Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՍՊԱՌ ԴԱՏԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ

Հուլիս 30,2003 00:00

ԱՆՍՊԱՌ ԴԱՏԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ «Գերագույն խորհուրդ» ակումբը Հայաստանի դատարաններին անգործ չի թողնում «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը սույն թվականի հունիսի14-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի անգործությունը բողոքարկելու դիմումով, իսկ արդեն հուլիսի 7-ին նույն դիմումով դիմել է նույն դատարան՝ բողոքարկելու ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի անգործությունը: Իհարկե, անգործության դրսեւորումների տարբեր պատճառաբանություններով: Ռ. Թորոսյանը հավաստեց, որ նախագահական եւ ԱԺ ընտրություններում իրենք արձանագրել են հարյուրավոր ընտրախախտումներ, որոնց իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու գործառույթը չի իրականացնում արդարադատության նախարարը, որն ի պաշտոնե, ըստ պրն Թորոսյանի, պարտավոր է դա անել: Ռ. Թորոսյանը Դ. Հարությունյանին մեղադրում է, մասնավորապես, այն բանում, որ նա՝ լինելով արդարադատության խորհրդի անդամ ու դատարանների նախագահների խորհրդի նախագահ, միջոցներ չի ձեռնարկում ընտրախախտումների վերաբերյալ դատավորների կայացրած որոշումները վերանայելու համար: Ռ. Թորոսյանը նշում է, որ ինքը 100-ից ավելի «կոպիտ օրինախախտումների» ցուցակ է ուղարկել նախարարին ու մնացել է «անպատասխան». «ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետը մեր դիմումներին տրաֆարետային պատասխաններ է տալիս: Գրում է. «…նշված հարցադրումների լուծումը կարող է իրականացվել ՀՀ օրենսդրության շրջանակներում»: Սվաղած պատասխաններ են տալիս: Եթե դատավորը օրենք է խախտում, ապա դա կարգավորվում է համապատասխան օրենքով: Բայց մենք ինչ գրում ենք, նրանք նույն պատասխաններն են տալիս»,- դժգոհում է ակումբի նախագահը: «Գերագույն խորհուրդը» նախագահական եւ ԱԺ ընտրություններից հետո «կոպիտ ընտրախախտումներով» դատարան է դիմել, ինչպես Ռ. Թորոսյանը մտաբերեց /չէր հիշում, այնքան շատ է: Լ. Ս./, շուրջ 50 դիմում-բողոքով: Կարողանո՞ւմ եք հետեւել բոլոր դատավարություններին: Մեր հարցին ի պատասխան՝ պրն Թորոսյանն ասաց. «Ճիշտ է, շատ-շատ են դիմել: Այնքան, որ հազիվ ենք հասցնում իմանալ որը որտեղ ու երբ է: Լինում է, որ չենք հասցնում, բայց հետեւում ենք, բա ոնց: Առաջին ատյանի դատարանից վերաքննիչ ենք տալիս, հետո էլ՝ վճռաբեկ»: Կարեւորը, սակայն, ինչպես Ռ. Թորոսյանը նկատեց, ոչ թե հետեւելն է դիմումներին, այլ դրանք «սպառելը»: «Մեր նպատակը բազմակողմանի սպառելն է, որ հետո դիմենք Եվրոդատարան: Հո հենց այնպես չենք անում: Այդ հարցն արժե միշտ տաք պահել,- տեղեկացրեց Թորոսյանը՝ ավելացնելով,- եթե շատ խորանաք, կտեսնեք, որ մենք տարբեր ձեւակերպումներով ենք դիմումներ ներկայացնում»: Իսկ ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի անգործությանը, ապա նա անգործունակ է դարձել այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը՝ խախտելով Սահմանադրական կարգը, «քաղաքական կոալիցիա» ձեւավորելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել: Ամենաուշագրավն այն է, որ Ռ. Թորոսյանը Դ. Հարությունյանին անգործության համար մեղադրելու նամակով դիմել է նաեւ Ռոբերտ Քոչարյանին, որին նույնպես մեղադրում է անգործության համար: Մեր դիտարկմանը, թե անհեթեթ չէ՞ իրենց այդ քայլը, Ռ. Թորոսյանն ասաց. «Նախ տարբեր հարցերում են անգործություն ցուցաբերել, եւ հետո ես դիմել եմ «նախագահին», անուն չեմ գրել: Վերջին ընտրություններից հետո վիրտուալ նախագահ գոյություն ունի Հայաստանում. կա մեկը, որն իրականացնում է այդ ֆունկցիաները: Ասում եք՝ անհեթեթ, բա ո՞ւմ դիմեմ, ուրիշ հնարավորություն չունեմ, դրա համար էլ անանուն եմ գրել»: Նշենք, որ բացի Ռ. Քոչարյանին, վարչապետին ու դատարաններին Դ. Հարությունյանի անգործության մասին նամակներ հղելուց, Ռ. Թորոսյանը մեկական օրինակ ուղարկել է նաեւ Հայաստանում ԱՄՆ ու Չինաստանի դեսպանատներին: Իսկ թե ինչու են ընտրվել հենց այս երկու դիվանագիտական կառույցները, հարցին ի պատասխան, Ռ. Թորոսյանն այսպես արձագանքեց. «Երկու ակտիվ երկրներին եմ ուղարկել: Դե, Ամերիկան պարզ է, իսկ Չինաստանն այն երկիրն էր, որը ողջունեց Քոչարյանին ընտրվելու համար, ու հիմա ես գրում եմ իրենց, որ դուք այս այլանդակություններն եք ողջունել»: Ի դեպ, Թորոսյանը դատի էր տվել նաեւ ՀՀ ՌԴ դեսպանին՝ նրան մեղադրելով ՌԴ քաղաքացիներ Իրինա Խակամադայի, Հովհաննես Օհանյանի /քարոզել է հօգուտ ՀԺԱՄ-ի.- Լ. Ս./, Յուրի Լուժկովի եւ Արա Աբրահամյանի քարոզչությունները չկասեցնելու ու նրանց պատասխանատվության չենթարկելու համար: Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարին, ապա լրատվական վարչության պետ Արա Սաղաթելյանը «Առավոտին» պատասխանեց, որ իրենք ողջունում են, երբ «անձը իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմում է դատարան»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել