Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

Օգոստոս 01,2003 00:00

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ Այս պահի դրությամբ պարզ չէ՝ լուսանկարում պատկերված օբյեկտը ապօրինի՞ է, թե՞ օրինական: Կառույցը գտնվում է Բաղրամյան պողոտայի երկրորդ նրբանցքում: Իսկ սրա օրինականության վերաբերյալ պետական պաշտոնյաները տվել են իրար հակասող եզրակացություն: Սրա հարեւանությամբ գտնվող 13-րդ տունը վարձակալում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը: Իսկ այդ տան սեփականատերը (Գրիգորի Պետրոսյան), որը պետք է հոգա վարձակալի հարմարությունների մասին, քաղաքապետերին ու քաղաքաշինության պետական տեսչությանն անընդհատ բողոքում է, թե դեպի տուն, այսինքն դեպի ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոն տանող նրբանցքը, որը «անբարեկարգ է ու ճարտարապետական նորմաներից կրկնակի նեղ, խիստ խանգարում է ավտոմեքենաների ու հետիոտնի անցուդարձը: Այս վիճակում անհնարին է դառնում հրշեջ մեքենաների ելումուտը, ինչի համար պահանջվում է առնվազն 6 մետր լայնությամբ ճանապարհ: Մինչդեռ, եղածը, հատկապես սկզբնամասում, ընդամենը 4 մետր է եւ մայթ չունի»: Սեփականատերը համաձայնել է ճանապարհը լայնացնել սեփական միջոցներով, ինչին խանգարում է սույն կառույցի գոյությունը: Թեեւ պարոն Պետրոսյանը ճանապարհի լայնացման անհրաժեշտությունը պայմանավորում է հասարակական շահով, բայց խոստովանենք, նախաձեռնությունը բխում է սեփական շահերից: Իմիջիայլոց նկատենք, որ պետական մարմիններից բողոքողի այս տեսակը լրագրողի համար տհաճ երեւույթ է, եւ առաջ անցնենք: Այս կառույցի կարգավիճակի վերաբերյալ մի քանի դիմումներն անպատասխան թողնելուց հետո Քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչության պետ Հ. Մուրադյանը հայտնել է, որ «կրպակն անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից ձեռք է բերել պետական գրանցում»: Քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Ս. Հայրապետյանն ըստ էության նույն տեղեկատվությունն է հայտնել, հղում անելով քաղաքապետի որոշմանը: Ամենահետաքրքիրն այն է, որ սույն տեղեկատվությունը չի հաստատում Կադաստրի պետական կոմիտեն: Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ս. Շահբազյանը հայտնում է. «Վերը նշված կոշկակարի կրպակը իրավունքի պետական գրանցում չի ստացել»: Թյուրիմացություններից խուսափելու համար նշենք, որ պարոն Շահբազյանի գրությունը ժամանակագրական առումով հետեւում է նախորդ երկու պաշտոնյաների գրություններին, ուստի Ս. Շահբազյանը չէր կարող չտիրապետել տեղեկատվությանը: Եվ քանի որ դրանք հակասում են իրար, ուրեմն դրանցից մեկը չի համապատասխանում իրականությանը: Այսպիսով՝ առաջադրանք հակակոռուպցիոն մարմիններին. ա. ինչու՞ են միեւնույն հարցի վերաբերյալ տարբեր պետական մարմինների պաշտոնական գրությունները տրամագծորեն հակառակը պնդում, բ. ինչպե՞ս, իրավական ի՞նչ հիմնավորումներով է տեղի ունեցել կառույցի օրինականացման գործընթացը (եթե, այնուամենայնիվ, տեղի է ունեցել): Ի լրումն հայտնենք, որ իր նամակներում տան սեփականատերը կառուցի տերերին հովանավորելու մեջ մեղադրում է քաղաքապետարանի երկու պաշտոնյաների: Այս հարցերի պատասխանները մեզ չհաջողվեց ստանալ: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել