փորձելու մեջ կարող է լինել, որովհետեւ եկողներն իրենք են ընտրում հյուրանոցը։ Նույնն է նաեւ ավիափոխադրումներում։ Ժամանողներն ու մեկնողներն են որոշում, թե որ ընկերության ծառայությունից օգտվեն։ Մենք այստեղ ոչինչ անել չենք կարող, քանի որ ըստ էության «Հայկական ավիաուղիներ» չունենք։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել