Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍՏԱԲԻ՞Լ» ԵՆ ԱՐԴՅՈՔ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգոստոս 01,2003 00:00

«ՍՏԱԲԻ՞Լ» ԵՆ ԱՐԴՅՈՔ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը վերջերս մամուլում հրապարակել էր հանրապետությունում 2002-2003թթ կատարված սպանությունների եւ այլ հանցագործությունների վերաբերյալ ցուցանիշներն ու հայտարարել էր, թե «անձի կյանքի դեմ ուղղված հանցագործությունների ցուցանիշը ստաբիլ վիճակում է»: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ կարող է իրավիճակը իսկապե՞ս «ստաբիլ» է նաեւ վերջին աղմկալի սպանությունների առումով, ու թերեւս դրանք այնքան էլ աղմկալի չեն, որքան ներկայացվում է: Մեր այս դիտարկմանն ի պատասխան Վ. Հարությունյանն ասաց. «Թվեր եւ փաստեր բերելու տեսակետից դատախազը եւ դատախազությունը գտնվում են շատ ավելի լավ վիճակում, քանի որ նրանք տիրապետում են դրանց եւ կարող են համեմատությունների մեջ դնել այդ փաստերը: Եվ դրանց համեմատությունից կարող է, ասենք, տպավորություն ստեղծվել, որ իրավապահ մարմինների աշխատանքը դեպի դրական կամ բացասական՝ աճ է տալիս: Բայց զուտ չոր ու սառը թվերով ու փաստերով չպետք է դատողություն անել: Մեր իրականության մեջ ունեցել ենք 90-ական թվականների սկիզբ, երբ Հայաստանում քրեածին իրավիճակը շատ լուրջ էր եւ լարված, այնուհետեւ բավականին երկար ունեցել ենք խաղաղ ու նորմալ ժամանակահատված, որին հաջողվել էր հասնել հենց նույն իրավապահ մարմինների աշխատանքի շնորհիվ: Այսօր էլ ունենք իրավիճակ, երբ օրը ցերեկով փողոցում հրազենով կրակում՝ մարդ են սպանում: Իսկ վերջին աղմկալի սպանություններն այն հանցագործությունները չեն, երբ, ասենք, փեսան զոքանչի հետ վիճել է տանը, ենթադրենք, աղամանը շուռ տալու պատճառով, ու դանակահարել է նրան, կամ, թե որդին հարբած եկել է տուն ու տատիկին է սպանել…Դրանք կենցաղային սպանություններ չեն ու բնական է, որ պետք է հասարակության վրա շոկային ազդեցություն ունենային»: Վերջին սպանություններն, ըստ Վ. Հարությունյանի, կանխամտածված՝ ավտոմատներով զինված, հանցագործություններ են, ու բնական է, որ դրանց մասին պետք է խոսվեր հրապարակայնորեն: «Իսկ չբացահայտվելու դեպքում մամուլն ու հասարակությունը, բնականաբար, պետք է հաշիվ պահանջի այն մարդկանցից, ովքեր կոչված են դա անելու: Եվ զարմանալ, թե ինչու չեն այս սպանությունները ընկալվում այնպես, ինչպես մնացած բոլոր սպանություններն են ընկալվել երբեւէ, ճիշտ չէ իմ կարծիքով»,- նկատեց Վ. Հարությունյանը: Ա. Թամազյանը, կարծես, որպես արդարացում նշել էր, թե վիճակագրական տվյալներով 1991-93թթ. ամեն օր են սպանություններ եղել, ու հիմա մեզ մոտ շատ ավելի լավ վիճակ է: Այս առնչությամբ Վ. Հարությունյանն ասաց. «90-ական թվականներին ես նույնպես Հայաստանում եմ ապրել, ինչպես բոլորը, բայց ես չեմ հիշում, թե ամեն օր սպանություն է եղել: Գուցե իմ ինֆորմացիան այնքան չէ, որ, ասենք, կարող է այդ տարիներին կատարված բոլոր սպանությունները եթե բաժանենք՝ ստացվի մեկ օրում մեկ սպանություն: Բայց ես չեմ հիշում, որ այդքան սարսափելի լիներ Հայաստանում, որ այդքան շատ դիակներ լինեին: Կային սպանություններ 92-93թթ: Պատերազմ էր, մարտական գործողությունների ժամանակ մարդիկ էին զոհվում, ու եթե այդ մարդկանց բերենք-մտցնենք ընդհանուր սպանվածների մեջ՝ գուցե օրը մի 5 սպանություն էլ լիներ: Բայց նշենք, որ այսօրվա դատախազը այն ժամանակ նույնպես դատախազ էր, եւ այսօրվա պետությունը, որը մենք ունենք, ունեինք նաեւ երեկ: Եթե ես ասում եմ, որ պետք է բացահայտվեն այսօրվա սպանությունները, դա դեռ չի նշանակում, որ ես ասում եմ, թե չպետք է բացահայտվեն 90-93թթ. եղած ամենօրյա սպանությունները»: Ըստ Վ. Հարությունյանի, այն որ Ա. Թամազյանը եւ այն տարիներին է եղել դատախազ եւ այսօր, ու իր պաշտոնավարման ընթացքում տեղի են ունենում նման աղմկահարույց սպանություններ, ապա դա խոսում է միայն նրա «պրոֆեսիոնալիզմի» մասին: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել