ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԸ Վճռաբեկ դատարանը չափից դուրս մեղմ է սպանության մեջ կասկածվող մականունավորների նկատմամբ Այս տարվա մայիսի 14-ին, երեկոյան ժամը 11-ի սահմաններում սպանվեց Հայաստանի եւ Եվրոպայի բազկամարտի չեմպիոն, սպորտի վարպետ, «Կոտայքի դյուցազն» տիտղոսին արժանացած Հովիկ Հարությունյանը։ Առջեւում էին խորհրդարանական ընտրությունները, եւ առաջին վարկածը, որը շրջանառության մեջ դրվեց, նախընտրական կրքեր բորբոքելու խնդրի հետ կապվեց, ինչը ժխտվեց հետագայում, նախաքննության փուլում։ 27-ամյա մարզիկը սպանվել էր Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի իր տան մոտ։ Նախաքննությունն իրականացնող մարմինն էլ Կոտայքի մարզի դատախազությունն էր։ Նույն մարզի առաջին ատյանի դատարանի մայիսի 21-ի դռնփակ նիստում որոշվեց խափանման միջոց կալանքը Կարեն Լյովայի Մարկոսյանի (Կարենչիկ մականունով) նկատմամբ, որին ձերբակալել են սպանությունից չորս օր հետո միայն։ Սակայն Կարենչիկը միայնակ չէր եւ հրազդանցիների պնդմամբ, նրա կողքին էին եղել Արթուր Մնացականյանը (Քոթ մականունով), Արմեն Մելտոնյանը (Չուկ մականունով), Միքայել Նիկոլյանը (Մինգա մականունով) եւ Արայիկ Խաչատրյանը (Ջնդո մականունով)։ Սպանությունն իրականացվել էր դանակով, հարվածել էին Հովիկի կրծքավանդակին։ Տուժողի իրավահաջորդներին, սակայն, չէր բավարարում «այն մեղմ վերաբերմունքը, որ ցուցաբերվեց եւ այժմ էլ ցուցաբերվում է մեղադրյալների նկատմամբ։ Մի խումբ անձանց կողմից կատարված հանցագործությունը փորձ է արվում 3-ի վրա շուռ տալ», ինչը առիթ էր դարձել, որ տուժող կողմը դիմի հանրապետության նախագահին եւ գլխավոր դատախազին։ «Կասկածների տեղիք են տալիս եւ գնալով հաստատվում հանցագործների հարազատների այն հայտարարությունները, թե կատարածի համար ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվի հանցագործները, քանի որ դատավորները «իրենց» մարդիկ են»,- գրում եւ ահազանգում էին նրանք։ Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դռնփակ նիստի արդյունքում կալանքի սանկցիա տրվեց «Ալբերտո» ԼՏԸ-ի բաժնետեր Թաթուլ Մարկոսյանին եւ Արայիկ Խաչատրյանին (մայիսի 31-ին)։ Վերջինս, ի դեպ, հայտնի էր մի աղմկահարույց գործով եւս։ Այս տարվա մարտի 31-ին, ժամը 15-ի սահմաններում, նա ներխուժել էր ՀՀ կառավարությանն առընթեր հարկային ծառայության պետ Վաչագան Ղազինյանի աշխատասենյակ (Հրազդան քաղաքի Սպանդարյան 3 հասցեում գտնվող մսամթերքի խանութի հարկային պարտավորությունների խախտման վերաբերյալ ակտ կազմելու կապակցությամբ), սպառնացել հարկայինի պետին «աթոռի վրա գյուլլել»։ Այս պատմությունն ավարտվել էր քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն տալով։ Ա. Խաչատրյանի կենսագրության լուսավոր էջերից է նաեւ այն, որ նա Հրազդանի քաղաքապետարանի սպորտի եւ առողջապահության բաժնի պետն էր։ Դատախազի միջնորդությունների հիմքում (կալանք տալու) դրված էր այն հանգամանքը, թե «գտնվելով ազատության մեջ, կթաքնվեն քննությունից եւ կխոչընդոտեն քրեական գործով մինչդատական վարույթին», սակայն դա հաշվի չառնվեց, եւ ինչպես երեկ մեզ հայտնեց տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Անուշ Մխիթարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը փոխեց Թաթուլ Մարկոսյանի խափանման միջոցը՝ կալանքը։ «Այսինքն, արդեն իսկ որոշվում է մեղադրանքի հարցը, զրկելով տուժողներին իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից,- շարունակեց եւ ապա,- հանցագործություն կատարած անձանց ազատության մեջ մնալը խոչընդոտներ է ստեղծում, քանի որ անուղղակի ճնշումներ են գործադրվում վկաների վրա»։ Սպանության շարժառիթների մասին քննությունն իրականացնող մարմինն առայժմ լռում է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ