Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը՝ «օրինական» են գործում

Հուլիս 29,2003 00:00

Կարեւորը՝ «օրինական» են գործում Էլիտար բնակհամալիրի կառուցումը սպառնում է հարեւան շենքերի անվտանգությանը Տերյան փողոցի 66 հասցեում կառուցվելիք շենքի հողային աշխատանքներն իրականացնելու հետեւանքով Իսահակյան փողոցի թիվ 24 շենքի երկաթբետոնե հիմքը բացվել է, իսկ բնակարանների պատերի ճեղքվածքները նկատելիորեն լայնացել են։ Տերյան 66 հասցեում Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի քանդված մասնաշենքն էր, որը վերջերս ապամոնտաժվել է։ Այժմ այդ տարածքում նախատեսվում է կառուցել բնակելի համալիր։ Շինարարության հետեւանքով ստեղծված իրավիճակը սպառնում է հարեւանությամբ գտնվող ութ հարկանի բնակելի շենքի սեյսմակայունությանը։ Եվ սա այն դեպքում, երբ շենքի մի խումբ բնակիչների մտահոգություններին քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից պատասխանել են, որ կառուցվելիք համալիրը շրջակա շենքերից նորմատիվ հեռավորության վրա է գտնվում։ Այս առթիվ քաղաքաշինական պետական տեսչությունից եւս բնակիչներին հավաստիացրել են, որ շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն է սահմանված, որպեսզի դրանք իրականացվեն շինարարական նորմերին համապատասխան՝ ապահովելով շրջապատի շենքերի եւ շինությունների շահագործման եւ մարդկանց անվտանգությունը։ Ըստ նոր նախագծի, կառուցվելիքը բնակելի շենքից 7,5մ հեռավորության վրա է գտնվելու։ Օրերս եղանք շինարարության վայրում։ «Շինհրապարակի եւ բազմաբնակարան շենքի միջեւ» արտահայտությունն այս դեպքում բացարձակապես անկիրառելի է։ Կառուցվելիք շենքի համար փորված փոսն իր մեջ ներառել է նաեւ Իսահակյան փողոցի թիվ 24 շենքի հիմքը, որն ի հայտ է եկել հողային աշխատանքներն իրականացնելու ժամանակ։ Այս փոսի գոյությունը բնակիչներին բացատրել են կոմունալ սպասարկման խողովակների անցկացման անհրաժեշտությամբ։ Եթե նույնիսկ ընդունենք, որ շինարարական նորմերի խախտումները նոր են ի հայտ եկել կամ շինարարության սահմանները հընթացս են ընդարձակվել, ապա «առկա հսկողության» պայմաններում գոնե մի քանի օրով շինարարությունը կդադարեցվեր։ Մինչդեռ, ինչպես բնակիչներն են պնդում, «շինարարությունը ոչ մի օր չի դադարում, բանվորներն աշխատում են առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկո, առանց հանգստյան օրերի՝ խանգարելով մարդկանց հանգիստը»։ Բնակիչների խոսքերով, լայն թափով սկսված աշխատանքները ժամանակավորապես ընդհատվել են միայն նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, երբ պաշտոնատար անձինք «քարոզարշավելիս» են եղել հանրապետությունում։ Դա փոսի հայտնվելուց առաջ էր։ Ենթադրվում է, որ կառուցվելիք համալիրի «հովանավորը» մի բարձրաստիճան պաշտոնյա է։ Բնակիչները նույնիսկ կանխատեսել են, թե որ թեկնածուի կամ կուսակցության հաղթանակի դեպքում շինաշխատանքները կվերսկսվեն կամ կդադարեցվեն։ Իսահակյան 24 հասցեում բնակվողները նաեւ մտավախություն ունեն, որ նորակառույցն իրենց զրկելու է արեւից եւ լույսից։ Սակայն այս դեպքում էլ Ճարտարապետական եւ քաղաքաշինական վարչությունից բնակիչներին այլ նախագիծ է ներկայացվել, ըստ որի, թիվ 24 շենքն ունենալու է ազատ տեսադաշտ։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել