Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ բանակցելս որն է

Հուլիս 31,2003 00:00

Էլ բանակցելս որն է Ճանաչեք ԼՂՀ անկախությունը եւ՝ վերջ Չնայած անտանելի շոգի հարուցած օբյեկտիվ դժվարություններին, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի դադարում դիվանագիտական մտքի փայլուն նմուշներ մատուցելուց։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 10-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտում ընթացող տոնակատարության շրջանակներում Վ. Օսկանյանը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փաստացի անկախ պետություն է եւ այստեղ ընթացող պետական շինարարության գործընթացներն անշրջելի բնույթ են ձեռք բերել»։ Թվում է, թե ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի այսպիսի միանշանակ եւ հրապարակային հայտարարությունից հետո այլեւս անիմաստ պետք է լիներ ինչ-որ բանակցությունների եւ փոխզիջումների մասին խոսելը։ Բայց դա միայն թվում է։ Անմիջապես հաջորդ դրվագում Օսկանյանը վստահեցնում է, թե «Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը փակուղի չի մտել, այլ պարզապես ընդհատվել է օբյեկտիվ պատճառներով»։ Այս միտքն, իհարկե, կարող էր ընկալվել իբրեւ ինքնաքննադատման ազնիվ արտահայտություն, քանզի խոսուն է բուն փաստը, որ ՀՀ արտգործնախարարը պաշտոնապես մեկնում է առնվազն միջնորդ երկրների կողմից վիճելի համարվող տարածք եւ նման հայտարարություններ է անում։ Սակայն Օսկանյանն այլ բան նկատի ունի՝ Ադրբեջանում նախընտրական իրադրությունն ու նախագահ Հեյդար Ալիեւի առողջական վիճակը։ Համաձայնենք՝ ցնցող տրամաբանություն է։ Ստացվում է, որ եթե Ադրբեջանում նախընտրական շրջան չլիներ, իսկ Ալիեւը առողջ լիներ, ապա նույն պահին բանակցությունները պետք է վերսկսվեին եւ առաջին բանը, որ Օսկանյանը կասեր այդ բանակցությունների ժամանակ, կլիներ Ղարաբաղի՝ փաստացի անկախ պետություն լինելու մասին միտքը։ Թերեւս կռահեցիք, որ այդ ժամանակ բոլոր հարցերն ակնթարթորեն կլուծվեին եւ կողմերը վերջապես ազատ շունչ կքաշեին երկարամյա հակամարտությունից հետո։ Իրականությունը, սակայն, փոքր ինչ այլ է։ ՀՀ արտգործնախարարի ղարաբաղյան ելույթները, պարզվում է, Բաքվում այնքան էլ հիացմունքով չեն ընդունվել։ Ադրբեջանի ԱԳՆ մամլո կենտրոնի ղեկավար Մեթին Միրզան «սադրիչ» է անվանել Վ. Օսկանյանի հայտարարությունները, մասնավորապես, նշելով, որ ՀՀ իշխանությունների նման վարքագիծը «չեզոքացնում է հակամարտության կարգավորմանն ուղղված՝ միջնորդ երկրների ջանքերը»։ Ի դեպ, մոռացանք նշել Վարդան Օսկանյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած ամենայուրատիպ հայտարարություններից մեկի մասին։ Վերջինս ասել է. «Հասունացել է դե ֆակտո իրավիճակից ԼՂՀ միջազգային ճանաչմանն անցնելու անհրաժեշտությունը»։ Ակնհայտ է մի բան. եթե այդ հասունացումն առաջինը նկատել եւ այդ մասին բարձրաձայնել է Վարդան Օսկանյանը, ապա հենց Հայաստանն էլ, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պետք է առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հակառակ դեպքում ՀՀ արտգործնախարարի սույն միտքը ձեռք է բերում ընդամենը բարի ցանկության կարգավիճակ, որը, սակայն, պետք է արտահայտվեր այլ անձի կողմից եւ այլ տեղում։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել