Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԽՓԱԾ ԳՈԼԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Հուլիս 31,2003 00:00

ՉԽՓԱԾ ԳՈԼԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ Երեկ «Հանրապետական» ստադիոնում Երեւանի «Փյունիկը» հյուրընկալեց Բուլղարիայի չեմպիոն Սոֆիայի ԲԿՄԱ-ին ու պարտվեց 0։2 հաշվով։ Խաղասկիզբը հուսադրող էր «Փյունիկի» երկրպագուների համար։ Մեր տղաները հանդիպումն սկսեցին բավականին բարձր տեմպով ու կարճ ժամանակ անց աննշան տարածքային առավելության հասան։ Դաշտի տերերի գրոհները հատկապես ստացվում էին հարձակման ձախ եզրում, որտեղ ակտիվ էր Աղվան Մկրտչյանը։ Մոտավորապես 9-րդ րոպեին նրա՝ տուգանայինի մատույցներից կատարած սուր փոխանցումը կարող էր գոլի վերածել Պերալտան, բայց վերջինս չհասավ գնդակին։ Մի քանի րոպե անց նույն Աղվան Մկրտչյանը ձախ թեւում ստանալով գնդակը՝ շրջանցեց մրցակցի մի քանի խաղացողի, տեղափոխվեց կենտրոն, բայց հարվածային նպաստավոր դիրք չունենալով, գնդակը հասցեագրեց աջ՝ իր խաղընկեր Լոմբեին։ Թխամորթ փյունիկցին էլ իր հերթին անմիջապես այն ուղարկեց դարպասապահի տուգանային հրապարակ, բայց այս անգամ էլ Սիստեռնային մի քանի սանտիմետր չբավականացրեց եզրափակելու գեղեցիկ գրոհը։ Առաջին խաղակեսի միջնամասում դաշտի կենտրոնական հատվածում կոպիտ խաղալու համար, Լոմբեն պատժվեց դեղին քարտով։ Շվեդ մրցավար Ինգվարսոնի այդ քայլը, ասես, զսպաշապիկի դեր խաղաց մեր ֆուտբոլիստների համար ու նրանց պայքարի ոգին մի փոքր սառեց։ Դրա փոխարեն մրցակիցն ակտիվացավ ու առաջին խաղակեսի մոտավորապես 20-րդ րոպեին, օգտվելով պաշտպանությունում հայտնված Սիստեռնայի կոպիտ սխալից, Տոդոր Յանչեւը բաց արեց խաղի հաշիվը։ Անակնկալ բաց թողած գոլը մի տեսակ թեւաթափ արեց փյունիկցիներին։ Նրանց հետագա գործողությունները խաղադաշտում մի փոքր կորցրին սրությունը։ Մեր տղաներն այլեւս նախկին ոգեւորությամբ չէին աշխատում։ Ավելին, պակասեցին արագ տեղաշարժերը, փոխանցումներում սկսեց մեծ տոկոս կազմել խոտանը։ Խաղի պատկերն էլ փոխվեց։ Հյուրերը արագավազությամբ, գնդակի համար դաշտի բոլոր հատվածներում մինչեւ վերջ պայքարելով շուտով իրենք սկսեցին թելադրել իրենց կամքը։ Բայց 30-րդ րոպեին սեփական տուգանայինի մատույցներում նրանց պաշտպանը կորցրեց գնդակը։ Լեւոն Փաչաջյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Պետրովի դեմ, սակայն զարմանալիորեն չկարողացավ օգտվել հաշիվը հավասարեցնելու 100 տոկոսանոց հնարավորությունից։ Ընդմիջումից 10 րոպե առաջ տուգանայինի խաղարկումից հետո Բիլիբիոյի գլխով կատարած հարվածը մի փոքր շեղ ստացվեց։ Այնուհետեւ ընթացքից գեղեցիկ հարվածով կարող էր աչքի ընկնել Լոմբեն։ Բայց թիմերը հանգստի գնացին 0։1 հաշվով։ Երկրորդ խաղակեսի հենց սկզբում «Փյունիկին» նոր տհաճ անակնկալ էր սպասվում։ Բանակային Գարգորովը մոտ 17 մետրից հարվածեց դարպասին։ Հարվածը հուժկուների շարքից չէր, բայց անվստահ խաղաց Ապուլա Բետեն։ Նա գնդակը բաց թողեց ձեռքից եւ վրա հասած Մակդոնալդ Մուկասին մոտ տարածությունից կրկնապատկեց հաշիվը։ «Փյունիկը» դրությունը փրկելու քիչ ջանքեր չգործադրեց։ 60-րդ րոպեին Լոմբեն ներխուժեց տուգանային հրապարակ ու դարպասը գրավելու լավ հնարավորություն ստացավ։ Բայց հապաղեց ու պաշտպանը գնդակը դուրս հանեց անկյունային։ Երեք րոպե անց խառն իրավիճակում Փաչաջյանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական ձողափայտին ու իջավ դեպի դարպասից ներս։ Թվում էր, թե այն հատել է գիծը, սակայն մրցավարը գոլ չարձանագրեց։ Ընդհանրապես, հանդիպման ընթացքում փյունիկցիները ոչ միայն հաշվի տարբերությունը կրճատելու, այլեւ առաջ անցնելու առնվազն չորս-հինգ նպաստավոր առիթ ստեղծեցին, սակայն մի դեպքում նրանց խանգարում էր նշանառության պակասը, մյուս դեպքում ԲԿՄԱ-ի դարպասապահի վստահ խաղը, երրորդում մարզական բախտը չէր ժպտում։ Ինչեւէ, մեր լավագույն ակումբը սեփական հարկի տակ ցավալի պարտություն կրեց։ Օգոստոսի 6-ին Սոֆիայի «Բլգարսկա ստադիոնում» կայանալու է թիմերի պատասխան հանդիպումը։ Հաջողության հեռանկարները գրեթե զրոյական են։ Բայց ինչպես նախորդ օրը կայացած ասուլիսի ժամանակ ասաց Միհայ Ստոյկիցան, ֆուտբոլն անկանխատեսելի է։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել