Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԴ ԶԻՋԻՐ ՀՈԳԵԲՈՒՅԺԻՆ

Հուլիս 30,2003 00:00

ՏԵՂԴ ԶԻՋԻՐ ՀՈԳԵԲՈՒՅԺԻՆ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե մտադի՞ր է հետեւել այն խորհրդին, որ «Ար»-ի եթերից իրեն հղեց «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Վերջինս նրան հորդորեց մեծամասնական ընտրակարգով կրած կրկնակի «ջախջախիչ պարտությունից» հետո հրաժարվել համամասնական մանդատից, քանի որ ԱԺ է «սողոսկել» Դեմիրճյանի զինակիցների փոխարեն: «Էվոլյուցիա է՝ Գեղամյանը նախկինում պահանջում էր Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, իսկ հիմա պահանջում է իմ հրաժարականը»,- պատասխանեց ԱԺԿ նախագահը: Արտաշես Գեղամյանը հերքել էր Շավարշ Քոչարյանի այն պնդումը, թե թիվ 16 ընտրատարածքում «Ազգային միաբանությունն» իր տեղերը տվել էր իշխանության թեկնածուին: Ի դեպ, հենց տվյալ պնդումն էլ դարձել էր այս բառային «հրաձգության» պատճառը: Մեր հարցին, թե հարկ եղած դեպքում կկարողանա՞ ապացուցել իր պնդումը՝ պրն Քոչարյանը պատասխանեց. «Կարող եմ որոշակի մատնանշել ընտրատեղամասեր եւ հանձնաժողովների անդամներ, որոնք նախորդ ընտրություններում ներկայացնում էին ՀՀԿ-ին կամ ՀՅԴ-ին, իսկ վերջին ընտրություններում արդեն «ԱՄ» կողմից էին: Կամ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն այնքա՜ն էին վստահում Արտաշես Գեղամյանին, որ նրա կուսակցության անդամներին էին ներգրավում իրենց ներկայացուցիչների փոխարեն, կամ էլ պետք է ենթադրել, որ Գեղամյանը տեղերը տվել է այն մարդկանց, որոնք կեղծեցին ընտրությունները»: Մինչդեռ Արտաշես Գեղամյանն ակնարկել էր, թե իշխանությունը պաշտպանում էր Շավարշ Քոչարյանին, քանի որ իշխանամետ թերթերից մեկը նրան էր հատկացրել իր ամբողջ էջը: «Եթե նա գտնում է, որ ընդդիմությունը Վլադիմիր Բադալյանն է, ես էլ իշխանություն եմ, ուրեմն պետք է եզրակացնել, թե ո՛ր դաշտում է գտնվում Գեղամյանը»,- պատասխանեց ԱԺԿ նախագահը: Ի դեպ, Շավարշ Քոչարյանն իր հերթին խորհուրդ տվեց, որ Արտաշես Գեղամյանն էլ հրաժարվի մանդատից եւ նրա փոխարեն անցնի ցուցակում հաջորդը՝ «Նորք» հոգեկան առողջության հանրապետական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մելիք-Փաշայանը. «Մանավանդ որ՝ ինչպես ինքն ասաց «Ար»-ով, շատ արժանի թեկնածու է: Թող այդ հոգեբույժը գա խորհրդարան՝ երեւի օգտակար կլինի»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել