Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՒԽՈՎ ՏՂԱՅԻ» ՑՈՒՑՄՈՒՆՔԸ

Հուլիս 31,2003 00:00

«ԴՈՒԽՈՎ ՏՂԱՅԻ» ՑՈՒՑՄՈՒՆՔԸ «Հոկտեմբերի 27-ի» գործով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էր ներկայացել Արկադի Զաքարյանը, որը եղել է զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանի թիկնապահը։ Նա եղել է Ազգային անվտանգության վարչությունից եւ ոճրագործությունից հետո դարձյալ մնացել է նույն թիկնազորում, այս անգամ սպասարկել Արամ Սարգսյանին։ Նա վերապատրաստվել էր նաեւ ՆԱՏՕ-ի հետախուզական դպրոցում, իսկ նախաքննության ժամանակ պարզվել է, որ մասնագիտական անհամապատասխանության պատճառով զորացրվել է։ Ըստ այս վկայի, իրեն չէին բացատրել թիկնապահի իր պարտականությունները, պարզապես գիտակցել է, որ պաշտպանում է պաշտոնատար անձի կամ «պաշտպանական օբյեկտին»։ Դատաքննության ժամանակ, վկան հայտնեց, որ ԱԺ հարցուպատասխանի օրը իրենք բավականին ուշացումով հայտնվել են ԱԺ-ում եւ բակում սպասել են մինչեւ վարչապետը մտել է ԱԺ շենք։ Մեքենայի ռադիոյից էլ լսել են կրակոցների ձայներ, մտել են շենք, սակայն իրենց զգուշացրել են, թե շենքում կրակում են։ Ազգային անվտանգության աշխատակիցը դահլիճի տեղը, իր պնդմամբ, չգիտեր, եւ որ դահլիճից դուրս եկած առողջապահության նախկին նախարար Հայկ Նիկողոսյանից իմացել են, որ առաջինը սպանվել է Վազգեն Սարգսյանը։ Այս վկային հարցաքննեց զինդատախազության դատախազ, մեղադրող Անահիտ Եղիազարյանը, որի հարցաքննության ժամանակ պարզվեց, որ վկան ոչ միայն մտել է նիստերի դահլիճ, այլեւ նույնիսկ օգտագործել իր մոտ եղած ինքնաձիգը։ «Նախաքննության ժամանակ ասել եք, որ դահլիճ եք մտել»,- հրապարակեց մեղադրողը, ինչին ի պատասխան՝ վկան պնդեց, որ դահլիճ չի մտել։ Երբ մեղադրողը փորձեց ճշտել պատճառը, նա ասաց. «Ասում էին չմտնեք, վտանգավոր իրավիճակ կլինի»։ Մեղադրողի համառության արդյունքում՝ «մտե՞լ եք, թե՞ ոչ», վկան երկար մտածելուց հետո դրական պատասխանեց։ Հենց այստեղից էլ սկսվեց մի քանի հետաքրքիր դրվագների հրապարակումը։ Նա ասաց, որ տեսել է անձրեւանոցով ահաբեկչին, որը ինքնաձիգը պահել էր Անդրանիկ Մանուկյանի վրա։ Երկրորդ նորությունը (դատակոչված 91 տուժողներից եւ 13 վկաներից ոչ ոք այդ մասին չի ասել) այն էր, որ վկան հայտնեց, թե իրեն սպառնացին, որ վարչապետին կսպանեն, եթե դուրս չգա։ Թիկնապահը ոչ միայն մտել էր նիստերի դահլիճ, այլ նաեւ նախազգուշական կրակոցներ էր արձակել ցուցավահանակի վրա։ Մեղադրողին հետաքրքրում էր նաեւ ամբաստանյալների ցուցմունքների այն պահը, որ նրանք հայտարարել էին դատարանում, թե սպանվածներ եղել են փոխհրաձգության պատճառով։ Վկա Ա. Զաքարյանը հայտնեց, որ ոչ մի փոխհրաձգություն չի եղել։ Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օ. Յունոշեւին հետաքրքրում էր, թե արդյոք մինչ այդ վտանգ չէ՞ր սպառնում Վ. Սարգսյանին, վկան պատասխանեց. «Այդպիսի շշուկներ չի եղել։ ԱԺ-ն մտքներովս չէր անցնի։ Դրսում սպանելը հեշտ էր, որովհետեւ Վ. Սարգսյանը ազատ ման եկող էր։ ԱԺ-ում ամենավատ տարբերակն էր։ Պարզապես ծրագրերը ճիշտ էին մշակված»։ Հարցադրումների ընթացքում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը ժպտում էր։ Երբ մեղադրանքի կողմը ավարտեց իր հարցաքննությունը, վկան հայտարարեց, որ ամբաստանյալների հարցերին չի պատասխանի։ Սակայն ոչ միայն պատասխանեց, այլեւ հաճախ բարձրացնում էր իր ձայնը, ինչը վկայում էր, որ վկան դյուրաբորբոք է։ Սակայն այս դեպքում տարօրինակ էր, որ այդպիսի հատկանիշ ունեցողը, լսելով կրակոցները, անմիջապես չի բարձրացել ԱԺ նիստերի դահլիճ, այլ, ինչպես ինքը խոստովանեց՝ դա արեց կրակոցներից 15-20 րոպե անց միայն։ Մի ուշագրավ հայտարարություն էլ արեց վկան, թե մտնելով դահլիճ՝ տեսել է լրագրողների։ Եվ, իհարկե, ամբաստանյալի այն հարցին, թե դահլիճ մտնելու պահին մարդ կա՞ր կարմիր նախասրահում, վկան պատասխանեց. «Չկար։ Եթե ես իմանայի առաջին պահին, որ Վազգենը սպանված է, դու կենդանի չէիր մնա։ Քեզանից էլ պակաս դուխով տղա չեմ»։ Ամբաստանյալին հետաքրքրում էր, թե ինքնաձիգով մտնելով դահլիճ, քանի՞ փամփուշտ է կրակել (փամփուշտները եղել են մարտական)։ Որքան էլ տարօրինակ է, Ազգային անվտանգության վարչության աշխատակիցը չկարողացավ պատասխանել։ Վկան պնդեց նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքը եւ որոշ հարցերի չպատասխանելը բացատրեց դեպքից 4 տարի անցնելու հանգամանքով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել