ԻՍԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ՈՎՔԵ՞Ր ԵՆ Հայտնի է, որ ԵԱՀԿ-ն եւ Եվրախորհուրդը նախատեսում են աշնանն անցկացնել աշխատանքային հանդիպում, որտեղ անդրադառնալու են մասնավորապես Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների նշանակման, անկախության եւ արհեստավարժության հարցերին: Մանավանդ վերջին հարցն առանձնակի խնդրահարույց է՝ այս պայմաններում, երբ այդ հանձնաժողովի անդամներից գրեթե եւ ոչ մեկը կապ չունի ո՛չ հեռուստատեսության, ո՛չ ռադիոյի հետ: Նշենք, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 41 հոդվածի համաձայն՝ Ազգային հանձնաժողովի անդամ կարող են լինել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն «լրագրության, հեռուստատեսության եւ ռադիոյի, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության եւ իրավագիտության բնագավառներում երկարատեւ աշխատանքային փորձ»: Որքան տեղյակ ենք՝ այս ոլորտներից եւ ոչ մեկում նման փորձ չունի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը: Հարցական է ընդհանրապես նրա իրազեկությունն իր ղեկավարած ոլորտին. որոշ տեղեկություններ կան, թե պոլիտեխնիկական կրթությանը զուգահեռ՝ նաեւ հասարակական գիտությունների ֆակուլտետի (նախկին «ՖՕՊ»-ի) ինչ-որ բաժին է ավարտել, որը որոշ առնչություն ունի այս ոլորտին: Հանձնաժողովի փոխնախագահը՝ Շամիրամ Աղաբեկյանը, իհարկե, ռուսալեզու թերթերում աշխատանքի երկարատեւ փորձ ունի: Ի դեպ՝ օրենքի պահանջն է, որ հանձնաժողովի անդամը տիրապետի հայոց լեզվին: Սակայն Շամիրամ Աղաբեկյանը եւս որեւէ առնչություն չի ունեցել հեռուստալրագրությանը: Մուշեղ Հովսեփյանն այս ոլորտի միայն տեսաբան մասնագետ է: Վահագն Ավագյանն իրավաբան է, որի որպես փաստաբան բեմելը՝ «Դրո» գործով Արսեն Արծրունուն պաշտպանելն էր: Արթուր Անդրեասյանը միայն հաճախությունների մասնագետ է: Աշոտ Զալինյանը՝ հայաստանյան «Բի-լայն» ընկերության ներկայացուցիչն է, որը մասնագիտանում է համակարգիչների վաճառքի մեջ: Մի խոսքով՝ հանձնաժողովի միակ անդամը, որը ժամանակին աշխատել է հեռուստատեսությունում՝ Կարինե Խոդիկյանն է, որ ժամանակին վարում էր իր հեղինակային հաղորդումը: Եվ նման կազմով հանձնաժողովը հեռուստաընկերությունների ճակատագրեր է վճռում, որոշում, թե որ մեկի տեխնիկան է ավելի լավը, դատում հարցերի մասին, որից ակնհայտորեն չեն հասկանում գրեթե ոչի՛նչ: Ա. Ի.