Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ՄՆԱՑԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Հուլիս 31,2003 00:00

Ո՞ՒՐ ՄՆԱՑԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ «Ա1+» հեռուստաընկերության պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը ծանոթացել է իրենց մրցակիցների՝ «Երեւան», «TV-5» եւ «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունների մրցութային փաթեթներին: Ուսումնասիրության ընթացքում պարզվել են ուղղակի արտառոց հանգամանքներ: ՀՌԱՀ-ի պաշտպան՝ Ռոբերտ Քոչարյան ՀՀ նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի տեսակետը «Ա1+»-ին եւ «ՆՏ»-ին դարձյալ եթեր չտրամադրելու առնչությամբ, որը մի յուրօրինակ պատասխան էր միջազգային եւ հայաստանյան մի շարք կազմակերպությունների հայտարարություններին. «Արտոնագիր չտրամադրելուն վերաբերող որոշումը կայացվել է մրցույթի արդյունքներով, օրենքով սահմանված կարգով եւ չափանիշերին համապատասխան»: Քննենք, թե իրոք հաշվի առնվե՞լ են օրենքով սահմանված չափանիշները: Չափանիշներից 3-ը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված է, որ արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ պիտի հաշվի առնվի սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը: «Ա1+»-ը խոստացել էր, որ 2003-ին հայրենական արտադրության հաղորդումների ծավալն իր եթերում պետք է կազմեր 65%: Ե՛ւ «TV-5»-ի, ե՛ւ «Երեւանի», ե՛ւ «ԱրմենԱկոբի» պարագայում այդ ցուցանիշը 50% է: 2004-ին հայրենական արտադրության հաղորդումները պետք է կազմեին այդ հեռուստաընկերությունների եթերի 60%-ը, այսինքն՝ դարձյալ ավելի քիչ, քան «Ա1+»-ը խոստանում էր անգամ 2003-ի համար: Իսկ 2004-ին հեռուստաընկերությունը պարտավորվում էր ապահովել 75-90% հայրենական հաղորդումներ: Դառնանք սեփական հաղորդումներին: Դրանց ծավալը 2003-ին «Ա1+»-ի եթերում պիտի կազմեր 85%. ծրագրում թվարկված են 45 հաղորդումներ՝ նաեւ դրանց պարբերականությունը, սցենարական նախնական պլանը, եւ այլ մանրամասներ: «TV-5»-ը խոստացել է 50% սեփական հաղորդումներ, «Երեւանը»՝ 60%, իսկ «ԱրմենԱկոբը» 80%: Այսինքն՝ առավելությունն էլի ակնհայտ է: Օրենքով սահմանված 4 չափորոշիչներից 3-րդը աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունն է: «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանն ուսումնասիրել էր «TV-5»-ի աշխատացուցակը. «Առաջին 4-ը 25-30 տարեկան երիտասարդներ էին, որոնք իբր մրցանակներ են շահել համաշխարհային գրեթե բոլոր մրցույթներում: Բայց փաթեթում չկար այդ պնդումները հավաստող որեւէ փաստաթուղթ: Եվ ընդհանրապես՝ այդ հեռուստաընկերություններից որեւէ մեկը չէր ներկայացրել փաստաթղթեր իր աշխատակազմի վերաբերյալ»: Մինչդեռ «Ա1+»-ը ներկայացրել էր իր բոլոր լրագրողների, նաեւ աշխատակազմի որոշ անդամների կրթության եւ մասնագիտական պատրաստվածության, մրցույթներում հաղթանակած լինելու վերաբերյալ փաստաթղթեր: Ի դեպ, անգամ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը խոստովանեց, որ «Ա1+»-ի աշխատակազմը լավն է եւ մերժումը պատճառաբանեց 4-րդ չափորոշիչով՝ «դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները»: Հարկ է դրանց անդրադառնալ առանձին-առանձին: Տեխնիկա՝ ֆանտաստիկայի սահմանագծին Օ րենքը պահանջում է, որ արտոնագիր ստանալու դիմումը պարունակի տեխնիկական հավաստագիր: «TV-5»-ն իր տեխնիկական միջոցները մատուցել է լուսանկարների միջոցով: «Նույնիսկ հնարքի էին դիմել եւ նույն մոնտաժային սարքավորումը ներկայացրել 3 տարբեր դիտանկյուններից լուսանկարներով,- պատմեց «Ա1+»-ի պրոդյուսերը:- Հեռուստացույցներ էին դրված, մի վահանակ եւ համակարգիչ: Նույնիսկ մեր «խղճուկ» ստուդիան ավելի հագեցած է տեխնիկապես»: «Ա1+»-ն ուղղակի թվարկել է իր համակարգիչները. «Մենք արդեն իսկ ունենք թվային, ոչ գծային 5 մոնտաժային սարքավորումներ, որոնք ներկայացված են մեր փաթեթում»: Օրենքը նաեւ պահանջում է, որ տվյալներ ներկայացվեն օգտագործվելիք տեխնիկական միջոցների եւ սարքավորումների մասին: «TV-5»-ում, ըստ ամենայնի, այդ պահանջն ընկալվել է խիստ բառացի. «Համակարգչի բոլոր մասերը՝ հատ-հատ, նշել էին փաթեթում՝ ասենք, sound plata եւ մի 4 էջի վրա անգլերեն թվարկել դրա տեխնիկական բնութագրերը: Հետո անցել մյուս պլատային: Նույնիսկ կային պլատաների նկարները: Եվ այդպես՝ բոլոր համակարգիչները»,- ասաց Սուսաննա Օհանջանյանը: «TV-5»-ը փաթեթին է կցել անգամ իր հաղորդակի եւ տեխնիկական մի քանի միջոցների մաքսազերծման փաստաթղթերը: Թերեւս դրանցից տպավորված էլ ՀՌԱՀ-ը որոշեց, թե «TV-5»-ը լավագույնն է: «Երեւան» հեռուստաընկերությունը նույնպես լուսանկարների միջոցով է ներկայացրել իր մոնտաժային սարքավորումները՝ անֆաս, պրոֆիլ կամ խոշոր պլանով: Դրանցից դատելով՝ անգամ մարզային հեռուստաընկերություններն են տեխնիկապես ավելի հագեցած: «Ա1+»-ի պրոդյուսերը պատմեց. «3 էջում մի սովորական «շտատիվի» տեխնիկական բնութագրերն են թվարկել, կցել դրա լուսանկարները՝ դարձյալ տարբեր դիտանկյուններով: Կենցաղային «Ֆիլիպս» ձայնագրիչի դինամիկները նույնպես ներկայացրել են տեխնիկական անձնագրով: Բարձրախոսի տեխնիկական բնութագրիչներն են հանգամանալից շարադրել մի քանի էջում»: Տեխնիկական միջոցների մեջ «Երեւան»-ը նշել է անգամ դիկտաֆոնները, ականջակալները, մալուխները եւ այլն: Ֆիլմադարանը ներկայացված է մի պահարանի լուսանկարի տեսքով, որի երկու դարակներում տնային դիտման համար նախատեսված, եւ ոչ հեղինակային իրավունքով ձեռք բերված ֆիլմեր են: «ԱրմենԱկոբը» մանրամասն ներկայացրել է, թե քանի տեսաերիզ է ձեռք բերել, նշել համակարգչային մի քանի մոնտաժային սարքավորումներ, որոնք, ըստ Սուսաննա Օհանջանյանի՝ «իրենց տեխնիկական չափանիշներով «Ա1+»-ի համակարգչային սարքավորումներից ավելի թույլ են»: Ի դեպ, 2002-ի ապրիլի մրցույթային առաջարկում «Շարմ»-ը ներկայացրել էր, թե ինչ է պատրաստվում ձեռք բերել: «Ա1+»-ը դատարանում վիճարկեց այս հանգամանքը, բայց ՀՌԱՀ-ի ներկայացուցիչները պնդեցին, թե հենց դա է զարգացման ծրագիրը: Այս անգամ էլ «Ա1+»-ը բացի նրանից՝ ինչ արդեն ունի, նաեւ նշել էր, թե ինչ է պատրաստվում ձեռք բերել: Սակայն Գրիգոր Ամալյանը «Հայլուրից հետո» ազդարարեց, թե «Ա1+»-ի ակնկալած ֆինանսական միջոցները բավարար չեն տեխնիկական բազան նորացնելու համար: «Պռտի՜, պռտի՜, պռտուշկի՜ն» երգող ֆինանսներ Նշենք, որ «Ա1+»-ը որպես ներդրումների աղբյուր դիտում է գովազդային գործունեությունից ակնկալվող եկամուտները: Սուսաննա Օհանջանյանի ուսումնասիրությունը վկայում է, որ «Ա1+»-ի մրցակիցների հույսը եւս հիմնականում գովազդներն են: Բացառությունը «TV-5»-ի ներկայացրած երաշխիքային նամակն է «Northern trust»-ի կողմից: Իսկ եկամուտները «TV-5»-ն ակնկալում է «Բուֆե» ՍՊԸ-ից, ժամացույցների «Swatch» խանութից, որը 58 հազար դոլարի գովազդային արշավ է պատվիրելու «TV-5»-ին, «Սիս» հյութերից՝ 65 հազար դոլարի գովազդային արշավով (այս ընկերությունը նախկինում գովազդային արշավներ է պատվիրել նաեւ «Ա1+»-ին) եւ «Իգեա» խանութ-սրահից՝ 65500 դոլարի գովազդներով: Այս ցանկից մի քանիսի տերերի եւ «TV-5»-ի բաժնետերերի նույնականությունն ակնհայտ է: Այսինքն՝ փողը մի գրպանից մյուսն են դնելու: Նույն պատկերն է նաեւ «ԱրմենԱկոբ»-ի պարագայում՝ «Ար ռադիո» միջմայրցամաքային ՍՊԸ-ն 10 հազար դոլարի պատվերներ է տալու, «Մաքրուհի» ՍՊԸ-ն ամիսը 1,5 մլն դրամ է վճարելու, որ եթերում էլի հնչի «Պռտի՜, պռտի՜, պռտուշկի՜ն» հանգերգը: «Արմենգրուպ» ՍՊԸ-ն ամեն ամիս տալու է 800 հազար դրամ՝ գովազդային աշխատանքի դիմաց: «Այդ «Արմենգրուպ» ՍՊԸ-ի փաստաթուղթը ստորագրել էր Ա. Ամիրյանը,- պատմեց Սուսաննա Օհանջանյանը:- Եվ էլի մի քանի ֆիրմաներ կան, որոնց բոլորի փաստաթղթերը ստորագրել էին «Ամիրյան» ազգանունով մարդիկ: Նրանք ամիսը մի քանի միլիոն դրամի փոխշահավետ գովազդային գործունեության պայմանագրեր էին կնքել «ԱրմենԱկոբի» հետ»: «Երեւան»-ը, որ հարկային ծառայությանը ներկայացել էր իբրեւ 2002-ին վնասով աշխատող ընկերություն՝ մրցութային փաթեթում նշել է, թե իրենց 2 տարվա եկամուտը կազմել է շուրջ 64 մլն դրամ, իսկ նույն ժամանակահատվածի ներդրումները՝ ավելի քան 118 մլն դրամ: Առաջիկա տարիներին եւս «Երեւանն» ակնկալում է ե՛ւ եկամուտ, ե՛ւ ներդրումներ: Աղբյուրները, մասնավորապես, հետեւյալն են՝ «Արմեն» ՕՍՍ բարեգործական ընկերությունը «Երեւանին» 250 հազար դոլար փող է տալու՝ հենց այնպես: Ներդրումներ են անելու «Շանթ» ընկերությունը եւ «Մավա իմպուլսը»՝ երկուսն էլ գովազդային համագործակցության դիմաց: «Ա1+»-ն իր փաթեթում ներկայացրել է 12 պայմանագրեր փոխշահավետ համագործակցության մասին, սակայն չնշելով գումարները: Հիշեցնենք, որ «Շարմի» պարագայում նույնպես այդ գումարները նշված չէին, եւ դատարանի որոշման համաձայն՝ նման փաստաթղթերը համարվում են «տեղեկանք՝ հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին», որ պահանջվում է ներկայացնել օրենքով: «Մենք եթերում չենք եւ չենք կարող պայմանագրեր կնքել գովազդային արշավի մասին: Ուստի միայն փոխշահավետ գովազդային համագործակցության մասին համաձայնագրեր ենք դրել փաթեթում: Եվ եթե գովազդի նվազագույն գներով էլ իրականացնեինք այդ պայմանագրերը՝ էլի կկատարեինք մեր ծրագրում ամրագրված ե՛ւ ֆինանսական, ե՛ւ տեխնիկական նորացման խոստումները»,- ասաց «Ա1+»-ի պրոդյուսերը: Ապօրինի չափանիշներ Հետաքրքիր գործելակերպ է ընտրել ՀՌԱՀ-ը: Նրա ղեկավարները պնդում են, թե ծրագրերի բովանդակային քննարկում չեն անում, մյուս կողմից էլ՝ պարտավորեցնում են մրցութային առաջարկում ներկայացնել ծրագրային քաղաքականությունը: Ահա եւ «TV-5»-ը որպես ծրագրային քաղաքականություն է մատուցել «Տեսություն հեռուստատեսության մասին» բաժինը: Մրցութային առաջարկը ներկայացնելիս հեռուստաընկերության ներկայացուցիչներն ազդարարեցին, թե համագործակցելու են «Ասոշիեյթիդ փրես»-ի հետ, ֆիլմեր գնելու «Discovery»-ից, սակայն փաթեթում չկան ոչ միայն այս ընկերությունների, այլ անգամ MTV-ի հետ պայմանագիր, որի հաղորդումներն էլ հիմնականում վերահեռարձակում է «TV-5»-ը: Ամփոփենք՝ կարծում ենք, ակնհայտ է, որ «օրենքով սահմանված կարգով եւ չափանիշերին համապատասխան» որոշումներ կայացնելու մասին խոսք անգամ լինել չի կարող: «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը նշեց. «Այս ամենից բխում է, որ կա՛մ Ազգային հանձնաժողովն է բացարձակ անգրագետ, կա՛մ էլ սա քաղաքական որոշում է: Իսկ սա միանշանա՛կ քաղաքական որոշում է, ինչքան էլ Ամալյանը կամ խոսնակները պատեպատ խփվեն՝ փորձելով ապացուցել հակառակը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, «Ա1+»-ի ներկայացուցիչը հայտնաբերել է նաեւ ապացույցներ, որոնք վկայում են, թե 2002-ին ՀՌԱՀ-ին տրված այդ փաթեթները ներքին կարգով վերադարձված են եղել: Ասենք, առաջարկներից մեկի էջերն ավելացված են, որի վերաբերյալ մատիտով նշումներ կան: Բացի այդ՝ «Երեւանի» փաթեթին կցված է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի շնորհակալագիրը լավ աշխատանքի համար, որը թվագրված է 2003, բայց գրիչով դարձրել են 2002:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել