Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԴԱՏԱՐԱՆ»

Օգոստոս 01,2003 00:00

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԴԱՏԱՐԱՆ» Առաջարկում է ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը Երեկ խնդրեցինք հնարավոր աշնանային զարգացումների մասին իր կարծիքը հայտնել «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանին։ Վերջինս ասաց, որ աշնան որակները պայմանավորված կլինեն մի քանի «եթե»-ներով՝ «Եթե մեր ընտրություններն այնպես են անցել, որ ենթադրվում է թեժ աշուն, ուրեմն պետք է լինի թեժ աշուն։ Եթե մեր ընտրություններն ու մեր կյանքն այնպես են անցել, որ բոլորս բավարարված ենք եւ բոլորս ճանաչում ենք այդ ընտրության արդյունքները, ուրեմն՝ բնական է, ավելի խաղաղ վիճակ կլինի»։ Ըստ Աղասի Արշակյանի՝ հասարակության մեջ առկա դժգոհություններն առանձին շերտերի մոտ հասել են «պաթոլոգիական ատելության, զզվանքի, խորը հիասթափության», եւ նա դա բնական է համարում։ Այս պարագայում՝ բնական հակազդեցությունն անխուսափելի է. «եթե այդ հակազդեցությունն ուղիղ գծով ազդի, ուրեմն ավելի թեժ կլինի աշունը, եթե բեկվի, ուրեմն՝ պակաս թեժ կլինի»։ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» հնարավոր համագործակցության հարցին պատասխանելով, պրն Արշակյանը նկատեց, որ խիստ կարեւոր է ունենալ քաղաքական վեճերի դատարան. «մոտ երկու տարի է, եկել եմ այն համոզման, որ Հայաստանում բոլոր ոլորտներում աննորմալ փոխհարաբերություններին վերջ դնելու համար պակասում է քաղաքական վեճերի դատարանը։ Սա է այն ջրբաժանը, որից հետո հնարավոր կլինի բոլոր կարգի ճշմարտություններին հասնել եւ մեր երկրում կարգ ու կանոն հաստատել։ Մենք տասնամյակներ շարունակ ականատես ենք եղել դաշնակցական եւ կոմունիստական վեճերին, թվում է, այդ երկու կուսակցությունների միջեւ վեճն անվերջ է։ Օրինակ, եթե ես տնօրինեի այդ հարցը, ես կառաջարկեի ստեղծել քաղաքական վեճերի դատարանը, որի շնորհիվ կպարզվեր, թե ո՞ր մասով է «Արդարությունը» սխալ եւ ո՞ր մասով է «Ազգային միաբանությունը» սխալ։ Այս երկու քաղաքական ուժերի ընդհանրություններն անհամեմատ շատ կլինեին, թե հնարավոր լիներ այդ դատարանի միջոցով հարցերը պարզել։ Իսկ ես վստահաբար կարող եմ ասել, որ տարաձայնությունների մասով «ԱՄ»-ն է ճիշտ եւ ոչ թե «Արդարություն» դաշինքը։ Ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որ «ԱՄ» եմ ներկայացնում, այլ կուզեի այդ տեղը լիներ, որպեսզի գնայի-ապացուցեի, որ մենք ենք ճիշտ»։ Պրն Արշակյանը քաղաքական վեճերի դատարանի մտքին հանգել է իր ասելով՝ «երկար տառապանքների արդյունքում, վերջիվերջո «Արդարության» եւ «ԱՄ»-ի կռիվը թուրքի ու հայի կռիվ չէ, ընդդիմության եւ Քոչարյանի կռիվը հայի ու թուրքի կռիվ չէ։ Քոչարյանն էլ հայ է, ընդդիմությունն էլ հայկական ուժեր են, ինչո՞ւ մենք չկարողանանք միաբանվել, ո՞րն է այդ ճանապարհը՝ իրոք միաբանվելու»։ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ԵԽ մանդատներից զրկելու հավանականության մասին հարցը հասկանում էինք, որ պրն Աղասի Արշակյանին ուղղելն այնքան էլ տեղին չէ, քանի որ վերջինս «Ռուսաստան-Բելառուս» միության ջատագովն է, այնուամենայնիվ, հարցն ուղղված է, իսկ պատասխանը սպառելի. «Ախր էդ հարցը երեւի բոլորին կարելի է տալ, բացի ինձանից։ Ես մինչեւ այսօր էլ փաստացի մնում եմ այն միակ պատգամավորը, որն այդ կառույցներին անդամակցելու ԱԺ որոշմանը կողմ չքվեարկեց։ Ես գիտեի, որ այսպես է լինելու։ Այն մարդիկ, ովքեր իրենց կոտորելով Հայաստանը տանում էին Եվրախորհուրդ, մի քանի ամիս հետո սկսեցին նույնպիսի ոգեւորությամբ դրա դեմ խոսել։ Որովհետեւ, պարզվեց, որ պիտի մահապատիժը վերանա, պարզվեց, որ դա «27»-ի գործով կարող է ազդեցություն ունենալ։ Կարծում եմ, հերթական անգամ կրկնվում է մահակի եւ բլիթի քաղաքականությունը։ Ինձ համար էսքան էլ (ցույց է տալիս բութ մատի եւ ցուցամատի շփումով մի գործողություն.- Մ. Ե.) հետաքրքրություն չի ներկայացնում ԵԽ-ին մեր անդամակցությունը։ Թեեւ, եթե արդեն քվեարկել ենք, պետք է տեր կանգնենք մեր քվեարկություններին, եթե ղալաթն արել ենք, մահապատիժն էլ պետք է վերացնենք, մյուս պարտավորություններն էլ պիտի կատարենք։ Հակառակ դեպքում կհայտնվենք ծիծաղելի դրության մեջ։ Կամ էլ պետք է ԱԺ-ն միաձայն վերացնի ԵԽ-ին անդամակցելու մեր որոշումը»։ Ըստ Աղասի Արշակյանի, ոչ մի լուրջ բան չի լինի, պարզապես «մեր քթից բռնած մի քիչ թափ կտան», «մեր կախյալ նախագահին ավելի կախյալ կդարձնեն եւ դրանով կբավարարվեն»։ ԱԺ պատգամավորը վստահ է, որ առաջիկա 10-15 տարվա ընթացքում մեր երկիրը միջազգային կառույցներից ոչ մի օգուտ չի ստանա, բացի լրացուցիչ բեռից, լրացուցիչ պարտավորություններից։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել