Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ

Հուլիս 29,2003 00:00

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվում է 2002թ. դեկտեմբերի 28-ին սպանված Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի գործի դատաքննությունը: Գործով անցում է 13 մեղադրյալ: Սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվում է Արմեն Սարգսյանը: Սպանության մոտիվը` «շահադիտական նկատառումներով» եւ «հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Տիգրան Նաղդալյանի վարած հեռուստահաղորդումների եւ նրա ծառայական գործունեության կապակցությամբ»: Ըստ գործի նյութերի, սպանությունը կազմակերպել է Հովհաննես Հարությունյանը (Ապերը): Դրա դիմաց Ա. Սարգսյանը նրան վճարել է 75 հազար դոլար: 7 հատորանոց գործի նյութերին ծանոթացել է տուժողի շահերի ներկայացուցիչը` Ռուբեն Ռշտունին: Վերջինս մեր զրույցում նշեց, որ գործն ամբողջությամբ պատրաստ է դատաքննության: Նա հրաժարվեց գործի առնչությամբ որեւէ մեկնաբանություն անել` նշելով, որ ինքը չի կարող խախտել անմեղության կանխավարկածը: Դատական նիստը նշանակված է այն դահլիճում, որտեղ «Հոկտեմբերի 27-ի» դատավարությունն է ընթանում: Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի կարծիքով այդ հանգամանքը իր պաշտպանյալի վրա բարոյական ճնշման ձեւ է։ «Ա.Սարգսյանը հատկապես շատ է տանջվում այն մտքից, որ ինքը նույն մեկուսարանում է, որտեղ գտնվում են իր եղբոր սպանողները: Իսկ հիմա նա եղբոր սպանողների հետ նստելու է նույն դահլիճում, գուցեեւ նույն աթոռին, որտեղ Նաիրի Հունանյանն է նստում: Սա նրան ճնշող եւ դատաքննության մթնոլորտին ոչ տրամադրող վիճակ կարող է ստեղծել: Սա իմ անձնական կարծիքն է, որ ձեւավորվել է նրա հետ ունեցած զրույցների արդյունքում»,- ասաց Ռ.Գրիգորյանը: Ըստ փաստաբանի, գործի նյութերում որոշ հանգամանքներ բավարար չափով ճշտված եւ պարզված չեն: «Հանգամանքներ, որոնք առաջին հայացքից թվում են, թե էական չեն, բայց իրենց ամբողջության մեջ դառնում են խիստ էական եւ կարող են վճռական նշանակություն ունենալ օբյեկտիվ ճշմարտության բացահայտման իմաստով: Գործի որոշ տվյալներից է բխում ու այդ հիմքով եմ ես դա ասում, որ Ա.Սարգսյանը պատվիրատու չէ, բայց որքանով են դրանք այնքան ծանրակշիռ, որպեսզի վերջնական լուծման ժամանակ դատավճռի հիմքում դրվի, չեմ կարող ասել»,- նշեց փաստաբանը: Իսկ առանձին մանրամասների մասին խոսելը Ռ.Գրիգորյանը գտնում է վաղաժամ, որովհետեւ «ոչ միայն մենք, այլ նաեւ հակառակ կողմն է մտածում: Իսկ հիմա նրանց ասել, թե մենք ինչ ենք մտածում, հակառակ քայլեր անելու հնարավորություն կտանք»: Ա. Սարգսյանի պաշտպանները մեծ հակասություններ են գտել հատկապես Ղարաբաղում կատարված քննության մեջ. «Եթե մտածեինք այդքան անգրագետ ձեւով քննություն անցկացնել, երեւի չկարողանայինք այդքան հաջող անել: Անգրագիտության կլասիկ դրսեւորում է: Այն զենքը, որով սպանվել է Տ. Նաղդալյանը, բերել են հանձնել, իսկ արձանագրության տակ զենքը հանձնողի ստորագրությունը չկա: Ընդ որում, զենքի համարը եւ տարեթիվը սխալ է արձանագրված, քան իրականում այն զենքն է, որը ասօր գործով իրեղեն ապացույց է: Ջոն Հարությունյանը իբրեւ թե փետրվարի 27-ին ձերբակալված է եղել, իբրեւ թե Ստեփանակերտի մեկուսարանում նա մեղայականով հանդես է եկել մարտի 3-ին: Եթե նա փետրվարի 27-ից մինչեւ մարտի 3-ը եղել է մեկուսարանում՝ կամ պետք է ձերբակալված լիներ, կամ պետք է առնվազն կալանքի սանկցիա լիներ նրա նկատմամբ: Նրա նկատմամբ ապօրինի զենք պահելու համար քրեական գործ էր հարուցվել, բայց քրեական գործով ոչ մի պաշտոնական ցուցմունք չկա: Կա ընդամենը ոչինչ չասող ինչ-որ բացատրություն: Անհնարին բան է, ուրեմն նա ունեցել է ցուցմունք. որտե՞ղ է այդ ցուցմունքը, ինչու՞ գործի մեջ չկա այն: Ես չեմ կարող ինձ թույլ տալ մտածել, որ Ղարաբաղի ներքին գործերի նախարարության կառուցվածքում կան մարդիկ, որոնք չգիտեն, որ սանկցիայով նստած մարդուն պետք է հարցաքննել, որ եթե քրեական գործ է հարուցվել, ապա դրանից հետո ոչ թե բացատրություն, այլ ցուցմունք են վերցնում մարդուց: Եթե այդպիսի ցուցմունքներ նրանք չէին կարող չվերցնել, ապա ինչու՞ չկան գործում, որտե՞ղ են դրանք: Եթե չկան գործում, ես իրավունք ունեմ, չէ՞, ասելու, որ ինչ-որ բան էն չէ: Մյուսների ցուցմունքները նույնպես չկան: Ղարաբաղի ՆԳ նախարարի տեղակալն Աբրահամյանից ինչու՞ պետք է բացատրություն վերցնի եւ ոչ թե ցուցմունք: Ի՞նչ կապ ուներ նա այս գործի հետ: Գործը նրա վարույթում չէր, քննիչի վարույթում էր: Իսկ գործով քննիչը հարցաքննած պաշտոնական ոչ մի ցուցմունք չունի»: Ըստ Ռ.Գրիգորյանի՝ հակասություններ կան նաեւ զենքի հանձնման, հայտնաբերման հետ կապված ցուցմունքներում եւ արձանագրություններում, փողի վճարման ժամկետներում եւ չափերում, սակայն փաստաբանը այս ամենը խոստացավ ներկայացնել միայն դատարանում: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել