Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՂՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ»

Հուլիս 29,2003 00:00

«ՎԱՂՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ» Ասում է ԿԸՀ փոխնախագահ Համլետ Աբրահամյանը՝ բացասական գնահատական տալով ԵԱՀԿ-ի կողմից ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը վրացիներին առաջարկեց ԸՕ նոր նախագիծ, որը եւ մեր հարեւաններն ընդունեցին։ Ըստ այդմ, բոլոր ընտրական հանձնաժողովները պիտի կազմված լինեն իշխանության հինգ եւ ընդդիմության ինն անդամներից, իսկ ԿԸՀ նախագահին պիտի նշանակի ԵԱՀԿ-ն։ Հարցի վրացական լուծումը, ինչպես պարզեցինք երեկ, Հայաստանում չի կարող իրականություն դառնալ։ Ե՛վ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարի գրեթե բոլոր ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին հարցի նմանօրինակ լուծմանը։ ԿԸՀ նախկին նախագահ Արտակ Սահրադյանը նկատեց, որ, իհարկե, հարցի լուծումը յուրաքանչյուր պետության գործն է, սակայն Վրաստանի խորհրդարանի նման որոշումը պրն Սահրադյանի համար անհասկանալի է։ ԿԸՀ գործող նախագահ Գարեգին Ազարյանը, երեկ, կարծես թե, խուսափեց «Առավոտի» հետ շփվելուց։ Փոխարենը, հասանելի էր ԿԸՀ նախագահի տեղակալ, ՀՅԴ-ն ներկայացնող Համլետ Աբրահամյանը, որն էլ իր հերթին նկատեց, թե հարցի նման լուծումը Վրաստանի պետության խնդիրն է, սակայն, ըստ պրն Աբրահամյանի՝ բացարձակապես սխալ է թույլ տալ, որ ԵԱՀԿ-ն նշանակի ԿԸՀ նախագահին. «այդ դեպքում թող բոլոր հանձնաժողովների նախագահներին ու անդամներին էլ ԵԱՀԿ-ն նշանակի, թող իրենք գան ընտրություն անեն։ Ես դա դիտում եմ միջամտություն երկրի ներքին գործերին։ Նորմալ է, երբ ԿԸՀ ինն անդամներն ընտրվում են ընդդիմությունից, հինգը՝ կառավարությունն է ներկայացնում, թող իրենք էլ իրենց միջից նախագահ ընտրեն։ ԵԱՀԿ-ն ի՞նչ կապ ունի դրա հետ։ Ի՞նչ է նշանակում՝ ԿԸՀ նախագահին ԵԱՀԿ-ն է նշանակում, վաղն էլ կարող են վարչապետին նշանակել, ԱԳ նախարարին նշանակել»։ «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը նկատեց, որ Վրաստանում ԿԸՀ-ի անդամների նշանակման հարցում (ինն՝ ընդդիմադիր, հինգը՝ իշխանական) առաջնորդվել են հետեւյալ չափանիշներով. «մեր տիպի երկրներում թիվ 1 կեղծարարը իշխանական կուսակցություններն են եւ իշխանությունը, հետեւաբար՝ նրանք պետք է փոքրամասնություն ունենան։ Հաջորդը՝ ինչո՞ւ ամբողջը չեն տալիս ընդդիմությանը. դեռ այնքան հասուն չենք եւ այդ դեպքում չի բացառվում, որ ընդդիմությունը կկեղծի, երրորդը՝ ընդդիմադիր կուսակցությունն ընտրության ժամանակ կարող է ուղղակի ծախվել, ինչը մենք Հայաստանում տեսել ենք։ Այս ամենից ելնելով, Վրաստանում հանգել են ԿԸՀ-ի անդամների ընտրության նման սկզբունքի»։ Ըստ Շավարշ Քոչարյանի՝ այս ամենը կիրառելով, Վրաստանը դուրս է եկել ԵԽ մահակի տակից, քանի որ բարի կամք է հայտնել՝ անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ. «սակայն, սա երաշխիք չէ, ես չեմ բացառում, որ բախումներ կլինեն, սակայն, հանձնաժողովների մակարդակով հարցը լուծված է»։ Պրն Քոչարյանը մեկ ոչ պակաս կարեւոր հանգամանքի եւս ուշադրություն հրավիրեց. սեպտեմբերի 1-ից վրացիներն իրենց ընտրողների ամբողջական ցուցակը կմտցնեն ինտերնետ։ Սա, ըստ Շավարշ Քոչարյանի, ամբողջությամբ թափանցիկ կդարձնի պրոցեսը. «այսինքն՝ խաղերը կբացառվեն, այո՝ Վրաստանի քաղաքացի է, բայց, եթե հաշվառված է Մոսկվայում, ապա ցուցակում իրավունք չունի գտնվել, եւ ինտերնետում ընդգրկված տվյալ քաղաքացին, որ այլ երկրի հաշվառում ունի, կկարողանա ահազանգել, որ իրեն այստեղից հանեն։ Այդ տեսակետից ես Վրաստանում կատարվածը նորմալ եմ համարում։ Շատերը ստորացուցիչ են համարում, որ ԿԸՀ նախագահին նշանակում է ԵԱՀԿ-ն, բայց, եթե այս ընտրություններով Վրաստանը մի լուրջ թռիչք կատարի դեպի իրավական, ժողովրդավարական երկիր, այդ բոլորը կմոռացվի եւ կմնա միայն այն, որ Վրաստանը կդառնա տարածաշրջանում թելադրող երկիր»։ Պրն Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է վրացական տարբերակի տարածումը Հայաստանում։ Ըստ մեր զրուցակցի՝ ոչ, որովհետեւ. «մենք պրոբլեմ ունենք, այդ բոլոր համաձայնությունների համար պետք է լինի միջնորդ, որը բոլորի կողմից ընդունված է։ Վրաստանում չկան հակաամերիկյան կուսակցություններ, ըստ էության, այդ համաձայնության միջնորդը վրացիների համար եղել են ամերիկացիները, վերջնական համաձայնությունը կայացել է հենց Բեյքերի շնորհիվ։ Հայաստանում այդ տեսակետից բավականին բարդ է։ Եթե մենք այդպիսի բան ցանկանանք անել, միջնորդությամբ հնարավոր չի լինի, բարի կամքը պետք է ներսից լինի։ Իսկ սա ռեալ չի։ Վրաստանում եւս ռեալ չէր, քանի դեռ չկար դրսի միջնորդությունը։ Իսկ մեզ մոտ դա, կրկնում եմ, հնարավոր չէ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել