Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈ՞Ւ ԵՆՔ «ԼՈՒՌ ՎՐԴՈՎՎԵԼ»

Օգոստոս 01,2003 00:00

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈ՞Ւ ԵՆՔ «ԼՈՒՌ ՎՐԴՈՎՎԵԼ» Մենք մեր պատմությունը չենք սիրում ու մեր պատմությունը չգիտենք։ Մինչդեռ սովորել է պետք ոչ միայն պատմությունը, այլեւ պատմությունից։ Բայց, ավաղ։ Ու երեւի թե այն պատճառով, որ պարզապես չունենք այդ պատմությունը։ Որովհետեւ այն մշտապես էլ եղել է ուրիշների պատմության կարկատաններից։ Ամենափոքրը։ Բայց նաեւ այսօր։ Ինչեւէ։ Ունենք այն, ինչ ունենք։ «Արշակն ավելի եւս հանդգնելով մի անմիտ գործ գործեց։ Մասիս լեռան թիկունքում նա շինեց մի դաստակերտ-մեղավոր մարդկանց ժողովատեղի եւ հրաման արձակեց, թե ով կարողանա այդտեղ ընկնել ու բնակվել, նրա վրա դատաստան եւ իրավունք չի լինի։ Անմիջապես բոլոր հովիտը, ինչպես ծով, լցվեց մարդկանց բազմությամբ, որովհետեւ ավանդառուներն ու պարտապանները, ծառաներն ու հանցագործները, գողերն ու մարդասպանները, ուրիշների կանանց փախցնողները եւ ուրիշ սրանց նմանները փախչում, ապաստանում էին այնտեղ, եւ նրանց դեմ հարց ու դատաստան չկար»։ Քաղաքը կոչվեց Արշակավան, ու էսօրվա մեր կյանքի հիմքն ու նախատիպն է փաստորեն։ Ավելի շուտ՝ մեր այսօրը Արշակավանի տրամաբանական ու կապիկների մոլորակի սկիզբը խորհրդանշող անցումային (դարձյալ անցումային) մի փուլ է։ «Կապիկները, նորից այդ կապիկները,- անհանգիստ խոսում էր կինը։- Վերջին ժամանակներս նրանք բուռն կերպով բազմանում են, չնայած բոլորովին վերջերս թվում էր, որ նրանց ցեղը ահա ուր-որ է կմարի։ Եթե հետագայում էլ այդպես շարունակվի, նրանք ավելի կշատանան, քան մենք ենք։ Բայց հարցը միայն այդ չէ։ Նրանք գնալով դառնում են անպատկառ։ Նրանք արդեն նայում են մարդկային հայացքով։ Մենք իզուր վստահեցինք նրանց եւ իզուր որպես ծառաների ու տնային կենդանիների նրանց ազատություն տվեցինք։ Ընտանիքի սիրելին կամաց-կամաց դառնում է անպատկառ»։ «Այն, ինչ մեզ հետ կատարվեց, կարելի էր առանց դժվարության կանխատեսել։ Մեզ տիրեց մտավոր ծուլությունը։ Ոչ ոք այլեւս չի կարդում, նույնիսկ արկածային վիպակները թվում են հոգեկան մեծ լարվածություն պահանջող ստեղծագործություններ։ Նույնիսկ մանկական ֆիլմերը թվում են ծայրահեղ հոգնեցնող։ Իսկ այդ ժամանակ կապիկներն իրենց համար մտածում են։ Եվ այդ լուռ միայնակ խոհերի մեջ նրանց ուղեղը զարգանում է։ Եվ նրանք արդեն տիրապետում են խոսքին։ Օ, իհարկե, նրանք մեզ հետ գրեթե չեն խոսում, արհամարհանքով կրծոտում են այն փոքրաթիվ խիզախներին, որոնք դեռ հանդգնում են նրանց կարգադրել։ Գիշերները, երբ բոլորս քնում ենք, նրանք տպավորություններ են փոխանակում եւ միմյանց պատմում են այն, ինչ իմացել են օրվա ընթացքում»։ Պիեռ Բուլը «Կապիկների մոլորակը» գրելիս հաստատ նկատի է ունեցել մեր երկիրը, մեր օրերն ու մեզ։ Ու մեր ապագան։ Այսպես շարունակելու դեպքում։ Եվ հիմա ճիշտ ժամանակն է ստեղծել «Հայաստան» կոմիտե՝ Հայաստանը փրկելու համար։ Քաղաքը կա, քաղաքում բոլոր տիրադավները հավաքված են ու ապրում են առանց տիրոջ։ Ու ոչ մի մեղք չի ապաշխարվում. բոլոր հին մեղքերի վրա կուտակվում են նոր մեղքեր, ու մեր վիճակը դառնում է՝ ինչ կա։ Մեր կյանքում բոլորն ու ամեն ինչ իր գինն ունի։ Գնման գինը ու վաճառքի գինը։ Իսկ ովքեր չեն վաճառվում, պարզապես վերանում են. ժամանակին Հրանտ Մաթեւոսյանը միութենական մամուլում հաստատում էր, որ Հայաստանում ուղղակի չէր կարող Սոլժենիցին լինել, որովհետեւ նրան ոչ թե երկրից կվտարեին, այլ ֆիզիկապես կոչնչացնեին, ու ոչ ոք չէր էլ իմանա։ Երեքի կոալիցիան էլ կարճ կյանք կունենա, որովհետեւ կարճ տարածության համար էր ստեղծված՝ այդ տարածությունն անցել ենք՝ իշխանությունը բաժանելու խնդիր դրվեց ու կոալիցված լուծվեց, իշխանությունը կոալիցված գործադրելու խնդիր դրված չէ, ուրեմն կոալիցիան ոչ մեկին պետք չէ։ 1941թ. Գերմանիայում կար համընդհանուր կարգախոս. «Կարողացեք լուռ վրդովվել»։ Գերմանացիները կարողացան ու պարտվելուց հետո էլ՝ կարողացան կարճ ժամանակում հաղթողներին հաղթել։ Փորձենք սկսել ընտրողների ընտրությունից։ Կամ համահայկական քաղաքական լրագրից (Լենինի պես)։ Կամ… Այսինքն՝ սկսել 0 կետից ու զրոյական վիճակից։ Մսրա Մելիքի պես մեզ թափ տանք՝ տեսնենք կա՞նք, թե՞ չկանք։ Ու ովքեր չկան՝ պիտի ասպարեզից հեռանան, ովքեր կան, պիտի ռեալ ընտրություն կատարեն՝ ինչ են ուզում ու ինչ չեն ուզում, ինչպես են ուզում ու ինչպես չեն ուզում։ Հիմա ո՛վ ասես կա։ «Կա»։ Հիմա ով ինչ ուզում՝ անում է, ով ինչ ուզում՝ ասում է։ Ապացուցված է՝ օրինական ճանապարհով գնալ կարելի է, տեղ հասնելն է դժվար։ Մեր դեպքում՝ անհնարին։ Մնում է՝ քայլ անողին գտնել։ ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել