Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՏԱԿԱԴՐՎԵԼ ԵՆ ԲԿՄԱ-ԻՆ ԷԼ ԱՆՑՆԵԼ

Հուլիս 26,2003 00:00

ՆՊԱՏԱԿԱԴՐՎԵԼ ԵՆ ԲԿՄԱ-ԻՆ ԷԼ ԱՆՑՆԵԼ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցան Ռեյկյավիկից մեկնել է Բուլղարիա՝ ծանոթանալու Չեմպիոնների լիգայի մրցաշարում մեր հաջորդ մրցակցին՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ին։ Ուստի երեկ գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի չեմպիոնի՝ Իսլանդիայում անցկացրած հանդիպման մանրամասների մասին զրուցեցինք «Փյունիկի» երկրորդ մարզիչ Միխալ Ստոյկայի հետ։ «Արդյունքը բավարարում է մեզ եւ մենք դրա համար ուրախ ենք,- ասաց ռումինացի մասնագետը։- Հանդիպման ընթացքի մեծ մասում դաշտում նախաձեռնությանը տիրում էր «Փյունիկը»։ – Մենք պաշտպանվելու, եղած արդյունքը պահպանելու նպատակով չէինք մեկնել Ռեյկյավիկ։ Մենք գնացել էինք գրոհելու, հաջողությունը զարգացնելու համար։ Մենք լավ գիտեինք, որ մեկ գոլ խփելը վերջնական հաղթանակ էր նշանակում։ Ու այդպես էլ եղավ։ – Երբ այս անգամ էլ Պերալտան չիրացրեց 11 մետրանոցը, մարզիչներն ի՞նչ զգացումներ ապրեցին։ – Մտածում էինք եւ ենք, թե ո՞ւմ կարելի է այսուհետեւ վստահել 11 մետրանոց հարվածները։ – Եվ ի՞նչ։ – Պիտի փորձարկենք այնքան ժամանակ, մինչեւ գտնենք որեւէ մեկին։ Հուսանք, որ Վարդան Մինասյանը շարք վերադառնալով ինքը կստանձնի այդ պարտականությունը։ – Սոֆիայի ԲԿՄԱ-ի մասին բավարար տեղեկություններ ունե՞ք։ – Անցած տարի ունեինք լիակատար տեղեկություն, բայց այս ընթացքում ԲԿՄԱ-ում բավականաչափ բաներ են փոխվել։ Նրանք ձեռք են բերել նոր խաղացողներ։ Եվ մեզ անհրաժեշտ է իմանալ, թե մրցակիցն ինչ վիճակում է այս պահին։ Դրա համար էլ Ստոյկիցան մեկնեց այնտեղ։ Ֆիզպատրաստության գծով մարզիչ Ռուբեն Բրիտես. – Այն աշխատանքը, որ կատարում ենք թիմի ամենօրյա մարզումները կազմակերպելիս, նպատակաուղղված է Չեմպիոնների լիգայի խաղերին։ Եվ ցանկացած նախորդ հանդիպում մեզ համար ֆիզիկականի նախապատրաստություն է ՉԼ-ի հաջորդ խաղին։ «Ռեյկյավիկի» հետ խաղում տղաներն ապացուցեցին, որ ի զորու են պատրաստվածության ավելի բարձր մակարդակ ցույց տալ։ Իհարկե, ասածս չի նշանակում, թե այս ոլորտում ամեն բան կատարյալ է։ Անելիքներ շատ ունենք ու շարունակելու ենք աշխատել։ Ինչ վերաբերում է ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը, «Փյունիկն» այն պայմաններում է, որ կարող է կատարել մարզչի ցանկացած առաջադրանք։ Իր խփած գոլի եւ ընդհանրապես հանդիպման մասին պատմեց «Փյունիկի» հարձակվող Աղվան Մկրտչյանը։ «Մեր հերթական գրոհներից մեկի ժամանակ գնդակն ստացա ձախ եզրում։ Տեսա, որ կարող եմ շրջանցել մրցակցի մի քանի պաշտպանի ու տեղաշարժվել դեպի կենտրոն,- պատմեց Աղվանը,- ստացվեց։ Հայտնվեցի նպաստավոր դիրքում։ Գիտեի, որ «Ռեյկյավիկի» դարպասապահը վստահ չի զգում հատկապես դեպի ձախ կատարված հարվածների ժամանակ։ Մոտ 16 մետրից հարվածեցի այդ ուղղությամբ ու գնդակը հայտնվեց ցանցում»։ – Իսկ ումի՞ց ստացար փոխանցումը։ – Ճիշտն ասած՝ չեմ հիշում։ – Խաղի մասին ի՞նչ կասես։ – Նորմալ անցավ։ Սկզբում նրանք նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը։ Բայց մենք կարողացանք աստիճանաբար հանդիպման ընթացքը տեղափոխել մեզ նպաստավոր հուն։ – Ինչպե՞ս ծնվեց 11 մետրանոցը «Ռեյկյավիկի» դարպասին։ – Դա առաջին խաղակեսում էր։ Ես գնդակը փոխանցեցի Միգել Սիստեռնային։ Նա տուգանային հրապարակում շրջանցեց վերջին պաշտպանին, ու իսլանդացին նրան վայր գցեց։ – Իսկ ինչպե՞ս «հաջողացրիք» ինքներդ էլ 11 մետրանոցով պատժվել։ – Մեր դարպասապահը գնդակն ուղարկեց վերջին պաշտպանին։ Նա էլ փորձեց հասցեագրել Խոսե Բիլիբիոյին, բայց սխալվեց։ Նրանց հարձակվողը խլեց գնդակը եւ ներխուժեց տուգանային։ Խոսեն էլ վերջինի առաջընթացը կասեցրեց կանոնների խախտումով։ – Ի՞նչ է մտածում թիմը ԲԿՄԱ-ի հետ հանդիպման մասին։ – Այս հաղթանակը ոգեւորել է բոլորիս։ Մենք հոգեբանական վերելքում ենք։ Պիտի շատ լավ նախապատրաստվենք ու պայքարենք։ Ուզում ենք էլի հաղթել։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել