Լրահոս
Օրվա լրահոսը

Մերոնցից էլ վայրագ

Հուլիս 29,2003 00:00

Մերոնցից էլ վայրագ Ադրբեջանում ընտրություններից առաջ նույնպես «մաքրազարդվում է» լրատվական դաշտը Հայաստանի իշխանությունները ցնծալու բավականաչափ լուրջ հիմքեր ունեն։ Վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, բացարձակապես իրենց կամքից անկախ, նրանք կարող են ընկալվել իբրեւ ժողովրդավարության անձնուրաց առաջամարտիկներ։ Բանն այն է, որ մեր երկրում դեռ չեն հասել երկրի առաջատար լրատվամիջոցների միաժամանակ 5 ղեկավարներին ձերբակալելու գիտակցությանը։ Ընդամենը գործում է ՀՌԱՀ «անկախ» հանձնաժողովը։ Մինչդեռ Բաքվում հասկացել են, որ անհրաժեշտության դեպքում կարելի է եւ կալանել ոչ իշխանամետ լրագրողների (այդ թվում՝ «Թուրան» գործակալության տնօրենին, «Մուսավաթ» եւ «Ազադլիգ» ընդդիմադիր թերթերի խմբագիրներին) մի պատկառելի խմբի, իսկ միջազգային հանրությանը «արխայինացնել», թե դա արվել է ոչ թե քաղաքական նկատառումներով, այլ ընդամենը՝ «ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար»։ Որոշ զուգահեռներ, իհարկե, զգացվում են։ Եթե հիշում ենք, նախագահի թեկնածուի վստահված անձանց այստեղ եւս կալանում էին համանման մեղադրանքներով։ Երեկ առավոտյան Ադրբեջանի ԿԸՀ-ի մոտ բախում է տեղի ունեցել Ռասուլ Գուլիեւի Դեմկուսի եւ ոստիկանության միջեւ։ Բաքվում մի իսկական որս է սկսվել այն լրագրողների եւ առհասարակ, լրատվամիջոցների նկատմամբ, որոնք դույզն իսկ կասկածում են Թուրքիայի «Գյուլհանե» կլինիկայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող Հեյդար Ալիեւի քաջառողջությանը։ Իշխանական քարոզչամեքենան առաջվա պես շարունակում է պնդել, որ երկրի նախագահն առույգ է, լի կենսական ուժերով եւ անհամբեր սպասում է նախագահական ընտրություններին։ Տեղի փորձագետները նշում են, որ Բաքվի որոշ շրջանակներ խիստ շահագրգռված են Հեյդար Ալիեւի գործոնը, անկախ վերջինիս առողջական վիճակից, նախընտրական արշավի ողջ ընթացքում ակտիվ պահելու հարցում։ Այստեղից էլ՝ ում-ում, բայց գոնե մեզ համար շատ հասկանալի ադրբեջանական մենթալիտետի զավեշտի հասնող դրսեւորումները։ Այսօր Ադրբեջանում առանց սեթեւեթանքների հալածում են բոլոր այն լրագրողներին ու քաղաքական գործիչներին, որոնք կասկածի տակ են առնում Հեյդար Ալիեւի ստորագրությամբ հրապարակվող պետական փաստաթղթերի օրինականությունը։ Բանը հասել է այնտեղ, որ Բաքվի պաշտոնական մարմինները այդպիսիներին մեղադրում են ոչ ավել, ոչ պակաս՝ «հակապետական դավադրության» մեջ։ Եվ դա այն դեպքում, երբ ադրբեջանցի լրագրողները, իսպառ զուրկ լինելով տեղեկատվության սեփական խողովակներով ստացված տվյալները հրապարակելու հնարավորությունից, ընդամենը վերահրապարակում են միջազգային լրատվական գործակալությունների հաղորդումները։ Այս իմաստով պաշտոնական Բաքվին ուղղակի համբերությունից հանել է թուրքական «TV Star» հեռուստաընկերության այն հաղորդումը, համաձայն որի, Ալիեւի կյանքի երկարաձգման համար ամսական ծախսվում է 34 մլն դոլար։ Հետաքրքիր է, որ ինչպես օպերատիվության, այնպես էլ գնահատակնների ու շեշտադրումների ուժգնության իմաստով Ադրբեջանում կատարվող իրադարձությունների նկատմամբ նկատելիորեն անհամարժեք է միջազգային արձագանքը։ Որոշ դիտորդներ հակված են այդ երեւույթը բացատրել Արեւմուտքի նավթային շրջանակներում տիրող տրամադրություններով։ Ըստ այդմ, այստեղ մտավախություններ ունեն, թե այդպիսով կվտանգվի Ադրբեջանում իրականացվող նավթային ծրագրերի մեջ արդեն իսկ ներդրված միլիարդավոր դոլարների ճակատագիրը։ Եվ այնուամենայնիվ, մի բան ակնհայտ է. Բաքվում հաստատապես կարող են դեմ գնալ ժողովրդավարության եւ խոսքի ազատության սկզբունքներին։ Սակայն հակադրվել բնական, ֆիզիոլոգիական պրոցեսներին այնտեղ եւ անգամ առավել ավտորիտար ռեժիմներում, չեն կարող։ Ուստի ենթադրելի է, որ Ադրբեջանի օբյեկտիվորեն խիստ անհարմար վիճակի մեջ հայտնված ու շփոթված իշխանությունները, անգամ իրենց բնորոշ մենթալիտետի պարագայում, շատ շուտով ստիպված կլինեն փոքր-ինչ փոփոխել նախընտրական ռազմավարությունը։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել