Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ներկայացուցիչը Ազգային ժողովում

Հուլիս 29,2003 00:00

ԵՄ ներկայացուցիչը Ազգային ժողովում Հայաստանում է գտնվում Եվրամիության Հարավային Կովկասի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի գլխավորած պատվիրակությունը։ Երեկ պատվիրակությունը հանդիպեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի, այնուհետեւ՝ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների ղեկավարների հետ։ Պրն Տալվիտիեն նշեց, որ իր գործունեության նպատակը տարածաշրջանային հակամարտություններին աջակցելն է։ Տարեվերջին պատրաստ կլինի իր զեկույցը աշխատանքային այցի մասին։ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հյուրերին հայտնել է, թե երկրում պահպանվում է կայուն վիճակը եւ երկրի ղեկավարությունն ընդունում է բարեփոխումների անհրաժեշտությունը։ Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ շարունակվում է նաեւ տնտեսական աճը, լուրջ ուշադրություն է դարձվում հակակոռուպցիոն պայքարին, ու թեեւ ձեւերի եւ տարողունակության մասին տարաձայնություններ կան, պետականորեն գիտակցվում է, որ կոռուպցիան լուրջ սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հանդիպման ընթացքում շոշափվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ։ Պրն Հովհաննիսյանը նշել է, որ ադրբեջանական կողմից վերջին ամիսներին հնչող ագրեսիվ հայտարարությունները, որքան էլ նախընտրական բնույթ ունեն, կարող են դժվարացնել Ղարաբաղյան խնդրով բանակցությունները՝ ժողովրդի մեջ ստեղծելով անհանդուրժողական վերաբերմունք։ Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ, հարցը ներկայացվել է հետեւյալ կերպ՝ սահմանի բացման հնարավորությունը պետք է դիտել հարաբերությունների ընդհանուր համատեքստում, հարաբերությունների հաստատումը, ըստ Վահան Հովհաննիսյանի, մեծապես կախված է ցեղասպանության ճանաչումից։ «Արդարություն» խմբակցության եւ ԵՄ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Ստեփան Դեմիրճյանը նշել է, որ կարեւորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը, եւ կարծիք հայտնեց, որ Կովկասը պետք է դառնա ոչ թե հակամարտությունների, այլ՝ համագործակցության գոտի։ ԵԽ-ի առջեւ ստանձնած Հայաստանի պարտավորությունների մասով պրն Դեմիրճյանը նկատեց՝ որ չի կարելի շեշտը դնել մի պարտավորության վրա (այս դեպքում՝ մահապատիժ), մոռանալով մյուս պարտավորությունները։ Ըստ «Արդարություն» խմբակցության ղեկավարի, եվրակառույցներին ինտեգրումը պետք է սկսել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելով եւ խոսքի ազատության իրավունքը չոտնահարելով։ «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը մտահոգություն հայտնեց, որ տարածաշրջանային զարգացումների արդյունքում կարող է ստեղծվել մեծ իսլամական պետություն։ Եվ՝ Հայաստանի ապագան Եվրամիության անդամակցության մեջ տեսնելով, պրն Գեղամյանը բարձր գնահատեց ԵՄ դերը տարածաշրջանային համագործակցության առումով։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել