Լրահոս
Օրվա լրահոսը

Որոնումներ օվկիանոսից անդին

Հուլիս 29,2003 00:00

Որոնումներ օվկիանոսից անդին Ռեժիսոր Արսեն Ասլանյանը իր նոր ֆիլմերի, ամերիկյան ուղեւորության եւ «Կռունկ» փառատոնի մասին Արսեն Ասլանյանը պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ բանակցությունների, Լոս-Անջելես, Նյու Յորք եւ Բոստոն, իր «Քրիստոնյա Հայաստան» մասշտաբային ֆիլմի շնորհանդեսը կազմակերպելու նպատակով։ Ռեժիսորի նպատակը միայն կոմերցիան չէ, այլ ավելի գլոբալ է. «Բայց եթե եկամուտ լինի՝ շատ լավ, կիրականացնեմ հաջորդ՝ «Սայլ Հայաստանի» ֆիլմը, որի գերակշիռ մասը, ըստ սցենարի, պետք է նկարահանվի Թուրքիայում, մեր հողերի վրա»։ Ա. Ասլանյանը կարծում է՝ քաղաքականությունը՝ քաղաքականություն, որ ինքը դեմ չէ տարբեր մակարդակների հայ-թուրքական հանդիպումներին, բայց, այնուամենայնիվ, կարեւորում է արվեստագետի «ձայնը» այս հարցում։ Որպես օրինակ բերելով Ա. Էգոյանի «Արարատը», ավելացրեց, ասելով. «Հայրենիքից հեռու ծնված, մեծացած մարդուն, արվեստագետին (թեպետ հայերս մեկ հայրենիք ունենք) այսօր էլ հուզող հարցը հայոց եղեռնն է, որը չի կարող անտարբեր թողնել դեռ հայրենիքում ստեղծագործող արվեստագետներիս»։ Մի փոքր պատմական ակնարկ էլ արեց, որ «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմում պատմում է պատմիչը (դերասան Վլադիմիր Մսրյան). «Շուրջ 300 հազար քառ. կմ դրախտավայր Հայաստանից մեզ մնացել է մի փոքր կղզյակ, մեր ազգն էլ ենթարկվելով աննկարագրելի փորձությունների՝ զավթվել, տրոհվել, բայց մնացել է կանգուն ավելի քան 1700 տարի, քրիստոնեությունը շաղախելով իր հոգուն ու մտքին»։ Մեր այն հարցին՝ նման պատասխանատու վերնագրով ֆիլմում արդյո՞ք պատմության որեւէ էջ չի բաց թողնվել, ռեժիսորն ասաց. «Եթե անգամ բացթողում լինի, այն իր տեղը կգտնի իմ հաջորդ պատմական ֆիլմում»։ Ա. Ասլանյանն անկեղծացավ, որ ինքը օվկիանոսը չէր կտրի-անցնի, եթե չունենար «պարտնյոր»։ ԱՄՆ-ում իրեն կաջակցի ճանաչված երգչուհի Մելանյա Աբովյանի որդին՝ Աշոտ Աբովյանը, որը «բավականին անունով «Գլոբել Թրավել» ֆիրմայի տնօրենն է»։ Ռեժիսորը զրույցի ընթացքում ներկայացրեց ԱՄՆ մեկնելու հետեւյալ հանգամանքները։ Պարզվում է, որ Ա. Ասլանյանը երգչուհի Ռուզան Ավետիքյանի պրոդյուսերն է ու որոշել է ԱՄՆ-ում երգչուհուն ներկայացնել հնարավոր բոլոր tv-ներով եւ ստացված կարծիքներից ելնելով, տեղում որոշում կայացնել՝ թողարկե՞լ CD, թե՝ ոչ։ Իսկ ինչու է ռեժիսորը հատկապես վստահում այս երգչուհուն. «Այսօր հնչում են տարօրինակ, իբր՝ հայկական երգեր, ոչ պակաս տարօրինակ կատարողներով։ Երգչուհին ունի կոնսերվատորիայի կրթություն, ավարտել է հայ երգի գիտակ Հովհաննես Բադալյանի դասարանը։ Սա է իմ վստահության երաշխիքը»,- ասաց ռեժիսորը։ Ա. Ասլանյանը 4 տարի առաջ հանդիպել է երգչուհուն՝ իր եւ պրոդյուսեր Մամիկոն Չաթինյանի հիմնած «Կռունկ» փառատոնում։ Տեղեկացանք նաեւ, որ փառատոնի այս տարվա ուշանալը կապված է անբարենպաստ եղանակի հետ (հիշեցնենք, որ «Կռունկի» նկարահանումները Աշտարակի ձորում կատարվում են երեկոյան եւ գիշերային ժամերին)։ Փառատոնում այս տարի կան բազմաթիվ փոփոխություններ, սակայն. «Մի բան երբեք չի փոխվի եւ չի փոխվելու՝ հաղթողներին կորոշի հանդիսատեսը»,- վստահեցրեց ռեժիսորը։ Վերադառնալով իր գործնական ուղեւորությանը՝ Նահանգներ, Ա. Ասլանյանն ասաց, որ առաջին անգամ այնտեղ կցուցադրվի իր նկարահանած երաժշտական ֆիլմը՝ Թ. Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի մասին, հավելելով. «Հայաստանում չցուցադրելու միակ պատճառը եթերագողությունն է։ Եթե այսօր այն գնա եթերով, հավատացնում եմ՝ վաղը ամերիկաներում, ֆրանսիաներում, ավստրալիաներում արդեն կդիտեն։ Այս չարիքի դեմ մեզ մոտ պայքարի ոչ մի մեխանիզմ չի գործում»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել