Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գիտնականների թիվը նվազում է

Օգոստոս 01,2003 00:00

Հայաստանում գիտնականների թիվը նվազում է Քանի որ գիտությունը լիակատար նվիրում է պահանջում Օրինակ, Հրաչյա Աճառյանը 22-23 տարեկանում Փարիզում մեծանուն արեւելագետ Անտուան Մեյեից դասեր առնելու համար՝ մոտ մեկ ամիս սնվում էր հիմնականում գազարով։ Այսօրվա գիտնականների ճաշացանկն անհամեմատ հարուստ է, սակայն գիտությանը նվիրված ու երիտասարդության համար գիտությամբ զբաղվելու ներշնչանք դարձած իսկական գիտնականների թիվը գնալով նվազում է։ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատող, արդեն թեկնածուական թեզը պաշտպանած Արաքս Փաշայանի հետ զրույցի առիթը նրա՝ օրերս լույս տեսած «Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը. նպատակները, գործունեությունը, դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ» գիրքն է, որը տպվել է «Արմէն եւ Բերսաբէ Ճերեճեան հիմնադրամի» միջոցներով: – Արաքս, ըստ Ձեզ ի՞նչն է ժամանակակից երիտասարդին թելադրում գիտությամբ զբաղվել, երբ մեր երկրում գիտնականները եթե աշխատանք էլ ունենում են, ապա լավագույն դեպքում՝ 10-15 հազար դրամով աշխատում են զանազան գիտական հիմնարկներում։ Իսկ ավելի եկամտաբեր ոլորտում աշխատելու համար լուրջ գիտելիքներն ու աշխարհայացքը գոնե մեզ մոտ ավելորդ բեռ են։ – Երիտասարդ գիտնականների մի մասին, հատկապես, եթե նրանք արական սեռի ներկայացուցիչներ են, գիտություն է բերում բանակից ազատվելու երազանքը։ Սակայն երիտասարդների մեծ մասին Արեւելագիտության ինստիտուտ բերում է գիտության հանդեպ հետաքրքրությունն ու այն հետազոտելու ցանկությունը։ Այսօր ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտը կարելի է համարել արեւելագիտության դպրոց, որի տնօրենը արեւելագետ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանն է։ Այսօր գիտությամբ կարող են զբաղվել միայն ապահով ընտանիքների զավակները, որոնք օրվա հացի խնդիր չունեն։ Երիտասարդ գիտնականին որտեղի՞ց կարիքները հոգալու միջոց, եթե նա չունի հովանավոր կամ օրվա հացն ապահովող ընտանիք։ Գոնե նախնական փուլում ստիպված ես ապրել հարազատներիդ հաշվին։ Օրինակ, երբ ես մտա գիտության ոլորտ, իմ ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանը պահանջեց, որ որեւէ այլ զբաղվածություն չունենամ եւ զբաղվեմ բացառապես գիտությամբ։ – Արա՛քս, կա «Իսլամական կոնֆերանս» («ԻԿ») կազմակերպությունը, որը միավորում է աշխարհի բոլոր իսլամադավան երկրներին։ Քրիստոնյաներին կամ այլ կրոն դավանողներին միավորող քաղաքական նման կազմակերպություններ, կարծես, չկան։ – Այո, չկան։ Բոլոր մահմեդական ժողովուրդներին միավորում է մեկ իսլամական ազգի՝ ումմայի գաղափարը։ Բոլորը եղբայր են կրոնով։ «ԻԿ»-ը միավորում է տարբեր մայրցամաքների բոլոր իսլամադավան երկրներին։ Սրանից չի կարելի եզրակացնել, թե մահմեդական աշխարհը միասնական է, չունի ոչ մի տարաձայնություն։ Կան թե՛ քաղաքական, թե՛ դավանաբանական, թե՛ մրցակցության խնդիրներ։ ԽՍՀՄ փլուզումից հետո մահմեդականություն դավանող նախկին խորհրդային երկրները անդամակցեցին «ԻԿ»-ին։ Ադրբեջանը մեծ ակնկալիքներ ուներ՝ ստանալու իսլամական ժողովուրդների աջակցությունը Ղարաբաղի հարցում եւ Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր։ Ելնելով իսլամական համերաշխության սկզբունքներից, «ԻԿ»-ը դատապարտեց Հայաստանի «ագրեսիան», սակայն ադրբեջանամետ այդ որոշումները, որպես կանոն, հռչակագրային բնույթ ունեն եւ չեն կարող խոչընդոտել Հայաստանի եւ իսլամական առանձին պետությունների միջեւ զարգացող հարաբերությունները։ Հարցազրույցը՝ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել