Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 31,2003 00:00

Պայքար՝ գնահատականը չբարձրացնելու համար Գերմաներեն լեզվի նախորդ գրավոր քննության ժամանակ հանկարծ պարզվել է, որ դահլիճում նստած դիմորդների թիվն ավելին է, քան հարցաթերթիկներինը: Եվ հենց քննության ժամանակ հանձնաժողովի անդամներն սկսել են կազմակերպել անհրաժեշտ թվով թերթիկների պատճենահանումը՝ ավելորդ լարվածություն մտցնելով դիմորդների շրջանում: «Հարցաթերթիկների ծրարները մեկ ամիս առաջ կազմվում ու փակվում են՝ տրադիցիոն, դիմորդների թվի միջինի չափով (՞՞)»,- բացատրում է Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաղարշակ Խաչատրյանը եւ պնդում, որ տեխնիկական թերությունները դիմորդների ժամանակը չեն խլել, որովհետեւ քննությանը հատկացված ժամանակը հաշվել են պակաս քննաթերթիկները լրացնելուց հետո միայն: Այսուհանդերձ, ծնող Համազասպ Սարգսյանը պնդում է, որ իր դուստրն այդ տեխնիկական խնդիրների պատճառով չի հասցրել սեւագրությունից արտագրել իր գրավորի մի մասը: Եվ քանի որ այս տարի որոշվել է գրավորներում հաշվի չառնել սեւագիր մասը, դիմորդն իր 6 միավորը կորցրել է սեւագիր հատվածի մեջ: Դիմորդի խնդրանքը՝ ավելացնել եւս մի քանի րոպե, որպեսզի հասցնի արտագրել գրածը, հանձնաժողովը մերժել է: Ծնողին մնում էր երեխայի ճակատագրական միավորների համար պայքարել՝ ինչ գնով էլ լինի: Եվ շրջայցերի ժամանակ Հ. Սարգսյանը երկու անգամ մոտենում է Կրթության եւ գիտության նախարարին ու պատմում կատարվածը: Նախարարն էլ կրկնակի անգամ խոստանում է զգուշացնել համապատասխան մարդկանց, որպեսզի բողոքարկման ժամանակ, իբրեւ բացառություն, հաշվի առնեն այդ գրավորի սեւագիր մասը: Սակայն նախարարն այդպես էլ առարկայական հանձնաժողովին այս հարցով չի դիմել: Իսկ հանձնաժողովի անդամները ծնողին հայտնել են, որ եթե լիներ նախարարի հանձնարարականը՝ սեւագիրը հաշվի առնելու մասին, իրենք կարող էին գրավորի գնահատականը բարձրացնել՝ մինչեւ 5-6 միավորով: Վերջին փաստը հաստատեցին նաեւ Տնտեսագիտական ինստիտուտի (որտեղ եւ տեղի է ունեցել եւ՛ գերմաներենի քննությունը, եւ՛ հանձնաժողովի անդամների մտահոգությունները՝ ծնողին) ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ու նրա տեղակալը, որոնք ներկա են եղել քննարկումներին: Ավելացնենք, որ կրկնակի բողոքարկման ժամանակ ԿԳ նախարարության «անկախ» փորձագետը դիմորդին նշանակած 11 միավորն էլ է կասկածի տակ առել: Եվ թեպետ Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ, ԿԳ նախարար Սերգո Երիցյանն ասում էր, թե արգելել է բողոքարկման արդյունքում գնահատական իջեցնել, որպեսզի բողոքարկողները չկաշկանդվեն, այնուամենայնիվ, փորձագետը 0,6 միավոր իջեցրել է եւ ճիշտ այդքան բարձրացրել՝ իբր սեւագիր հատվածի համար: Այսինքն՝ հավանաբար սեւագիրը նայելու հանձնարարական ունեցել է, բայց ամեն ինչ արել է, որ գնահատականը մնա անփոփոխ: Ստացվում է, որ «անկախ» փորձագետի առաքելությունն այն է, որ, ինչ գնով էլ լինի, պայքարել գնահատականն անփոփոխ թողնելու համար: Այսօր գերմաներենի գրավոր քննություն կա, եւ բողոքարկող ծնողը հույս ունի, որ ԿԳ նախարարի հանձնարարականը գոնե այսօր հասած կլինի առարկայական հանձնաժողովին, եւ վերջինս էլ հարցը կլուծի հօգուտ դիմորդի, ինչպես խոստանում էին ընդունելության քննությունների պատասխանատուները: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Երբ նյութն արդեն պատրաստ էր տպագրության, բողոքարկող ծնողը մեզ հայտնեց, որ նորից հանդիպել է նախարարին: Վերջինս ասել է, որ չի կարող խոստումն ի կատար ածել, որովհետեւ այդ դեպքում շղթայական ռեակցիա տեղի կունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել