Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱ՛ՅՆ ԿՈՂՈՊՈՒՏ

Օգոստոս 01,2003 00:00

ՄԻԱ՛ՅՆ ԿՈՂՈՊՈՒՏ Երկու օր առաջ ՀՀ նախագահի նստավայրի առջեւ երկու երեխաներով մի կնոջ նկատմամբ ոստիկանների անքաղաքավարի վերաբերմունքը նկարահանած ժապավենն առայսօր չի վերադարձվել «Ինտերնյուս» հասարակական կազմակերպություն՝ ոչ ամբողջական, ոչ էլ այդ հատվածները մաքրած, ինչպես խոստացել էին անել այն «բռնագրավողները»։ Ինչպես տեղեկացանք «Ինտերնյուսի» ուսումնական ծրագրերի ղեկավար Դավիթ Ասլանյանից, կազմակերպության «Հեռուստալրագրություն» դասընթացի մասնակից Նարեկ Մարտիրոսյանին, որը եւ նկարահանել էր միջադեպը, երեկ աշխատանքից ազատել է «ԱԼՄ»-ի տնօրեն Տիգրան Կարապետյանը։ Թեեւ Նարեկը ոստիկաններին չի ներկայացել իբրեւ «ԱԼՄ»-ի աշխատակից, այլ միայն որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է «ԱԼՄ»-ի օպերատորի վկայականը։ Դ. Ասլանյանն ասաց, որ իրենք հիմք են ընդունել «Արմինֆոյի» այն տեղեկատվությունը, ըստ որի, «պետության ղեկավարի մամլո ծառայությունից հաղորդել են, որ անվտանգության ծառայության աշխատակիցներն առնչություն չունեն այդ միջադեպին, քանի որ հանրահավաքի անցկացման կարգին հետեւում են ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցները»։ Ոստիկանների՝ այս միջադեպին որեւէ առնչություն ունենալը պաշտոնապես հերքել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվական բաժնի պետի տեղակալ Արմեն Չարենցը։ Պրն Ասլանյանն ասաց, որ իրենց մնում է USAID-ի գույքի կողոպուտի մասին հայտարարությամբ դիմել ՀՀ դատախազություն։ Ն. Մարտիրոսյանը եւ միջադեպին ներկա մի քանի քաղաքացիներ, որոնք «Ինտերնյուսում» նկարահանման խցիկի առջեւ պատմել են իրենց տեսածը, ըստ Դ. Ասլանյանի, հեշտությամբ կճանաչեն ե՛ւ ոստիկանական համազգեստով, ե՛ւ քաղաքացիական հագուստներով մարդկանց, որոնք համակված են եղել «պարտքի բարձր զգացումով»։ Այդ դեպքում՝ «Ինչպե՞ս է հնարավոր այս միջադեպը համարել խոսքի ազատության դեմ հերթական ոտնձգություն» հարցին Դավիթ Ասլանյանը պատասխանեց. «Դուք նկարագրեք՝ ինչ է եղել, ընթերցողները շատ լավ կհասկանան»։ «Հեռուստալրագրություն» դասընթացի խորհրդատու Լորենս Ռիթերն ասաց, որ այս միջադեպը երկրում տիրող վախի մթնոլորտի անդրադարձն է։ Իսկ հետագայում նման դեպքերը կանխելու համար հարկավոր է դրանք արձանագրել։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել