Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ «ՆՈՐՄԱ» ՖԻԼՄ-ՕՊԵՐԱ

Հուլիս 29,2003 00:00

ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ «ՆՈՐՄԱ» ՖԻԼՄ-ՕՊԵՐԱ ՌԴ մշակույթի նախարարության փողերով Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար, պրոդյուսեր եւ կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանը պատրաստվում է Երեւանի օպերային թատրոնի բեմադրած «Նորման» ֆիլմ-օպերա դարձնել։ Տեղեկացնենք, որ գումարը տրամադրել է Ռուսաստանի մշակույթի նախարարությունը, որը վերջին 15 տարիների ընթացքում որեւէ ֆիլմ-օպերայի համար գումար չի հատկացրել։ Հեղինակավոր կինոփառատոներում (Չիկագոյի, Բրյուսելի, Տորոնտոյի, Մյունխենի) մրցանակներ շահած կինոռեժիսորը 2001թ. Երեւանի օպերային թատրոնում իրականացրեց աշխարհի լավագույն թատրոնների խաղացանկերում հազվադեպ հանդիպող Բելինիի «Նորմա» օպերայի բեմադրությունը։ Այսօր էլ նա իր ստեղծագործական գործունեությունը չի պատկերացնում առանց Հայաստանի։ Նույնիսկ այն բանից հետո, երբ 2003թ. գարնանը Սանկտ Պետերբուրգի «Ոսկե դիմակ» թատերական մրցանակաբաշխությանը իր բեմադրած «Նորման» (ներկայացված 5 անվանակարգերում) այդպես էլ ինչ-ինչ պատճառներով չներկայացվեց։ Հիմնական բարձրաձայն հնչած պատճառը՝ օպերային թատրոնի ղեկավարության կողմից, ճանապարհածախսի բացակայությունն էր։ Ավելին, օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն էլ այս կարծիքին էր. «Էդ ռեժիսորը՝ Բորյան, երեւի փառատոնի կազմակերպիչներին ասել է, թե իբր Արա Աբրահամյանը փողը կտա։ Իրականում ոչ մի փող էլ չի եղել։ Հետաքրքրվել ենք, Արա Աբրահամյանի շրջապատից իմացել, որ նա տեղյակ չէ այս ամենից» («Առավոտ», 17.04.03թ.)։ Բ. Հայրապետյանը չցանկացավ անդրադառնալ իրեն ոչ հաճելի այս միջադեպին, փոխարենը առաջարկեց խոսել «ավելի կարեւոր բաներից»։ Օրինակ, որ հնարավոր է «Նորման» վերաճի ռուս-հայկական պրոյեկտի, իհարկե, հայկական կողմի՝ ՀՀ մշակույթի նախարարության ցանկության դեպքում, որը ավանդույթ է դարձրել կրավորական կեցվածք ընդունելը։ Նա տեղեկացրեց, որ «Նորմա» ֆիլմ-օպերայի աշխատանքները կսկսվեն օգոստոսին, նկարահանումները կանցկացվեն Հայաստանում, կմասնակցեն մեր օպերային թատրոնի մեներգիչները՝ Անահիտ Մխիթարյանը, Գեղամ Գրիգորյանը, Վարդուհի Խաչատրյանը եւ այլք, ինչպես նաեւ երգչախմբի արտիստները։ Բ. Հայրապետյանը գտնում է, որ սոցիալ-տնտեսական մի համակարգից մյուսին կտրուկ անցնելու եւ համաշխարհային գլոբալացման գործընթացների պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է անլուծելի խնդիրների բեռի տակ։ Հատկապես տուժել է մշակույթը։ «Կարծում եմ, ճգնաժամն առաջացել է ոչ միայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Անհրաժեշտ է ունենալ համակարգված մոտեցում, մշակել ժամանակակից ճիշտ մեթոդներ»,- համոզված է ռեժիսորը։ Բ. Հայրապետյանի կարծիքով, Հայաստանում թույլ է մենեջերների, պրոդյուսերների, դիստրիբյուտորների ինստիտուտը, ինչի առկայության դեպքում կկարողանայինք լուծել նաեւ այլ խնդիրներ՝ համազգային գաղափարախոսություն, երկրի եւ ազգի արժանապատիվ իմիջի ձեւավորում։ Ըստ նրա, «Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ դեռեւս մշակված չեն փոխշահավետ հարկային պայմաններ պետության եւ մշակույթի ու արվեստի բնագավառի ներդրողների միջեւ։ Հայաստանի չափանիշներով, քիչ են մասնավոր, բաժնետիրական ընկերությունները, որոնք մասնագիտացված են դասական արվեստի աշխատանքների կազմակերպման բնագավառում»։ Բ. Հայրապետյանը վստահ է. «Բոլորս հետապնդում ենք միասնական նպատակ՝ վերածնել ազգային մշակույթի երբեմնի փառքն ու հզորությունը, նրա հոգեւոր հենքը, ինչը առանց ֆինանսական միջամտության հնարավոր չէ։ Անհրաժեշտ է արտերկրի սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ ոչ միայն պետական մակարդակով։ Ցանկալի կլիներ նաեւ համագործակցությունը տարբեր երկրների հայկական սփյուռքի հետ։ Թե չէ՝ 2001թ. ամռանը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագիրը (մշակույթի բնագավառում համագործակցության) ոչ մի կերպ իր գոյության մասին կարծես չի հիշեցնում»։ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել