Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանաբաց» խաղեր

Հուլիս 30,2003 00:00

«Սահմանաբաց» խաղեր Հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցը շարունակում է մնալ գերտերությունների բազմաշերտ շահագրգռությունների դաշտում։ Ավելին՝ վերջին շրջանում դժվար է հիշել դեպք, երբ ԱՄՆ-Թուրքիա կամ Եվրամիություն-Թուրքիա բարձր մակարդակի պաշտոնական փոխշփումների ժամանակ չի քննարկվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կանոնավորման այս կամ այն ասպեկտը։ Արդեն հայտնի է, որ այցով Վաշինգթոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլն այդ թեմայով զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հետ։ Հայտնի է նաեւ, որ մինչ այդ հանդիպումը պետքարտուղարին են դիմել մի շարք սենատորներ եւ կոնգրեսմեններ՝ պահանջելով Գյուլի հետ հանդիպման ընթացքում բարձրացնել այդ հարցը։ Մասնավորապես, սենատոր Ջորջ Ալլենի հղած նամակում նշվում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը խախտում է միջազգային կազմակերպությունների եւ մարդու իրավունքները, ինչպես նաեւ ԵԱՀԿ օրենքները։ Հայտնի է դարձել նաեւ, որ Աբդուլա Գյուլին հայ-թուրքական սահմանը բացելու կոչ է արել ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին։ Հիշեցնենք, որ նաեւ Չեյնիի ջանքերի շնորհիվ էր, որ մի քանի օր առաջ Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւը չդարձավ Սենատի քննարկման առարկա։ Ակներեւ է, որ ԱՄՆ փոխնախագահն իր այդ ջանքերի դիմաց որոշակի պատասխան է ակնկալում Անկարայից, ինչն էլ, փաստորեն, դրսեւորվել է վերոնշյալ կոչի տեսքով։ Ինչպես եւ կարելի էր սպասել, սահմանի բացման հարցում Վաշինգթոնի շահագրգռության այս հերթական ակտիվացումը Բաքվում անարձագանք չի մնացել։ Ադրբեջանական թերթերը դարձյալ մտահոգություն են հայտնում, թե, այդպիսով, Թուրքիան կանգնեցվում է կոշտ պարտադրանքների առջեւ, ինչի արդյունքում կարող է մեծապես տուժել ղարաբաղյան կարգավորման հարցը։ Ինչպես հայտնի է, Թուրքիայի պաշտոնատարները Հայաստանի հետ սահմանի վերաբացման հարցը մշտապես կապել են Ղարաբաղից հայկական զինուժի դուրս բերման հետ։ Վերջին ամիսներին, սակայն, թուրքական կողմի անհանդուրժողականությունը միջազգային ճնշման պայմաններում փոքր-ինչ տեղի է տվել, հանգեցնելով այն բանին, որ իբրեւ պարտադիր նախապայման, Անկարան այժմ առաջադրում է միայն Ցեղասպանությունից հրաժարման հարցը։ Ամենահետաքրքիրն այս ողջ պատմության մեջ այն է, որ հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցն ամենեւին միանշանակ չի մեկնաբանվում հենց Հայաստանի իշխանական շրջանակներում։ Մինչ կոալիցիոն կառավարության մաս կազմող Դաշնակցությունը վերապահումներով է մոտենում այդ խնդրին, առաջադրելով Ցեղասպանության ճանաչման նախապայմանը, ՀՀԿ-ական վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշում է, թե ինքը մտադիր չէ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հարցը կապել Հայ դատի հետ։ Ակնահայտ է, որ նման երկփեղկվածությունը երկար շարունակվել չի կարող, եւ ՀՀ կառավարությունը, ուզի, թե չուզի, առաջիկայում պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, հատկապես, որ այս խնդիրն արդեն դադարել է մնալ երկկողմ հարաբերությունների տիրույթում եւ ձեռք է բերել տարածաշրջանային հնչեղություն։ Այս առումով ավելորդ չէ նշել, որ Հարավային Կովկասում լարվածության օջախների վերացման հարցում համընկնում են անգամ ԱՄՆ-ի եւ Իրանի շահերը. Ռուսաստանում Իրանի դեսպան Գուլամրզա Շաֆեին օրերս Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել շուտափույթ լուծել Ղարաբաղի խնդիրը, հայտարարելով, որ դա հնարավորություն կտա կարգավորելու տրանսպորտային կապը Իրանի եւ Ռուսաստանի միջեւ։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել