Լրահոս
Օրվա լրահոսը

10 երեխաներին պետությունը տալիս է 19 հազար դրամ

Օգոստոս 01,2003 00:00

10 երեխաներին պետությունը տալիս է 19 հազար դրամ «Մեղք եմ գործել, չեմ կարողանում ոչ մեկին պահել, օր օրի ավելի է դժվարանում: Հաց չենք կարողանում ստեղծել: Մեծ մեղք եմ գործել էս երեխանց առջեւ»,- ասում է 10 երեխաների մայր Անահիտ Սարգսյանը: Անահիտը եւ Ռոբերտը ապրում են Լալվար սարի ստորոտում` անտառների մեջ թաղված Ջիլիզա գյուղում: Ամուսնացել են 1984-ին. «Ես Վրաստանում էի ապրում: Ռոբերտն աշխատում էր Վրաստանում, պատահաբար տեսել ենք, հետո իրար սիրել, երկու տարի հետո ամուսնացել»,- երանությամբ հիշում է Անահիտը: Հարցիս` ինչպես եք որոշել այսքան երեխաներ ունենալ, կին ու ամուսին ժպտալով, գրեթե միաժամանակ, պատասխանեցին` ստացվեց: «Կարելի է ասել, որ սա ապրել չէ: Լույս չունենք, մեր գյուղը շատ լավն է, բայց ափսոս կտրված է ամեն ինչից: Երեխեքին էլ դժվարությամբ ենք մեծացնում: Հինգը դպրոցական են, մեծիս 18 տարին լրանում է, շուտով բանակ է գնալու: Հինգ երեխեն էլ դասի են գնում, գիրք, տետր է պետք: Պետությունից ստանում ենք 19 հազար դրամ նպաստ: Հիմա էլ ասում են ավելացնում են, ավելացնում են, ոչ մի բան չկա»,- փոքր երեխան գրկին պատմում է Անահիտը: Մեկ ամսվա համար տրվող 19 հազար դրամը օրական մեկ հացի էլ չի հերիքում: Ամուսինը` Ռոբերտը, գյուղի էլեկտրիկն է: «Էլեկտրիկ եմ, բեռնատարի վարորդ, բայց հիմա պարապ եմ՝ գործ չկա: 1 տարի 4 ամիս է՝ աշխատավարձ չեմ ստացել: Էլեկտրացանցը սեփականացրին՝ էլ ինձ չեն վճարում»: Գյուղն էլեկտրաէներգիա ստանում է Վրաստանից: Ռոբերտը շարունակում է մնալ գյուղի էլեկտրիկը, սակայն վրացիները նրան չեն վճարում, որովհետեւ Վրաստանի գրանցում չունի: «Սեփական հող ունենք, դա ենք մշակում, եթե դա էլ չունենանք, չենք կարող ապրել էս գյուղում: Հունաստանից հայեր եկան անցած տարի, մի կով տվեցին, միակ բանն է, որ ստացել եմ` որպես բազմազավակ մայր: Ոչ մեկից ոչ մի բան չենք ստացել: Մեկ էլ մեր գյուղապետն է, որ ինչ հարցով դիմում ենք՝ օգնում է»: 12 հոգանոց ընտանիքն ապրում է փոքրիկ մի տնակում. «Իմ միակ երազանքը տուն ունենալն է, թեկուզ խոր ծերությունում, որ մեջը կարողանանք շարժվենք, որ իմանանք ամեն ինչ իր տեղն ունի: Էս տան տղամարդը ի՞նչ անի, տասը երեխու մասին մտածի՞, թե՞ տան մասին: Էդ 19 հազար դրամով ի՞նչ անի: Մեր ապագան խորտակվել է, երեխանցն էլ հետն է խորտակվում»,- հուսալքված շարունակում է Անահիտը: «Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է լինելու ձեր վերջը», հարցրի Ռոբերտին: Լոռեցու միամտությամբ պատասխանեց. «Քցում-բռնում եմ, պտի որ լավ ըլնի, էլի: Հույսս էլի անտառի վրա է, դրուժբիստ եմ, որ գործ-մործ լինում է, գնում եմ աշխատում: Փողոտ գործը էդ է, որ կանչում են ծառ կտրելու, օրը մի չորս-հինգ հազար դրամ են տալիս: Էս է՝ երեխուն բանակ պտի տանեն, չգիտեմ ինչ անեմ, վայ թե կովերից մեկը ծախեմ, որ երեխուն ճամփու դնեմ: Գիշերները շատ եմ մտածում, է»,- շարունակեց Ռոբերտը: «Եվ ինչ, ելքեր գտնու՞մ ես»,- հարցնում եմ: «Հույսով ապրում ենք, էլի, լավը տի լինի»,- շտապելով ասում է Ռոբերտը: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել