Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է

Հուլիս 29,2003 00:00

ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակի հիմնադիր ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվը շաբաթավերջին կմեկնի Հայաստանից: Իսկ երեկ նա հրավիրել էր ամփոփիչ ասուլիս, որի հիմնական թեմաներից մեկը «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի խնդիրն էր: Ռոյ Ռիվն ասուլիսում ընդգծեց. «Հայաստանի ընտրությունների հարցը դեռեւս փակված չէ՝ ԵԱՀԿ տեսանկյունից» ու նշեց. «Մենք ակնկալում ենք, որ «Ընտրական օրենսգրքում» կկատարվեն փոփոխություններ՝ մինչեւ հաջորդ ընտրությունները»: «Առավոտը» սակայն հիշեցրեց, որ միջազգային դիտորդական առաքելությունը գործող «Ընտրական օրենսգիրքն» էլ էր բավարար համարել բնականոն ընտրություններ անցկացնելու համար: Այսինքն՝ խնդիրն ամենեւին օրենքը չէ: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Ռոյ Ռիվը նշեց. «Խնդիրը նաեւ «Ընտրական օրենսգիրքն» է ու հանձնաժողովների ձեւավորման կարգը. այս ոլորտում անհրաժեշտ են փոփոխություններ»: Տեղեկացրեց, որ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ վերջնական զեկույցը հրապարակվելու է հաջորդ շաբաթ: Ռոյ Ռիվն իր դիվանագիտական առաքելությունը կշարունակի Վրաստանում, որտեղ նույնպես կգլխավորի ԵԱՀԿ ներկայացուցչությունը եւ, ինչպես ինքը նշեց՝ «դժբախտաբար» էլի կներգրավվի ընտրական գործընթացներում: «Առավոտի» հարցին, թե անհրաժեշտ չի՞ համարում, որ ինչպես Վրաստանի պարագայում է՝ Հայաստանի ԿԸՀ նախագահին եւս նշանակի ԵԱՀԿ-ն, Ռոյ Ռիվը պատասխանեց, թե դեռեւս վերջնական չէ, որ Վրաստանի ԿԸՀ նախագահին իրենք են նշանակելու. «Կարծում եմ՝ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումներից հետո բոլոր խնդիրները կարող են կարգավորվել Հայաստանում: Իսկ Վրաստանում ԿԸՀ նախագահի նշանակման հարցում, կարծում եմ, ԵԱՀԿ-ն պիտի ունենա առավել խորհրդատվական դեր: ԵԱՀԿ-ն կառաջարկի մարդկանց ցանկը, որոնցից կկատարվի ընտրություն»: Ռոյ Ռիվը հաղորդեց, որ ԵԱՀԿ գրասենյակը, համագործակցելով Եվրախորհրդի հետ՝ ստեղծել է երկու աշխատանքային խումբ, որոնք զբաղվում են «Զանգվածային լրատվության մասին» օրինագծի մշակմամբ, ինչպես նաեւ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի» բարեփոխմամբ: Վերջին խնդիրը փոխկապակցվում էր «Ա1+»-ին եւ «Նոյյան տապանին» եթեր չտրամադրելուն, որի առնչությամբ Ռոյ Ռիվը հիշեցրեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Ֆրեյմուտ Դյուվեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ, դեսպան Դան Էվերտսի արտահայտած մտահոգությունը: Վերջինս արտգործնախարար Վարդան Օսկանյանին ուղղված նամակում նշել էր. «Այն փաստը, որ երկու հեռուստաընկերություններն էլ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հեռարձակվելու հնարավորությունից զրկված են՝ մտահոգություն է առաջացնում Հայաստանում հեռարձակվող լրատվամիջոցների բազմակարծության բնույթի կապակցությամբ»: Թե ինչ է այս նամակին արձագանքել պրն Օսկանյանը՝ առայժմ մեզ ոչ մի կերպ չի հաջողվում պարզել: Սակայն իշխանական գործիչներն այլ առիթներով արդեն իսկ հայտարարել են, թե Հայաստանում չկա բազմակարծություն ապահովելու խնդիր եւ մասնավոր այլ հեռուստաընկերությունները լիովին ներկայացնում են այլընտրանքային կարծիքներ: «Առավոտի» հարցին, թե արդյոք կպնդի՞, որ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի բացակայությամբ իրոք Հայաստանում բազմակարծության առումով խնդիրներ են ծագում՝ Ռոյ Ռիվը հաստատեց. «Դա հենց այն է, ինչ մենք ասում ենք: Ես համամիտ եմ մեր գործող նախագահության հայտարարությանը, որ եթե մարդիկ զրկվում են որոշակի հեռուստաընկերություններ դիտելու հնարավորությունից, ապա բազմակարծության առկայության խնդիրը դառնում է մտահոգիչ: Այդ պատճառով է, որ կարծում ենք, թե գործող օրենսդրությունը կարիք ունի վերափոխման»: Մասնավորապես նշեց. «Եվրոպական երկրներում գործնականում ընդունված չէ, որ արդեն գործող եւ հեռարձակվող ընկերությունները նորից դիմեն վերահաստատվելու եւ իրենց հաճախությունը վերստանալու համար: Եվ համոզված եմ, որ օրենքի այդ դրույթը կարիք ունի վերանայման»: Բացի այդ՝ ըստ Ռոյ Ռիվի, պիտի փոխվի նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմավորման սկզբունքը: Հիշեցնենք, որ այդ հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի նախագահը: Սակայն երբ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հետաքրքրվեց, որ արդյոք այս ակնարկի ենթատեքստն այն է, թե ով նշանակում է ՀՌԱՀ անդամներին՝ նրա կամքով էլ մրցույթում պարտված ճանաչվեցին անկախ հեռուստաընկերությունները՝ դեսպանն ասաց. «Իմ ակնարկը դրան չէր վերաբերում: Ընդամենն ուզում եմ ասել, որ պետք է անդրադառնալ, թե որքանո՞վ են անկախ կամ արհեստավարժ Ազգային հանձնաժողովի անդամները, եւ ի՞նչ փոփոխություններ կարելի է իրականացնել այդ գործընթացում՝ գործող Սահմանադրության համաձայն»: Նշենք նաեւ, որ ըստ ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի՝ «Դատական այս բոլոր ձգձգվող գործընթացները բոլորովին չօգնեցին գործին»: Ի դեպ, Ռոյ Ռիվին խնդրեցին գնահատել, թե արդյոք Հայաստանում կա՞ լուրջ տեղաշարժ ժողովրդավարության ոլորտում՝ հատկապես հաշվի առնելով 2003-ի ընտրությունները: «Ես մի նախադասության մեջ, իրար կողքի չէի դնի ընտրությունները եւ ժողովրդավարությունը,- պատասխանեց դեսպանը:- Ընտրությունների առումով դեռեւս անելիքներ կան, մինչդեռ ժողովրդավարության առումով՝ մի շարք ոլորտներում նկատվել է առաջընթաց»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. Ի դեպ, ՀՅԴ եւ ՀՀԿ ներկայացուցիչները հայտարարել են, թե աշնանային նստաշրջանում փոխելու են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որ բացառեն սուբյեկտիվիզմը մրցութային հայտերը գնահատելիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել