Ի՞նչն է անհանգստացնում իշխանությանը Ըստ «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանին խնդրեցինք մեկնաբանել իշխանությունների պահվածքը. մի կողմից «Ա1+» հեռուստաընկերությանը հերթական անգամ զրկում են կապուղուց, մյուս կողմից՝ կոալիցիայի մաս կազմող երկու քաղաքական ուժ՝ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն նման որոշումը որակում են սխալ եւ հայտարարում են, թե «Ա1+»-ը պետք է անպայման վերադառնա եթեր. «Եթե այսօրվա վիճակով իշխանությունը գտնվում է կոալիցիայի ձեռքին եւ կոալիցիայի երկու կարեւոր կուսակցությունները համաձայն են, որ «Ա1+»-ի նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, այդ դեպքում՝ ո՞վ կարող է կոալիցիայից ավելի բարձր կանգնած լինել։ Ուրեմն մի մարդ կա, որը դեմ է «Ա1+»-ի բացմանը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն, միայն նրա կարգադրությամբ կհամարձակվեն «Ա1+»-ին կրկին զրկել եթերից»։ Աշնան մասին կանխատեսումները խիստ տարբեր են, սակայն գերակշռում է այն տեսակետը, թե թեժ աշուն է լինելու։ «ԱՄ» փոխնախագահի դիտարկումը հետեւյալն է. «Պետք չէ խոստումներ տալ, ընդդիմությունը պետք է անի այն, ինչ-որ պետք է անի։ Ակնհայտ է, որ իշխանությունների վիճակը հետզհետե ավելի ու ավելի է դժվարանում։ Այն, ինչ իշխանությունները բերում են ժողովրդի եւ քաղաքական կուսակցությունների գլխին, արդեն ոչ միայն ժողովրդին է հայտնի, այլեւ՝ Արտաշես Գեղամյանի շնորհիվ հայտնի է նաեւ Եվրախորհրդին։ Եվ իշխանությունների փորձերը՝ միջազգային կառույցներին ամեն ինչ վարդագույն ներկայացնել, համոզել, թե ընտրությունները տարեցտարի ավելի ժողովրդավարական են դառնում, պարզապես սովորական բլեֆ է եւ շղարշի նման փակում է մարդկանց աչքերը, որպեսզի չտեսնեն այն, ինչ տեղի է ունենում իրականում։ Բայց, քանի որ փուչիկը պայթել է, եւ մարդիկ ամեն ինչ շատ պարզ են տեսնում, սա արդեն անհանգստացնում է իշխանություններին։ Եվ առավել պարզ է դառնում, որ մեր հանրապետության առջեւ դրված խնդիրները ի զորու է լուծել միայն լեգիտիմ նախագահը, որն իր թիկունքում ունի ոչ թե լցոնված եւ կեղծված ձայներ, այլ՝ ռեալ ընտրազանգված, ռեալ ժողովուրդ։ Այսօր մեր նախագահը շատ լավ գիտի, որ ժողովուրդն իր թիկունքին կանգնած չէ։ Իսկ առանց հենարանի իշխանությունն օդից է կախված եւ երկար գոյատեւել չի կարող։ Հենց սա էլ անհանգստացնում է իշխանություններին»։ Ըստ Ալեքսան Կարապետյանի՝ հոկտեմբերին իրավիճակը շատ ավելի է սրվելու, որովհետեւ նաեւ եռանախագահողները կժամանեն ղարաբաղյան հարցի հետ կապված նոր առաջարկություններով. «Այս դեպքում, իրոք, իշխանությունների վիճակը շատ ավելի կծանրանա, քանի որ ղարաբաղյան հարցի հետ կապված նրա որոշումը ժողովուրդը չի պաշտպանի եւ սա արդեն թուլացնում է Հայաստանի դիրքերը։ Եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ, ապագա ունեցող եւ ժողովրդավարական Հայաստան, Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռանա, ինքնազոհություն պետք է կատարի հանուն իր ազգի, հանուն իր ժողովրդի ապագայի։ Այ, սա կլինի ազգանպաստ, ազգանվեր գործ»։ Պրն Կարապետյանին հիշեցրինք, որ իշխանության ներկայացուցիչները (մասնավորապես՝ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն) պնդում են, թե մենք շատ ժողովրդավար երկիր ենք, եւ մասնավորապես Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ) օրերս մեր թերթին տված հարցազրույցում նկատեց, որ մեր օպոզիցիան բանտում չէ, որ Եվրոպաներում ելույթներ է ունենում եւ այլն։ Մեր դիտարկմանն ի պատասխան պրն Կարապետյանն ասաց. «Դրանք ժողովրդավար կոչվելու իմիտացիաներ են»։ Ըստ պրն Կարապետյանի՝ օպոզիցիան «էլի բանտում է, ի՞նչ տարբերություն, միայն խոսելու հնարավորությո՞ւնն է առայժմ պահպանվում, նախագահը չէ՞ր ասում՝ օպոզիցիայի գործը քննադատելն է։ Բայց եթե իշխանությունն ընդդիմության խոսքերից եզրակացություններ չի՞ անում։ Մեծ փիլիսոփա Մոնտեսքյուն մի առիթով ասել է՝ ամենադաժան բռնակալությունն այն է, որը հանդես է գալիս օրինականության հովանու տակ եւ արդարության դրոշի ներքո։ Հայաստանի այսօրվա իշխանությունները հենց այդպիսին են»։ Ըստ «ԱՄ» փոխնախագահի՝ եթե օպոզիցիան բանտում չի, ոչինչ չի նշանակում. «Ժամանակը կգա, դա էլ կանեն, քի՞չ մարդիկ են անտեղի այսօր բանտերում, որոնց գործերի վրա գործեր են բարդում, թե՞ դրանք իրենք քաղաքական հարթության մեջ չեն դիտում»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ