ԸՆԴԴԵՄ ԴԻՎԱՅԻՆ ԽՐԱԽՃԱՆՔՆԵՐԻ Թվով 19 հասարակական կազմակերպություններից ու կուսակցություններից կազմավորված «Ազգային համաձայնության խորհրդարանը» երեկ համաժողով անցկացրեց եւ հայտարարեց «Զարթոնք» Ազգային Շարժում կոմիտեի ստեղծման մասին: Նշենք, որ 19 հասարակական կազմակերպությունների մեջ են մտնում Հայ արիական միաբանությունը, Հայաստանի կոմունիստների միությունը, «Մեկ ազգ», «Հայ ազգայնական» / ի դեպ, այս կուսակցության նախագահը ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցն է,- Լ. Ս./, «Հայաստանի սոցիալ-էկոլոգիական» կուսակցությունները, «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպությունը, «ՀՀ ցեղասպանության դեմ պայքարող պատերազմի ու աշխատանքի վետերանների» միությունը եւ այլ նման անվանումներ կրող միություններ ու միավորումներ: «Արթնացի՛ր, հա8217յ մարդ» կարգախոսը կրող այս համաժողովում ՀԱՄ նախագահ Արմեն Ավետիսյանն՝ իր «Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, նոր ազգային ուժերի անհրաժեշտությունը եւ անելիքները» խորագրով ելույթում, որը կարծես պիտի վերաբերեր գործող իշխանությանը, շարունակ հիշատակում էր ՀՀՇ-ին. «ՀՀՇ-ն հիմք դրեց Հայոց պետության ապազգայնացմանն ու թալանչիական սեփականաշնորհմանը…8230աղանդավորությունը, անբարոյականությունը, հատկապես միասեռականությունը դարձան զարգացածության չափանիշ»: Իսկ նմանների համար, ըստ Ա. Ավետիսյանի, միայն մեկ «պատիժ» կա. «Ազգային արդար դատաստան, որն ազգային իշխանության իրավունքն ու պարտականությունն է»: Ա. Ավետիսյանը համոզված է, որ այսօր էլ է ՀՀՇ-ն իշխանություն Հայաստանում, քանի որ 1998թ. տեղի է ունեցել «ձեւական ու պալատական իշխանափոխություն»: Իսկ այսօրվա «վերնախավ կոչեցյալն», ինչպես նշեց Ա. Ավետիսյանը, դղյակներ ու հասարակաց զվարճատներ է կառուցում, «ու տրվում դիվային խրախճանքի»: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նա, ըստ Ա. Ավետիսյանի, նույն կարգավիճակում է՝ ինչ իշխանությունը, քանի որ «ապավինեցին գերտերությունների քմահաճույքներին»: Իսկ Հայաստանի կոմունիստների միության նախագահ Իշխան Թովմասյանը հայտարարեց, որ իրենց խորհրդարանն արդեն ձեւավորել է «բոլոր բաժինները», ու կանխելու են ԱԺ ցանկացած «ազգադավ որոշում»: Թե ինչպես՝ Թովմասյանը չմանրամասնեց, միայն նշեց, որ իրենք հիմա աշխատում են Սահմանադրության նախագծի վրա: Լ. Ս.