Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ պարողից լավ դերասան դուրս չի գա

Օգոստոս 01,2003 00:00

Վատ պարողից լավ դերասան դուրս չի գա Ընդունելության քննությունների լարված մթնոլորտում տեղին էր այցելությունը Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտ Այստեղ իսկական բեմ էր եւ դիմորդներն ու հանձնաժողովականներն էլ իրենց դերերը չէին թաքցնում: Լրագրողներիս թույլ տվեցին ներկա գտնվել «բեմական խոսք եւ վոկալ» առարկայի քննության առաջին փուլին: Դիմորդները ներկայացնում էին իրենց նախընտրած արձակը, չափածոն եւ մի երգ: Այս փուլում առաջին հերթին ստուգվում էին երեխաների բեմական խոսքի ունակությունը, ֆիզիկական տվյալները, էմոցիոնալ հագեցվածությունը: Ընդհանուր առմամբ, դիմորդներն աչքի չէին ընկնում շնորհներով: Ավելին, ոմանց դեպքում տպավորություն էր ստեղծվում, թե բեմ են բարձրացել սպորտային հետաքրքրությունը բավարարելու: Օրինակ, մի դիմորդ՝ Կոտայքից, չկարողացավ անգամ մի հեքիաթ պատմել: Իսկ նրան այս բուհը դիմելու խորհուրդ էր տվել իր պարի ուսուցիչը (որ տղան հանկարծ չորոշի պարող դառնալ): Մի աղջիկ էլ՝ Մարտունուց, որոշել եւ եկել էր դերասան դառնալու, սակայն որեւէ հոդաբաշխ նախադասություն չկարողացավ արտաբերել, միայն օրորվեց բեմի վրա ու գնաց: Առարկայական հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Դավոյանը եկավ եզրակացության, որ դիմորդների ընդհանուր կրթական մակարդակը ցածր է: «Մենք հաճախ գնում ենք զիջողությունների, երբ դիմորդի մեջ տեսնում ենք բնատուր շնորհների կայծերը: Զիջում ենք, որպեսզի երեխան գա այստեղ, հայերենի եւ մյուս գիտելիքների պակասը լրացնի»: Հանձնաժողովի անդամների դիտարկմամբ, դիմորդների ցուցանիշները բարձր չեն: Եթե թվարկենք, թե որ շրջանի դիմորդներն են առավել տաղանդաշատ, ապա առաջին տեղում կլինի Լոռին, Նոյեմբերյանը, ապա Վայքը: Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ հանձնաժողովի կազմում նստած են մարդիկ, որ ձեւավորում են իրենց ապագա կուրսը, եւ դիմորդին քննելիս նրանց վերաբերմունքը, դիտողականությունը պետք է անպայման հաշվի առնել: Մեր այն հարցին, թե ինչպես են վարվում այն դիմորդի հետ, ով երգել չգիտի, բայց աչքի է ընկնում դերասանի վարպետությամբ, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Մենք ազատություն ենք տալիս դիմորդներին, պարտադիր ցանկը, որ տրվում է նրանց պատասխանելու համար, վերջնական չենք համարում: Եթե երգել չգիտի, բայց լավ է ասմունքում եւ այլն, նա համապատասխան գնահատական ստանում է: Կարող է նաեւ պատահել, որ ֆիզիկական տվյալներն աներեւույթ են, բայց բեմի վրա նրանք մնացած ունակություններով դա լրացնում են»: Ընդհանրապես, մասնագետները կարծում են, որ ճիշտ կլինի, եթե իրենք բուհի ապագա ուսանողներին ընտրեն դպրոցներից: «Սակայն սա օգտակար կլինի, եթե գործի ընդհանուր բարեխղճությունը: Եթե նախաքննական փուլում մասնագետները լինեն իսկապես բարձր մակարդակի»,- ասում է Ռ. Դավոյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել