«ԱՐՁԱԳԱՆՔԸ»՝ 6 ՏԱՐԵԿԱՆ «Արձագանք» ռադիոկայանն արդեն 55 հազար ժամ ուղիղ եթերում է», – ռադիոկայանի 6-րդ տարեդարձի առիթով հրավիրված մամլո ասուլիսում երեկ հայտարարեցին ընկերության նախագահ Եղիշե Պետրոսյանն ու «Արձագանք» ռադիոկայանի ղեկավար Արտավազդ Բայաթյանը։ Նրանք տեղեկացրին, որ հուլիսի 30-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեծ տոնակատարություն է կազմակերպվելու հոբելյանի առիթով, որին մասնակցելու են իրենց ստուդիայի սաները, Ջիվան Գասպարյանը, Նունե Եսայանը, Պապին Պողոսյանը, Թաթան եւ այլք։ Ե. Պետրոսյանի կարծիքով, «Արձագանք» ռադիոկայանը կայացել է եւ 6 տարիների ընթացքում արել առավելագույնը անփորձ ու ոչ պրոֆեսիոնալ ստեղծագործողներին աջակցելիս։ «Ռադիոն լուրջ ազդակ է, նրան չպետք է նայել որպես զվարճանքի միջոց,- համոզված է Ա. Բայաթյանը,- մենք աշխատում ենք լայն լսարանի համար, սակայն մեր եկամտի աղբյուրը գովազդն է»։ Ռադիոկայանի հեռարձակման շառավիղը ընդարձակվել է 12 կմ-ով։ Այժմ ծրագրերը եթեր են տրվում Երեւանի հարակից տարածքներում եւ ոչ միայն (Արարատյան դաշտավայր, Չարենցավան, Ապարան, Թալին, Վարդենիս եւ Գավառ)։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերում հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքին, Ե. Պետրոսյանը պատասխանեց. «Այն կատարյալ չէ, բայց ունի լավ բաներ։ Սխալ եմ համարում միայն քննադատելը»։ Ե. Պետրոսյանը պատասխանեց նաեւ մեկ այլ հարցի՝ թե ինչու տեսադաշտում չէ «Արձագանք» համույթը. «Պարզապես մեզ հերթ չի հասնում, որովհետեւ կան խմորումներ, կուտակված անելիքներ։ Երբեմն անում ենք ինչ-որ բան ու հետո նորից սուզվում ճահիճը, որ կոչվում է կոմերցիոն աշխատանք»։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ