Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ ԿԱ

Հուլիս 31,2003 00:00

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ ԿԱ «Հասարակությունը նախապատրաստում է հանցագործությունը, հանցագործն այն իրականացնում է»՝ 19-րդ դարի անգլիացի փիլիսոփայի այդ դրտարկումն այսօր ավելի քան արդիական է: Կա մի հայտնի պատմություն, որին մանկուց ծանոթ ենք բոլորս «Երեք հրացանակիրները» վեպից: Կարդինալ Ռիշելյեն քաղաքական սպանություն է ծրագրում: Նա ցանկանում է վերացնել լորդ Բեքինհեմին: Սակայն նա չի ուզում դրան քաղաքական սպանության տեսք տալ՝ պարզապես քիլլեր ուղարկելով: Նա ուղարկում է իր գործակալ լեդի Վինթերին, որը համոզում է «ռոմանտիկ եւ ֆանատիկ» Ֆելթոնին՝ իրականացնելու այդ հանցագործությունը: Այսպիսով քաղաքական սպանությունը քողարկվում է ինչ-որ անձնական պատմության շղարշով: Նաիրի Հունանյանին ուղղորդողները /ովքեր էլ նրանք լինեն/ պրիմիտիվ մարդիկ չէին: Նրանք հրահանգ չէին տվել ահաբեկչին՝ գնա եւ սպանիր այն պետական գործիչներին, որոնք մեզ խանգարում են: «27»-ի նման հանցագործության ուղղորդումը մի քանի ամսվա հետեւողական /եւ, վստահ եմ՝ պրոֆեսիոնալ/ աշխատանքի արդյունք է: Նախ պետք է գտնել այն «մարդկային նյութը», որն ընդունակ է ահաբեկչոթյան: Նաիրիին ծնած արժեքային համակարգն, անշուշտ, ազգայնական-դաշնակցական էր. «Օթոման» բանկ», «արյան ծով», «ուժն է ծնում իրավունք», «հանուն ազգի ներքին թշնամուն ոչնչացնելը հերոսություն է» եւ այլն: Բայց դա քիչ է. անհրաժեշտ էին նաեւ անձնական հոգեբանական որակներ, որոնք կարող են մարդուն մղել հանցագործության՝ ֆանտաստիկ ամբիցիաները, որոնք չեն «ամրապնդվում» ո՛չ բավարար գիտելիքներով եւ ընդունակություններով, ո՛չ էլ հաջող կարիերայով: Բայց դա էլ բավարար չէ՝ հանցագործության գնալու համար: Հասարակության մեջ պետք է գերիշխող լինի այն տրամադրությունը, որ բավական է ֆիզիկապես վերացնել 2-3 հոգու, եւ մեր երկիրն ու նրա քաղաքացիները անշեղորեն կգնան բարգավաճման ճանապարհով: Բնականաբար, այդ տրամադրությունները 1999-ին չէ, որ ծնվել են: Դրանք, կամա թե ակամա, ստեղծում եւ «տաքացնում» էին 6-7 տարվա ընթացքում քաղաքական գործիչները եւ նրանք, ովքեր իրենց մտավորական են անվանում: «Թալանեցին», «ամեն ինչ ծախեցին», «ժողովրդի արյունը ծծեցին»՝ այդ եւ նման արտահայտությունները մենք Նաիրի Հունանյանի շուրթերից չէ, որ առաջին անգամ լսեցինք: Այդ քաղքենիական-լյումպենական բացականչությունները հնչում են տարիներ շարունակ: Ահա այդպիսի հասարակական մթնոլորտում են ահաբեկչությունն ուղղորդող պրոֆեսիոնալները աշխատել Նաիրիի հետ: Այդ ուղղորդողները նուրբ, միջնորդավորված, հատուկ ծառայություններին բնորոշ ձեւով համոզել են Հունանյանին, որ նա է այն առաքյալը, որը պետք է ազատի մեր ժողովրդին «իրեն կեղեքողներից»: Եվ հենց այս ճանապարհով է զուտ քաղաքական սպանությունը ներկայացվել որպես անձնական ահաբեկչություն, «մի խումբ ռոմանտիկների պոռթկում»: «27»-ի ահաբեկչության ուղղորդումը մի գործընթաց էր, որին տեղյակ էին Հայաստանի անվտանգության մարմինները եւ որին դրանք /միտումնավոր կամ ապաշնորհության պատճառով/ որեւէ ուշադրություն չէին դարձրել: Դա ապացուցված է գործի նյութերով: Նույն գործընթացը կարելի էր բացահայտել նախաքննության ժամանակ, բայց քանի որ մեր իրավապահ մարմիններն ունեն Հայկ Հարությունյանի ինտելեկտը, գործը քննվել է «ուչաստկովիի» մակարդակով: Նույն գործընթացը հնարավոր է ի հայտ բերել այսօր, դատաքննության ժամանակ, սակայն դրան առնչվող վկաներին որոշվել է դատարան չկանչել /այս այնգամ՝ հաստատ միտումնավոր/: Տվյալ պարագայում էականը ոչ այնքան մեղավորներին պատժելն է, որքան նման հանցագործությունները կանխելը կամ գոնե կանխատեսելը: Եվ ահա այս տեսակետից է հարց առաջանում՝ կա՞ն այսօր նախադրյալներ ահաբեկչության համար: Այսինքն՝ ա/ կա՞ն մարդիկ, որոնք դաստիարակված են դաշնակցական-ազգայնական ոգով, բ/ կա՞ն մարդիկ, որոնք իրենցից ոչինչ չներկայացնելով, ունեն ազգի փրկիչների հավակնություններ, գ/ հասարակության մեջ գերիշխո՞ւմ է այն տրամադրությունը, որ ազատվելով երկու «կեղեքիչներից», ամեն ինչ շտկվելու է: Պատասխանները միանշանակ են: Այդ պատճառով ենք մենք ուշադրություն դարձնում զանազան մարգինալ ազգայնական խմբերի ակտիվացմանը: Զուտ քաղաքական առումով նրանց հայտարարությունները զավեշտական են: Բայց արդյո՞ք նույնքան զավեշտական չէի՞ն Նաիրի Հունանյանի «դեկրետները»՝ արտագաղթն արգելելու, բոլոր ոչ պետական լրատվամիջոցները փակելու կամ գետերում լվացքը թույլ չտալու մասին: Դրանք լոկ զավեշտական կլինեին այն դեպքում, եթե այդ «ազգային փրկության դեկրետները» Նաիրին իր հետ չվերցներ խորհրդարան հոկտեմբերի 27-ին: Նույնքան ծիծաղելի կլիներ Նաիրիի ձգտումը՝ ստեղծել ազգայնական կուսակցություն: Բայց մենք գիտենք, թե այդ ամենն ինչով վերջացավ: Եվ ոչ մի երաշխիք չունենք, որ դա երբեք չի կրկնվի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել