Լրահոս
Օրվա լրահոսը

Ելքե՞ր, թե՞ մուտքեր

Հուլիս 29,2003 00:00

Ելքե՞ր, թե՞ մուտքեր Վերջապես մարեցին անցյալ տարվանից մեկնարկած ընտրական մարաթոնի վերջին ակորդները, եւ ամեն ինչ նորից իր տեղն ընկավ: Թերեւս կային միամիտներ, որոնք հավատում էին, թե հրաշքով ինչ-որ բան կփոխվի: Կային, բայց ոչ քաղաքական գործիչների մեջ՝ իշխանամետ, թե ընդդիմադիր: Վերջիններս փայլուն կատարեցին «միայն սահմանադրական ճանապարհով» իրենց վերապահված դերը՝ ի վերջո տիրանալով բաղձալի պատգամավորական մանդատներին: Ընդդիմադիր գործիչների այն մասը, որը դուրս մնաց խորհրդարանից, ճիշտ է համարում բոյկոտել խորհրդարանի աշխատանքները (ինչպես եւ նախագահական ընտրությունների 3-րդ տեղը զբաղեցրած գործիչն էր ճիշտ համարում բոյկոտել 2-րդ փուլը): Իսկ խորհրդարանում հայտնվածները լուրջ դեմքով բացատրում են պայքարի խորհրդարանական ձեւի արդյունավետությունը (ինչպես բացատրում էին 2-րդ փուլին մասնակցելու խելամիտ մարտավարությունը): Արդյոք նրանք հավատո՞ւմ են, որ համենայնդեպս առաջիկա տասնամյակում (գուցե ընդհանրապես) Հայաստանում հնարավոր է անցկացնել ազատ (արդար, թափանցիկ եւ այլն) ընտրություններ: Եվ արդյոք, եթե իրենք տիրեն իշխանական լծակներին (կարծեմ մի մասը մինչեւ 2000թ. տիրել է), կերաշխավորե՞ն այն: Արդյոք նրանք կարծո՞ւմ են, որ 100 տոկոս համամասնական ընտրությունները կապահովեն համեմատաբար ազատ (եւ այլն) ընտրություններ, թե՞ համամասնականը ավելի մեծ հնարավորություն է տալիս միշտ մնալ քաղաքական բոմոնդում: «Մենք այս իրավիճակից ելքեր ենք որոնում», ահա ընդդիմադիր հավաքական կերպարի հիմնական ֆրազը: Ելքե՞ր, թե՞ մուտքեր՝ թեկուզ խորհրդարանում ընդդիմադիր կեցվածքով: Իհարկե, շուտով խորհրդարանի ամբիոնից կլսենք հերթական «ոչ լեգիտիմ», «թալանված երկիր», «ընտրական օրենսգիրք», «սահմանադրական կարգ» եւ այլ մաշված ձայնասկավառակների ձայնը, հերթական հրաժարականները եւ անմիջապես հրաժարականի հրաժարականը եւ այլն: Սա ժողովրդի համար, իսկ մնացյալը՝ անձնական խնդիրների լուծում, համատեղ խնջույքներ: Մինչեւ մյուս ընտրությունները ընկած ժամանակաշրջանը, որը կուղեկցվի հերթական տնտեսաքաղաքական ահաբեկչություններով, սպանություններով, հեղաշրջումներով: Իսկ հաջորդ ընտրություններին այժմ գործող նախագահի կամ այլ իշխանության թեկնածուի «պաշտպանությամբ» հանդես կգան իշխանամետ ու ժամանակին կողմնորոշված ընդդիմադիր կուսակցությունները եւ հայոց մեծերը՝ մտավորականները, որոնք չեն տեսնում ոչ «Առագաստի» սպանությունը, ոչ «Ա1+»-ի փակումը, ոչ համատարած անտառահատումը: Իսկ մնացածը արդեն տեխնիկայի խնդիր է, գործի են դրվում ողջ պետական համակարգը, տեղական ռազմաֆեոդալական ուժերը եւ, իհարկե, Հայաստանում ամենամարտունակ բանակը: Եվ նորից թափանցիկ արկղեր, թափանցիկ դիտորդներ, ծեծ ու ջարդ, ընդդիմության լացուկոծ, կալանավորներ (որոնք արտասահմանում բարեհաջող քաղաքական ապաստան կստանան), եւ ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Այս տասնամյակներ ձգվող քաղաքական վայրիվերումները ցույց տվեցին, թե հասարակություն եւ պետություն ստեղծելու ինչ ունակություն ունենք: Ցույց տվեցին նաեւ դարերի ընթացքում մեր «իմաստուն» ժողովրդի կորուստների պատճառը: Ցույց տվեցին, որ այս համատարած հուսալքության պայմաններում որեւէ փիլիսոփայական միտք չի առաջանում, չկան գաղափարների բախում, բանավեճեր, չկա ոչ ազգայնական, ոչ կոմունիստ, ոչ սոցիալիստ, ոչ լիբերալ, եւ միայն բոլորը միասին՝ նախկին կոմունիստներ: Բացեք եւ կարդացեք բոլոր կուսակցությունների ծրագրերը եւ ոչ մի տարբերություն չեք գտնի: Ընդամենը ֆրազներ եւ մրցակցություն՝ ավելի շատ ռուսամետ (երբեմն բելոռուսամետ) լինելու, չմոռանալով եվրոպական կառույցները (Եվրոպան ընդդիմության համար ծառայում է որպես խոստովանահայր, իշխանության համար՝ միամիտ ծերուկ), պահպանելով մեր ազգային ավանդական դիմագիծը (՞՞): Մարդիկ իրար հարցնում են. «Վերջն ի՞նչ է լինելու»: Եվ աջ ձեռքին ատրճանակի տեսք տալով՝ պատասխանում՝ միայն սա կփրկի: Իսկ նժդեհական նախարարների սիրած զբաղմունքը կազինոն եւ ամայի Հայաստանում որս անելն է, ավանդական կուսակցության անդամն էլ ռեստորան-հասարակաց տուն է պահում, կոմունիստը մեկ առաջադիմում է, մեկ նորացվում, ազգային ժողովրդավարությունը՝ քառատվում: Արդյունքում ունեցանք պետություն, որտեղ իրական իշխանությունը ոչ թե կոռումպացված թաղապետերի, ոստիկանության, դատախազության, դատարանի ձեռքին է, այլ «ախռանայով» շրջող տեղական փողատերերի կամ գեներալների, որոնց ենթակա ժողովուրդը պարտական է երբեմն հարսանիքի կամ թաղման ծախսերը հոգալու, բնամթերքով կամ չնչին աշխատավարձով «աշխատատեղեր» ստեղծելու համար (ոչինչ, որ մեկ-մեկ էլ իրենց մեր է հայհոյում, ծեծում, երբեմն էլ մարդ սպանում): Հա, չմոռանամ եկեղեցիներ կառուցելու մասին: Այս պայմաններում, եթե նույնիսկ հրաշքով երկրի առաջին դեմք դառնա աշխարհի ամենաառաքինի, վճռական մարդը, չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է ինչ-որ բան փոխել: Եվ առհասարակ հնարավո՞ր է արդյոք ինչ-որ բան փոխել: Իսկ ի՞նչ ենք ուզում: Ժողովրդի գերակշիռ մասը կասի՝ պարզ չի՞, լավ ապրել: Տեղին է հիշել մի ավանդություն: «Երկար տարիներ Հնդկաստանում ծառայած անգլիացի սպան վերադառնում է հայրենիք: Ընկերների հետ անցկացրած խնջույքից հետո բացում է ճամպրուկները եւ նվերներ բաժանում: Ճամպրուկից դուրս է գալիս կապիկի չորացած թաթ: Սպան գունատվում է եւ փորձում այն նետել բուխարու մեջ: Ընկերներից մեկը ձեռքից խլում է եւ խնդրում բացատրել, թե ինչ է այն: Սպան ասում է, որ այն կատարում է մարդու երեք ցանկություն, բայց ում մոտ եղել է, միշտ նրան դժբախտություն է բերել: Ընկերը շտապ կապիկի թաթը ձեռքին դուրս է գալիս, վազում տուն, մտածում առաջին ցանկությունը. «Ուզում եմ 10 հազար ֆունտ ստեռլինգ»: Անմիջապես դուռը թակում են: Շեմին կանգնած փոստատարը նրան է հանձնում 10 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիրը՝ որպես փոխհատուցում նույն օրը վթարի ենթարկված եղբոր մահվան: Երկրորդ ցանկությունը լինում է եղբորն անմիջապես տեսնելը, եւ սենյակում հայտնվում է եղբոր ուրվականը: Երրորդ ցանկությունը՝ ուրվականի չքվելը»: Արդյոք այդ 10 հազարի հոգեբանությունը չէ՞ մեր ազգային մտածելակերպը՝ զուրկ որեւէ հոգեւոր պահանջմունքից: Ունե՞նք որեւէ քաղաքական, հասարակական հոսանք, որի համար կարեւորը սկզբունքն է, ոչ թե 10 հազարը (պաշտոնի կամ պատգամավորի մանդատի տեսքով), որի համար նա պատրաստ է սահմանափակել գոնե իր անձնական բարեկեցությունը: Եվ կառաջանա՞ արդյոք նման շարժում առաջիկայում, թե՞ արդյունքում կունենանք միայն Հայաստանի ուրվականը: ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել