Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է «ՓՅՈՒՆԻԿԻ» ՎԱՂՎԱ ՄՐՑԱԿԻՑԸ

Հուլիս 29,2003 00:00

Ո՞Վ Է «ՓՅՈՒՆԻԿԻ» ՎԱՂՎԱ ՄՐՑԱԿԻՑԸ Հուլիսի 30-ին, ժամը 21-ին, «Հանրապետական» ստադիոնում «Փյունիկն» ընդունելու է Բուլղարիայի չեմպիոն Սոֆիայի ԲԿՄԱ-ին։ Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի երկրորդ փուլի այս հանդիպումը խոստանում է անչափ հետաքրքիր լինել։ Ցանկացած մրցակցի դեմ հաջող հանդես գալու համար անհրաժեշտ է նախապես նրա մասին շատ ինֆորմացիա ունենալ։ Հենց այդ նպատակով էլ մեր չեմպիոնի գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցան Ռեյկյավիկից անմիջապես մեկնեց Բուլղարիա։ Թե ԲԿՄԱ-ն այսօր իրենից ինչ է ներկայացնում, ներկայումս ի՞նչ է կատարվում բանակայինների շտաբում, հետաքրքրում է նաեւ հայ ֆուտբոլասերներին։ «Uefa.com»-ը տեղեկացնում է, որ վերջերս ԲԿՄԱ-ն չորս տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել Բրազիլիայի երիտասարդական հավաքականի եւ «Վասկո դա Գամայի» կիսապաշտպան Լեո Լիմայի հետ։ 21-ամյա այս ֆուտբոլիստն արդեն բժշկական հետազոտություն է անցել։ Նրան տրվել է 10 համարի մարզաշապիկը։ Նա փոխարինելու է Մետոդի Դեյանովին։ Այս գործարքից հետո ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ստոյկո Մլադենովը հայտարարել է. «Մենք վաղուց էինք հետեւում այդ ֆուտբոլիստին եւ շատ ուրախ ենք, որ նա համաձայնեց տեղափոխվել մեր թիվ։ Լիման սիրում եւ կարողանում է միանալ գրոհներին։ Նա զգալիորեն կուժեղացնի մեր կիսապաշտպանությունը»։ Բայց ԲԿՄԱ-ն նաեւ կորուստներ ունի։ Մասնավորապես, 24-ամյա կիսապաշտպան Ստեֆան Գիլյոն մարզիչների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հեռացել է թիմից եւ վերադառնալով հայրենիք՝ Մալթա, համալրել է «Սլիմայի» շարքերը։ Հավանաբար, այս ֆուտբոլիստի կորուստը լուրջ է, քանի որ նույն «Uefa.com»-ը նշում է, որ Գիլյոնի համար պայքարում էին նաեւ Բուլղարիայի «Նաֆտեքսը» եւ Սոֆիայի «Սլավիան»։ ԲԿՄԱ-ն ամենայն հավանականությամբ Երեւան կժամանի մոտավորապես այսպիսի կազմով. դարպասապահներ՝ Իվայլո Իվանով, Ստոյան Պետրով, պաշտպաններ՝ Գեորգի Գեորգիեւ, Գալին Իվանով, Մարկոս Շարրաս (Արգենտինա), Ալեքսանդր Տոմովսկի, Իորդան Վարբանով, Ժոաու Կառլուշ (Բրազիլիա), Իբրաիմա Գուեյ (Սենեգալ), կիսապաշտպաններ՝ Տոդոր Յանչեւ, Խրիստո Յանեւ, Լեո Լիմա (Բրազիլիա), Մետոդի Դեյանով, Սվետոսլավ Ստեֆանով, Արտիմ Սակիրի (Մակեդոնիա), Ժոաու Պաուլու Բրիտու (Պորտուգալիա), Էմիլ Գարգորով, հարձակվողներ՝ Վելիզար Դիմիտրով, Ագնալդու (Բրազիլիա), Պետար Զլատկով, Մակդոնալդ Մուկասի (ՀԱՀ)։ Վերջում տեղեկացնենք, որ «Փյունիկ»-ԲԿՄԱ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել շվեդ Մարթին Ինգվարսոնը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել