Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանոթ սցենարով

Օգոստոս 01,2003 00:00

Ծանոթ սցենարով Ադրբեջանում «արտագրում են» հայոց նորագույն պատմությունը Այսօր Ադրբեջանում քաղաքական գործընթացները կանխատեսելու իմաստով մարգարեանալու հրաշալի հնարավորություն է ստեղծվել։ Իրադարձությունների որակն ու զարգացումն այնպիսի ոսկերչական ճշգրտությամբ են կրկնում Հայաստանի ոչ վաղ անցյալը, որ եթե ստորեւ բերված նկարագրության մեջ փոխենք անձնանուններն ու տեղանունները, ապա կարող է թվալ, թե ընթերցում ենք Հայաստանի հունվարյան մամուլը։ Այսպես. Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր սրում են ներքաղաքական առանց այդ էլ լարված մթնոլորտը, փորձելով ընդհարումներ սադրել ընդդիմադիր գործիչների եւ անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ վերջիններիս ժամանակավոր (կամ տեւականորեն) մեկուսացնելու ակնհայտ մտադրությամբ։ Երկրում գործող փոքրաթիվ ժողովրդավարական ուժերը պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, որոնցում իշխանություններին կոչ են անում ազատ արձակել վարչական իրավախախտումների քողածածկույթի տակ կալանված քաղաքական ակտիվիստներին։ Ժողովրդավարները նկատել են տալիս, որ «ջունգլիների օրենքով» ապրող իշխանությունների որդեգրած բռի վարքագիծը պայմանավորված է նրանց՝ իշխանական լծակները կորցնելու սոսկալի տագնապով։ Մտավորականների «Ամալ» շարժման նախագահ, պրոֆեսոր Խալիդ Ալիմզարովը հայտարարել է, որ իշխանությունները հատկապես լկտի են գործում գյուղական բնակավայրերում, որտեղ նրանց կողմից իրականացվող ֆիզիկական հաշվեհարդարները, ընդդիմության կողմնակիցների անասուններն ու բերքը ոչնչացնելու սպառնալիքները վաղուց արդեն սովորական երեւույթ են դարձել։ Վերջապես՝ ամենաբնութագրական տարրերից մեկը. ընդդիմադիրները տագնապ են հնչեցնում, որ իշխանությունները բացեիբաց համագործակցում են քրեական տարրերի հետ, այդ համագործակցության սլաքը, բնականաբար, ուղղելով ընդդիմության դեմ։ Այս օրերին պաշտոնական Բաքվին ամենատարբեր ուղերձներ եւ հորդորներ են հղում միջազգային կազմակերպությունները, առաջարկելով զսպվածություն դրսեւորել ընդդիմության հետ հարաբերություններում։ Նույնատիպ կոչերով են հանդես գալիս նաեւ տեղի իրավապաշտպան միությունները։ Դրանցից մեկի բովանդակությունը ցավեցնելու աստիճան ծանոթ է. ուժային նախարարությունների միջին սպայական անձնակազմին կոչ է արվում չենթարկվել իշխանությունների անօրինական հրամաններին եւ լինել ժողովրդի կողքին։ Թերեւս սահմանափակվենք կրկնվող տարրերի այս թվարկմամբ եւ ուշադրություն հրավիրենք մի տարբերիչ հանգամանքի վրա։ Ադրբեջանի իշխանությունների վարքագծին գումարվում է նաեւ երկրի ղեկավարի բացակայությամբ պայմանավորված շփոթմունքը։ Մի բան, որն ավելի անկանխատեսելի է դարձնում նրանց գործողությունները եւ որը չկար Հայաստանի պարագայում։ Ինչեւէ, այս ամենի լույսի ներքո դժվար է հավատալ, թե Բաքվում կանսան եվրոպական կառույցների վերջին հորդորներին։ «Մեդիամաքս» գործակալության հաղորդմամբ, ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը, ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, հույս է հայտնել, թե «Ադրբեջանն ու Վրաստանը դասեր կքաղեն այն բանից, որ Հայաստանում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին»։ Իսկ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ստեֆան Մինիքեսն իր հերթին հույս ունի, որ ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի համատեղ ջանքերը թույլ կտան Ադրբեջանում եւ Վրաստանում կայանալիք ընտրություններում «խուսափել հայաստանյան ընտրությունները ստվերած խախտումների կրկնությունից»։ Անուղղելի լավատեսություն։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել