Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանը՝ աղանդավորների ճիրաններում

Հուլիս 30,2003 00:00

Սեւանը՝ աղանդավորների ճիրաններում Մարդաորսության հաջողության գրավականը սոցիալական ծանր վիճակն է: Այստեղ «սրբավայրի» է վերածվել Սեւանի կինոյի տունը, ուր ժամանակ առ ժամանակ տոնական առիթներով աղանդավոր «քույրիկ-եղբայրներին» նվերներ են բաժանում Եհովայի վկաներն ու «հիսունականները»։ Օրինակ, վերջին անգամ մայիսի 1-ին՝ աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ նրանցից յուրաքանչյուրը իր կատարած քարոզչական «աշխատանքի» համար պարգեւատրվել է 5-ական սիգ ձկով։ Այստեղ ցանկության դեպքում նաեւ հավաքագրում են՝ այսինքն, եթե ուզում ես «փրկվել», կարող ես զինվորագրվել «սուրբ» գործին։ Մեզ հաջողվեց հանդիպել նախկին աղանդավորներից մեկի՝ Սեւան քաղաքի բնակչուհի Անահիտ Սահակյանի հետ։ Արդեն 2 տարի է՝ նրա հավատակիցները արգելում են նրան ներկա գտնվել «պաշտամունքային» արարողություններին, պատճառաբանելով, որ վերջինիս «հոգին ներծծված է չար ոգիներով»։ Իրականում, ըստ Ա. Սահակյանի, վտարման պատճառը իր էպիլեպսիայով տառապելն է։ «Չէ՞ որ իրական հավատացյալները ընդունում եւ օգնում են ե՛ւ չարերին, ե՛ւ հիվանդներին, ե՛ւ աղքատ ու տկար մարդկանց»,- զարմանում է նախկին աղանդավորը։ Նրա հավաստմամբ, իր նախկին անապահով հավատակիցներից ճարպիկները աղանդավոր դառնալու շնորհիվ ձեռք են բերել արտասահմանյան մեքենաներ։ Փորձեցինք Սեւան քաղաքում տիրող մթնոլորտի մասին խոսել փոխքաղաքապետ Ռոբերտ Մալխասյանի հետ։ Նա ընդամենն ասաց, որ «ամուր համագործակցություն է ստեղծվել Առաքելական եկեղեցու եւ քաղաքապետարանի միջեւ»։ Նույնատիպ վիճակ է նաեւ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում։ Գյուղացիների մեծամասնությունը աղանդավոր է։ Վերջիններիս ջանքերով գյուղի սրբատեղիները հետզհետե գոմերի են վերածվում։ Այդ բախտին է արժանացել Լճաշենի գերեզմանատան ճանապարհին գտնվող մատուռը, նույնը սպառնում է Թուխմանուկ մատուռին։ Շուտով աղանդավորները նոր «հենակետ» կունենան գյուղում, որտեղից էլ իրենց «աղոթքը» կհնչեցնեն առ Աստված։ Իսկ մինչ «հավատի նոր տուն» տեղափոխվելը, աղանդավոր գյուղացիները իրենց մեղքերի ու ցանկությունների մասին Աստծուն տեղյակ են պահում Լճաշենի կենտրոնում՝ նախկին «Մակու» ռեստորանի հարեւանությամբ գտնվող մեկ այլ կենտրոնից։ Զարմանալին այն է, որ աղանդավոր գյուղացիները ոչ աղանդավոր լճաշենցիների հետ համարյա չեն շփվում։ Նույնիսկ առեւտուր են անում միայն այն մարդկանցից, ովքեր, իրենց խոսքով՝ «մկրտվել եւ ընդունել են Սուրբ հոգի»։ Լճաշենցի աղանդավորները նույնիսկ որոշակի ավանդույթներ են ձեւավորել։ Նրանք մշտապես գումար են հավաքում՝ ով ինչքան կարող է սկզբունքով, եւ մեկնում մարզի մյուս գյուղեր՝ «Աստծո խոսքը» մյուսներին էլ հասցնելու ու նրանց էլ «փրկելու» համար։ Ն. ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել