Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՊԱՏԻԺ ՎՐԱԵՐԹ

Օգոստոս 01,2003 00:00

ԱՆՊԱՏԻԺ ՎՐԱԵՐԹ Դատախազությունը չի ուզում քննել քաղաքացու վնասվածքի պատճառը 2003թ. մարտի 16-ին Էդուարդ Պետրոսյանը (ծնվ. 1958թ.) իր «Հոնդա» մակնիշի 0999 ԱՐԱ պ/հ մոտոցիկլետով Երեւան քաղաքի Բաղրամյան եւ Դեմիրճյան խաչմերուկը հատելիս նույն խաչմերուկը հատող ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայից հարված է ստացել իր աջ կողմին, որի հետեւանքով շպրտվել է հանդիպակաց ուղեմաս, որից հետո իր ոտքերի վրայով անցել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։ Սակայն կազմված գործում ժխտվում է «Ֆոլքսվագենի» շարժման մեջ գտնվելու փաստը այն պատճառաբանությամբ, որ գործող լուսացույցով կարգավորվող երթեւեկության պարագայում այդ պահին մոտոցիկլետի եւ «Ֆոլքսվագենի» համար միացված է եղել լուսացույցի կարմիր լույսը, իսկ Դեմիրճյան փող. երթեւեկող ՎԱԶ 2107 մակնիշի մեքենայի համար՝ կանաչ ազդանշանը։ Մինչդեռ Է. Պետրոսյանը հիվանդանոցում տված իր բացատրությունում նշել է, որ ինքը խաչմերուկ է մտել կանաչ լույսի տակ եւ խնդրել է առերես հարցաքննություն կազմակերպել, որը չի արվել։ Դեպքի վայր ժամանած Արաբկիրի օպերատիվ աշխատակիցների կատարած գործողությունների արդյունքում վրաերթ կատարած 3 մեքենաներից տուգանային հրապարակ են տարվել միայն 2-ը՝ մոտոցիկլետը եւ 2107 մակնիշի մեքենան, իսկ «Ֆոլքսվագենը» նույն պահին վերադարձվել է տիրոջը։ 3 վարորդներից հարբածության ստուգումից խուսափել է նույն «Ֆոլքսվագենի» վարորդ Լուսինե Շահբազյանը, որը եւ կասկածի տեղիք է տվել։ Նրան ստուգել են միայն 3 օր անց, երբ արդեն անիմաստ էր, իսկ այդ պահին նրա փոխարեն ստուգման է ներկայացել 50-ամյա մի տղամարդ։ Արաբկիրի քննիչ Արթուր Հարությունյանը Է. Պետրոսյանի անդրավարտիքը, որի վրա հստակ տպված է եղել անվադողերի հետքերը, չի առգրավել՝ պատճառաբանելով, թե առգրավման բլանկ չունի։ Այն վերցվել է միայն մոտ 40 օր հետո՝ նոր նշանակված դատախազի օգնական Ա. Ավետիսյանի կողմից՝ առանց փաթեթավորման եւ կնքման, երբ արդեն որեւէ հետք չէր կարող պահպանված լինել։ Այս բոլոր՝ թե միտումնավոր, թե անփույթ կատարած գործողությունների համար պատասխանատու են ե՛ւ պետավտոտեսչությունը, ե՛ւ դատախազությունը։ Փաստի առթիվ նախապատրաստել են նյութեր, սակայն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Ա. Ավետիսյանի կողմից երկու ամիս անց է միայն որոշում կայացվել (21.05.03թ.)՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Պատրաստված նյութերը ժխտում են այն հանգամանքը, որ «Ֆոլքսվագենի» մակնիշի մեքենան եղել է դինամիկ (շարժման) վիճակում։ Այսինքն, Է. Պետրոսյանը 2107 մեքենայից հարված ստանալուց հետո սահելով հայտնվել է «Ֆոլքսվագենի» դիմաց, բայց քանի որ Լ. Շահբազյանի մեքենան կանգնած է եղել, հետեւաբար չէր կարող անցնել Է. Պետրոսյանի վրայով։ Այդ են վկայել մի քանի ականատեսներ եւ դա հիմք ընդունելով մերժվել է տուժողի խնդրանքը՝ իրեն առերես հարցաքննել վկայություն տվող 4 անձանց հետ։ Այն, թե «Ֆոլքսվագենը» եղել է ստատիկ թե դինամիկ վիճակում, կարելի էր պարզել մեքենաների վնասվածքներով (ի դեպ, վնասված «Ֆոլքսվագենի» լուսանկարները գործում կան, իսկ վնասվածք ստացած մարդու եւ ոչ մի լուսանկար չի արվել)՝ համապատասխան դատաավտոտեխնիկական եւ դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու եւ դատաբժշկին հարցում անելու միջոցով։ Սակայն ոչ առաջինը եւ ոչ երկրորդը վարույթ իրականացնող մարմինը չի արել։ Է. Պետրոսյանի ձախ ոտքի վրա առկա են եղել անվադողի հետքեր, որը հիվանդության պատմության մեջ ֆիքսել են նրան բուժող բժիշկները (վիրահատող՝ Ա. Սոխակյան, 2-րդ հիվանդանոց) եւ նրանց հարցում անելու միջոցով անգամ պարզ կդառնար, որ այդ տեսակ վնասվածքներ կարող են առաջանալ միայն վրաերթի հետեւանքով։ Այս ամենը պարզելու համար ուղղակի անհրաժեշտ է քրեական գործ հարուցել, մանրամասն եւ օբյեկտիվ քննություն կատարել։ Սակայն Է. Պետրոսյանի դիմումը մերժվեց վերաքննիչ դատարանում (նախագահ՝ Գ. Մելիք-Սարգսյան)։ Այժմ արդարությունը վերագտնելու հույսով եւ իր արդարացի պահանջը հիմնավորելով Է. Պետրոսյանը (փաստաբան՝ Ն. Բաղդասարյան) վճռաբեկ բողոք է ներկայացրել ավելի բարձր ատյան։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել