ԱՆԿԱԽ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ՝ ԼԱՎ ԽԱՂ ԿԼԻՆԻ Խոստանում են Միհայ Ստոյկիցան եւ Ստոյչո Մլադենովը Երեկ Հանրապետական ստադիոնում «Փյունիկի» եւ Սոֆիայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչները մամուլի ասուլիս անցկացրին։ «Սոֆիայում դիտել եմ ԲԿՄԱ-ի խաղը,- ասաց Մ. Ստոյկիցան։- Շատ լավ թիմ է, որն ունի շատ լավ խաղացողներ եւ դավանում է հարձակողական ֆուտբոլին։ Սիրում է գրոհել եւ ունի լավ կատարողներ։ Ինչ վերաբերում է մեր եւ նրանց հանդիպմանը, կարող եմ ասել, որ լավ խաղ է սպասվում երկուսի համար էլ։ Եվ եթե մենք հասնենք դրական արդյունքի, դա մեզ, մեծ լիցք կհաղորդի։ Բուլղարացի մեր գործընկերներից մեկը հետաքրքրվեց, թե Ստոյկիցան գո՞հ է, որ ԲԿՄԱ-ի կազմում նրանց առանցքային ֆուտբոլիստներից Վելիզար Դիմիտրովը եւ երկու բրազիլացիներ Երեւանում չեն խաղալու։ Հետեւեց պատասխանը. «ԲԿՄԱ-ն ունի 22 խաղացող։ Ինձ հաճույք չի պատճառի, եթե իմ կամ մրցակից թիմի որեւէ ֆուտբոլիստ տվյալ խաղում չմտնի դաշտ։ Դրանով հարց չի լուծվում։ ԲԿՄԱ-ն ունի նաեւ այլ ֆուտբոլիստներ։ «Փյունիկը» խաղալու է թիմի հետ, այլ ոչ թե անհատ ֆուտբոլիստի»։ – Կարո՞ղ եք հույս տալ, որ վաղը հայ ֆուտբոլիստները ստադիոնից կհեռանան բարձր տրամադրությամբ։ – Խաղից առաջ դժվար է խոստումներ տալ։ Ամեն դեպքում ես իմ ֆուտբոլիստներին աշխատել եմ հավատ ներշնչել, որ պայքարեն հաջորդ փուլ դուրս գալու համար։ Ու նրանք կանեն ամեն բան, ինչ հնարավոր է, կներդրեն իրենց ողջ ուժերը։ Իսկ թե դրանից ի՞նչ կստացվի, կերեւա հանդիպումից հետո։ Ես էլ եմ հավատում հաջողությանը… Եթե համեմատենք երկու թիմերի խաղացողների ունակությունները, ակումբների կարգերը, ասեմ հետեւյալը. «Այն օրը, որ ես ժամանեցի Սոֆիա, ԲԿՄԱ-ն $ 1,7 մլն-ով գնեց բրազիլացի Լիմային։ Մրցակիցն արդեն կայացած ֆուտբոլիստներով համալրված թիմ է։ Մեր թիմում խաղում են 15-16 տարեկան ֆուտբոլիստներ։ «Փյունիկը» նոր է ձեւավորվում, գուցե ապագայի համար։ ԲԿՄԱ-ն արդեն իսկ պրոֆեսիոնալ թիմ է ու նրա հետ խաղալը դժվար կլինի։ Նրանց ֆուտբոլիստները միջազգային առաջին կարգի են։ Մենք այս հանգամանքին իրատեսորեն ենք նայում։ Բայց բոլոր դեպքերում կխաղանք նրանց հետ։ ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ստոյչո Մլադենովը «Փյունիկին» բնութագրեց որպես լավ թիմի։ Ինքը նայել է «Ռեյկյավիկի» հետ խաղը, լավ ուսումնասիրել է մրցակցին։ Հայաստանի լրագրողները հետաքրքրվեցին հետեւյալով։ Բուլղարական թերթերն այժմվանից արդեն ավելի շատ գրում են հաջորդ փուլի մրցակից «Գալաթասարայի» մասին։ Արդյո՞ք, Մլադենովն էլ է այդպես մտածում։ – Մենք հիմա մտածում ենք միայն այս խաղի մասին։ Երկու հանդիպումներից հետո կարելի է անդրադառնալ երրորդ փուլին։ Իսկ ինչ վերաբերում է ԶԼՄ-ներում տպագրվածներին, դրանք այն մարդիկ են, ովքեր չեն ճանաչում Հայաստանի թիմին, վերլուծություններ չեն անում։ Նրանք լավատեսորեն են տրամադրված, բայց իրականությունն այն է, ինչ ասացի։ Մենք չենք կարող անհարգալից վերաբերվել այսօրվա մեր մրցակցին։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ