Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՆԱՆԸ ԵԴ-Ն ԿՔՆՆԻ «Ա1+»-Ի ՀԱՅՑԸ

Հուլիս 29,2003 00:00

ԱՇՆԱՆԸ ԵԴ-Ն ԿՔՆՆԻ «Ա1+»-Ի ՀԱՅՑԸ «Լուրջ հույսեր ունենք, որ այս տարվա ընթացքում քննարկումներ կլինեն Եվրոպական դատարանում եւ գործն արդեն վարույթ կմտնի,- շաբաթ օրը «Ազդակ» ակումբում հանդիպման ժամանակ ասաց «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: – Անպայման վարույթ կմտնի մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր: Մեր անգլիացի իրավաբանների հետ միասին մեծ հույսեր ունենք, որ այս հարցը պետք է լսվի ավելի արագացած տեմպերով»: Ներկայումս Երեւանում են բրիտանացի իրավաբանները, որոնք, ըստ Մեսրոպ Մովսեսյանի՝ արդեն ավարտում են 2002-ի ապրիլից ի վեր կապուղիների մրցույթների փաստաթղթերի հավաքման գործընթացը, որ այնուհետեւ դրանք փոխանցեն Ստրասբուրգ եւ կցեն գործի 20 հատորներին: «Ա1+»-ի նախագահը խոստովանեց, թե իր համար ցավալի է՝ չէր ուզենա, որ «դրսից քեռիներ գային՝ մեր հարցերը լուծելու», քանի որ դրա դիմաց Հայաստանը որոշակի կորուստներ կկրի. «Բայց այնպիսի պատնեշ է, որ ուզես-չուզես՝ դինամիտը դրսից պետք է բերել ու պայթեցնել»: Մեկնաբանելով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի վերջին որոշմանը կոալիցիայի գործիչների բացասական արձագանքները՝ Մեսրոպ Մովսեսյանն ասաց, որ իշխանամետ քաղաքական գործիչներին «Ա1+»-ն անհրաժեշտ էր ընդդիմության հետ երկխոսություն հաստատելու համար: Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանություններ-Եվրախորհուրդ հարաբերություններում «Ա1+»-ի հարցը մի խաղաքարտ է: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը փոփոխելու անհրաժեշտության վերաբերյալ էլ ասաց. «Եկեք նախ հարգենք օրենքը, առաջնորդվենք դրանով, հետո փոխենք»: Նա համոզված է, որ «աշխարհի լավագույն օրենքն իսկ չի գործի մեր երկրում»: Այնուամենայնիվ, ըստ պարոն Մովսեսյանի՝ մեր երկիրը չի կարող գոյատեւել, քանի դեռ չի գիտակցվում ազատ խոսքի արժեքը: «Հ1-ն այսօր ազատ խոսքի, ազատ մտքի, բազմակարծության իմիտացիա է ստեղծում՝ դրանով ստվեր գցելով իսկական ազատ խոսքի վրա»,- ասաց նա: Իսկ լրագրողներից մեկի հարցին էլ, թե «ինչո՞ւ «Ա1+»-ն այլ հեռուստաընկերություններից եթերաժամ չի գնում» վստահ պատասխանեց. «Եթե ես 2,5 մլն դոլար տամ Բագրատ Սարգսյանին՝ թույլ կտա՞ ինչ ուզեմ՝ ասեմ: Թույլ չի՛ տա»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել