Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԱԹՐՈՎ ՀԱՄՈԶԵԼԸ ԽՈՐԹ ՄԵԹՈԴ Է»

Հուլիս 29,2003 00:00

«ԽԱԹՐՈՎ ՀԱՄՈԶԵԼԸ ԽՈՐԹ ՄԵԹՈԴ Է» «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը երեկ դատակոչված վկայից (ԱԺ տնտեսական բաժնի աշխատակից)՝ Խաչիկ Հովհաննիսյանից փորձեց ճշտել, թե նախաքննության մարմինը «խաթրով իրեն համոզե՞լ է ցուցմունքներ տալու», քանի որ վկան հայտնեց, որ իր նկատմամբ խորթ մեթոդներ չեն կիրառվել։ Դատավոր Սամվել Ուզունյանը ինքը պատասխանեց վկայի փոխարեն, ասելով, որ խաթրով համոզելը նույնպես խորթ մեթոդ է։ Վկան ընդհանրապես պնդեց այն, ինչ պնդել էր նախորդ դատական նիստի ժամանակ։ Երեկ յուրահատուկ մարտավարություն էին որդեգրել մեղադրողները, վկային հարցաքննելու իրենց հերթը զիջելով ամբաստանյալներին։ Մասնավորապես, մեկուկես նիստ շարունակ վկային հարցաքննում էր ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, որը, ինչպես մեղադրող Արմեն Հարությունյանը նկատեց, հունվարի 15-ից սուսուփուս նստած, վերջին նիստերին հանկարծ ակտիվացել է եւ երկար հարցաքննություններ է անում։ Խաչիկ Հովհաննիսյանը պնդեց, որ ինքը եւ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը մինչեւ կրակոցները գտնվել են ԱԺ նիստերի դահլիճի կարմիր նախասրահի բազկաթոռներին նստած եւ որ առաջին դռնից դուրս եկած Կարեն Հունանյանը հայհոյել ու կրակել է, ինքը, լսելով Արմենակյանի տնքոցը՝ կորցրել է գիտակցությունը։ Ն. Հունանյանը փորձում էր ապացուցել, որ Կարեն Հունանյանի 7×62 տրամաչափի ինքնաձիգը Վազգեն Սարգսյանին հարվածելուց սկսած, չի գործել, քանի որ քանդվել է եւ իր՝ եղբորը տված 5×45 տրամաչափի ինքնաձիգն է եղել Կարեն Հունանյանի ձեռքին։ Մինչդեռ, Արմենակյանի վրա կրակել են 7×62 տրամաչափի ինքնաձիգից։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել