ՇԱՀՈՒՄ ԵՆ ԲՈԼՈ՞ՐԸ Վիճակախաղերի շուկայում փորձ է արվում մենաշնորհներ ստեղծել Մեզ հասած տեղեկություններով, արդեն վաղուց գործող լոտոներն այնքան էլ ջերմությամբ չեն ընդունում վիճակախաղերի շուկայում հաստատվելու փորձեր անող նորեկներին։ Այս տեղեկությունն առիթ դարձավ՝ հետաքրքրվելու, թե ինչ է կատարվում այսօր վիճակախաղերի շուկայում, արդյո՞ք մի որոշ ժամանակից նորից շատացող լոտոները իրենց հետեւից չեն թողնի «խաբված ավանդատուների» իրենց բանակը։ Իսկ այդպես արդեն մեկ անգամ եղել է՝ երեք տարի առաջ, երբ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ տեղի ունեցան։ Ըստ այդ փոփոխությունների, յուրաքանչյուր խաղ, ի թիվս այլ հարկերի, պարտավոր է տարեկան 25 մլն դրամ վճարել գործունեության լիցենզիայի համար։ Հենց այս չարաբաստիկ 25 մլն-ն էր հիմնականում պատճառը, որ այդ ժամանակ գործող 23 լոտոներից (գործունեության լիցենզիա ունեին 30-ից ավելին) «վերապրեցին» միայն երկուսը, որոնք եւ առայսօր գործում են։ Իսկ այդ խաղերի բազմաթիվ մասնակիցներ չստացան իրենց շահումները։ Այսօր շատ ակտիվ գովազդվում է (մի քանի խաղարկություն էլ արդեն տեղի է ունեցել) «Քենո» խաղը, որն անցկացնում է «Լոտո-էքսպրես» ՍՊԸ-ն։ Մեր տեղեկություններով, «Քենոն» մի շարք խախտումներ է կատարում՝ սկսած այն բանից, որ իրավունք չունի առանց պատենտավորման օգտագործել «Քենո» անունը։ «Լոտո-էքսպրեսի» տնօրեն Հակոբ Բարսեղյանն ասաց. «Դա պատենտավորված խաղ չէ։ Պարզապես խաղ է, ինչպես լոտոն, բինգոն»։ Պրն Բարսեղյանի հավաստմամբ, իրենք արտոնագրային վարչությունում հաստատել են իրենց լոգոն եւ անունը։ Իսկ որ խաղը պատենտավորման ենթակա չէ, իրենք ճշտել են Մոսկվայում գտնվող լոտոների ասոցիացիայից։ «Քենոն» այստեղ գործելու ժամանակավոր թույլտվություն ունի, վերջնականը ստանալու համար չորս ամիս է պահանջվում։ Հ. Բարսեղյանն ասաց, որ, իհարկե, ուրիշն էլ կարող է շուկա մտնել նույն՝ «Քենո» անունով, սակայն չօգտագործել իրենց լոգոն։ Մեր աղբյուրների համաձայն, բավական է խաղում կամ դրա անվան մեջ փոխել մեկ հայտանիշ եւ արդեն պատենտավորման խնդիր չի առաջանա։ Իսկ հայաստանյան «Քենո» խաղի կանոնների մեջ հանրահայտ «Քենո»-ի մեկ հայտանիշ փոխվել է ։ Իր տեսակի մեջ նորություններ է առաջարկում «Խաղային տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն՝ իր «Սուպեր բլոտ» եւ «Փարավոն» խաղերով։ Ի տարբերություն գործող լոտոների, որոնք լոտոյից բացի նաեւ ակնթարթային շահում են առաջարկում, «Խաղային տեխնոլոգիաների» փոխտնօրեն Դավիթ Իսախանյանից տեղեկացանք, որ իրենք հրաժարվել են մեզանում դասական դարձած լոտոյի գաղափարից, առաջարկում են ակնթարթային խաղ։ Ի՞նչ արած՝ բազմազանություն է, որ կարող է դրական իմաստով սրել մրցակցությունը շուկայում։ Մեր դիտարկումներով, ակնթարթային խաղ առաջարկելու տեսանկյունից սա դեռեւս միակ ընկերությունն է։ Պրն Իսախանյանը հավաստիացնում է, որ մեկ ամսվա ընթացքում իրենք ներդրել են երեք տեսակի վիճակախաղ։ Ինչ վերաբերում է նորերի նկատմամբ շուկայի հնաբնակների ճնշումներին, երբ տոմս իրացնողներին արգելվում է վաճառել «Քենոյի», «Փարավոնի» եւ «Սուպեր բլոտի» տոմսեր։ «Ճնշումներ չեն գործադրվում։ Կա նման երեւույթ, բայց ես դա ճնշում չէի բնութագրի»,- ասաց «Ընտանեկան լոտոյի» հաղորդավար Հակոբ Ռուբինյանը, որը խաղի ղեկավարների կողմից լիազորված էր պատասխանելու մեր հարցերին։ Նա հայտնեց, որ երեք տարի առաջ «վերապրած» երկու վիճակախաղերով են ստեղծել այն մասնավոր ցանցը, որով, բացի վաղուց գործող եւ ավանդաբար պետական համարվողներից (Հայփոստ, Հայմամուլ), իրացվում են իրենց երկուսի տոմսերը։ «Այլ կերպ ասած, դա այս երկու կազմակերպությունների կողմից ձեւավորված իրացման ցանցն է եւ լավ չեմ հասկանում, թե ինչու մեր ստեղծած ցանցում պիտի որեւէ մեկը գա, իր ապրանքը հանի վաճառքի եւ օգտվի ուրիշների ստեղծած մասնավոր ցանցից»,- ասաց Հ. Ռուբինյանը։ Իսկ ահա, «Բարի լոտոյի» գրասենյակում, ի դեպ, պահպանելով խորհրդավորության բոլոր ատրիբուտները՝ չձայնագրել, անուններ չնշել, մեզ ասացին լրիվ ուրիշ բան։ Մասնավորապես. «Տարածման ցանցը այս չորս տարվա ընթացքում ստեղծել է «Բարի լոտոն»։ Այն տարիների ընթացքում զտվել, հստակվել է։ Կան բրոքերներ, որ մեզ մոտ էլ են աշխատում, նրանց («Ընտանեկան լոտոյի»- Ա. Գ.) մոտ էլ»։ Իսկ մեր աղբյուրներն ասում են, որ այսօր գործող այդ ցանցի հետ առնչություն չունեն ոչ «Բարի», ոչ էլ «Ընտանեկան» լոտոները։ Առաջին հեռուստալոտոյի՝ «TV լոտոյի» ստեղծմամբ 1994-ին, խորհրդային ժամանակ տոմսեր տարածող շրջիկ անհատները հավաքվել են «TV լոտոյի» կազմակերպիչ «Էդի» ՍՊԸ-ի շուրջ, որը եւ ստեղծել է անհատ տարածողների ցանց։ Այն ամրապնդել են 1995-ին շուկա մտած «Խոշոր շահումը», 1999-ի մայիսից՝ «Բարի լոտոն»։ «Ընտանեկանն» այս ցանցից օգտվել սկսել է 1999-ի հոկտեմբերից։ Որքան էլ իրարամերժ լինեն այս ցանցի ստեղծման մասին պատմությունները, մի բան ակնհայտ է. գործող խաղերը փորձում են մենաշնորհ դարձնել վիճակախաղերի շուկան: Իսկ այդ դեպքում ծագում են հետեւյալ մտահոգությունները. յուրաքանչյուր նոր կազմակերպություն աշխատատեղ եւ հետեւաբար բյուջե մուտքեր է ապահովում, բազմազանությունը ցանկացած շուկայում ապահովում է ապրանքների որակի բարելավում եւ վաղուց ժամանակն էր թարմացնելու վիճակախաղերի տեսականին: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ