Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են «ծախել» Ն. Բադալյանին

Հուլիս 26,2003 00:00

Ովքեր են «ծախել» Ն. Բադալյանին «Հոկտեմբերի 27» քրգործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երբեք այդքան բազմամարդ չէր եղել եւ երբեք մետաղորսիչ սարքի զրնգոցի արդյունքում ոստիկանությունն այդքան գրպանի մկրատ, դանակ չէր առգրավել, ինչպես երեկ։ Վկա Նաիրի Բադալյանն էր պատճառը, որին հարցաքննեցին նախ փաստաբաններ Աշոտ Սարգսյանն ու Օլեգ Յունոշեւը, ապա պաշտպանական կողմը՝ ամբաստանյալներ Նաիրի Հունանյանն ու Էդիկ Գրիգորյանը։ Ամբաստանյալ Ն. Հունանյանը դատարանին տված իր ցուցմունքներում ասել էր. «Բադալյանի իրական առաքելության մասին տված ցուցմունքները պնդում եմ»։ Իսկ «իրական առաքելությունը» չէր ընկալվում հարց տվողների կողմից, որքան էլ վկան պնդում էր, որ գնացել է ԱԺ 1999թ. հոկտեմբերի 27-ին հանդիպելու սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի հետ։ Վկան չէր կարողանում դատարանին համոզել, որ չի տեսել Հրայր Թովմասյանին, որ ինքը ԱԺ նիստերի դահլիճի կրակոցներից առաջ 4 րոպե չի կորել կարմիր նախասրահում, ինչում համոզված էր փաստաբան Աշոտ Սարգսյանը։ Վերջինս պնդում էր նաեւ, որ վկան գտնվել էր նիստերի դահլիճում եւ առնչություն ունի կատարված ահաբեկչության հետ։ Այս ամենն ուղեկցվում էր դատաքննությանը հետեւողների՝ վկային ուղղված ռեպլիկներով (բազմակի զգուշացումներից հետո դատավոր Սամվել Ուզունյանը մեկին նույնիսկ դուրս հրավիրեց)։ Ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանին հետաքրքրեց, թե նախկին դաշնակցական Նաիրի Բադալյանը երբվանի՞ց է ընդունվել Հանրապետական կուսակցության մեջ։ Պարզվեց՝ 1999թ. մարտին։ Ամբաստանյալն ապա արեց արտառոց եզրահանգում. «Ձեր եւ Ռազմիկ Մարտիրոսյանի ցուցմունքները հակասական են։ Այն մարդիկ, որոնց համար ջանք ու եռանդ չեք խնայել, ձեզ ծախել են։ Ձեր տված ցուցմունքները ձեր կուսակիցները չպնդեցին»։ Սակայն վկան այնքան էլ հակված չէր ընդունելու ասվածը եւ գտավ, որ իր եւ Ռազմիկ Մարտիրոսյանի ցուցմունքների միջեւ էական հակասություններ չեն եղել։ Ամբաստանյալի մի նախադասություն էլ գրավեց մեղադրողների ուշադրությունը։ Է. Գրիգորյանը ասաց. «Ազատության մեջ մնալով հնարավորություն եք ունեցել խոշտանգումների մասին ասելու։ Բոլո՞ր խոշտանգումների դեմ եք բողոքել։ Դուք մեկուսարանում տեսաք եւ հասկացաք ովքեր էին ձեզ խոշտանգողները»։ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը միջնորդեց կամ քրեական գործ հարուցել, կամ նախկին մեղադրյալի նկատմամբ կարճման որոշումը վերացնել։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել