«ԴԱ ՏԽՄԱՐՈՒԹՅՈ՛ՒՆ Է» ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի փաստարկներից մեկին այսպես արձագանքեց խորհրդարանի եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: -Մտադի՞ր եք իրականացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի առաջարկը եւ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի՝ «Ա1+»-ին եւ «ՆՏ»-ին կապուղի պիտի հատկացվի առանց մրցույթի: – Նա չունի նման առաջարկ անելու լիազորություն: Յուրաքանչյուր պատգամավոր հիանալի գիտի իր լիազորությունները եւ կարիք չկա հուշելու: Շատ ավելի լավ կլինի, որ յուրաքանչյուրն իմանա ի՛ր լիազորությունները եւ գործի դրանց շրջանակում: Ընդ որում՝ հաշվի առնելով ոչ միայն օրենքները, այլ նաեւ այն, որ կան չգրված օրենքներ՝ բարոյական, քաղաքական եւ այլն: – ՀՌԱՀ նախագահի մի դիտարկումը ճշմարիտ կարող է թվալ, ըստ որի՝ Դուք «պաթետիկ ոճով» սկսեցիք քննադատել միայն այժմ, թեեւ այդ ամենն ավելի «բնական ու ըմբռնելի» կլիներ 2002-ի ապրիլի մրցույթից հետո: «Իրադարձությունների արձագանքն այս մարդկանց մոտ առաջանում է առնվազն 1,5 տարի ուշացումով: Բացառապես լավ երեւույթ չի»,- «Հայլուրից հետո» հայտարարեց պրն Ամալյանը: – Չեմ ուզում մեկնաբանել, թե ով եւ ինչպես է ընբռնում կամ ինչ կարողություններ ունի: Եվ ոչ էլ ցանկանում եմ իմ մեկնաբանությունները հարմարեցնել այս կամ այն անձի ըմբռնելու կարողություններին: 2002-ի ապրիլին եւս եղել են արձագանքներ, իհարկե՝ այլ դրսեւորումներով: Մրցույթից մի քանի օր անց մեկնել եմ Ստրասբուրգ՝ մեր պարտավորությունների առնչությամբ տարբեր հարցեր քննարկելու: Ինձ հետ տարա նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը եւ խնդրեցի անցկացնել փորձաքննություն: Այն անցկացվել է, առաջարկներ կան, որոնցից գոնե մեկը վերաբերում է հենց այն հանգամանքին, որը որոշիչ դեր ունեցավ այս մրցույթի ժամանակ՝ խոսքը ֆինանսական գործոնի մասին է: Օրենքը սահմանել է, թե ինչ չափանիշներ պիտի հաշվի առնվեն մրցույթի հաղթողին որոշելու համար, բայց օրենքը (իմ կարծիքով՝ արդարացիորեն) չի մանրամասնել, թե ո՛ր գործոնն ինչպե՛ս պետք է հաշվի առնվի: Մասնավորապես, եթե խոսքը ֆինանսական գործոնի մասին է, կարծում եմ՝ ամեն ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ ֆինանսական գործոնը չի կարող դառնալ թվային համեմատությունների առարկա: Ընդամենը պիտի գնահատվի՝ կա՛մ բավարար է ծրագիրն իրագործելու համար, կա՛մ ոչ: – ՀՌԱՀ-ը հենց այդպես էլ փաստարկում է, թե ներկայացված ֆինանսական հնարավորությունները բավարար չեն խոստացված ծրագրերն իրականացնելու համար: – Ոչ, նրանք նաեւ ասում են, թե մյուս հեռուստաընկերություններն ավելի մեծ հնարավորությունների տեր են եւ ավելի շատ ֆինանսական միջոցներ էին առաջարկում: Իսկ սա, իմ կարծիքով, պարզապես ճիշտ չէ: Բացի այդ՝ եթե հայտարարում են, թե այդ ֆինանսական միջոցներով չեն կարող տվյալ ծրագրերն իրագործել՝ դա մերկապարանոց չպիտի հնչի եւ պիտի լինեն հիմնավորումներ: Այլապես նման ձեւով կարելի է սուբյեկտիվ մոտեցում ունենալ ցանկացած չափանիշի նկատմամբ՝ չի՛ բավարարում, եւ վե՛րջ: – ՀՌԱՀ նախագահը իր հիմնավորումները հենց այդպես էլ ներկայացնում է՝ «տեխնիկական միջոցները բավարար չեն», դրանք նորացնելու հնարավորությունը «բացառապես համոզիչ չէր»: Նման փաստարկները Ձեզ համար բավարա՞ր են: – Եթե բավարար լինեին, բնականաբար, արձագանք էլ չէր լինի: Մյուս կողմից՝ արձագանք է եղել նաեւ այն պատճառով, որ այն հեռուստաընկերությունները, որոնք շահել են մրցույթում՝ մի զգալի մասն արդեն դրսեւորված իր ստեղծագործական կարողություններով, իմ կարծիքով, էապես զիջում է «Ա1+»-ին: Սա ասում եմ որպես քաղաքացի եւ հեռուստադիտող: – ՀՌԱՀ նախագահն արդեն դիտողություն է արել, որ հայտարարություններ չանեք բոլոր անաչառ մարդկանց անունից, քանի որ այդ իրավունքը չեք վաստակել «մեծամասնական կարգով ինչ-որ ընտրությունների արդյունքում»: – Դա տխմարությո՛ւն է, քանի որ ես որեւէ մեկի անունից հանդես չեմ եկել երբեք: Միշտ ասում եմ իմ կարծիքը: Այնպես որ՝ որեւէ մեկն իրավունք չունի ուրիշին ենթադրյալ մտքեր վերագրելու, եւ ըստ դրա՝ հետո պատասխաններ տալու: Եվ ընդհանրապես՝ կարծում եմ, ծավալված այս բանավեճ-լեզվակռիվն արժանի էլ չէ լուրջ մեկնաբանությունների եւ քննարկումների: Կարեւորը երեւույթն է եւ հետեւյալ հանգամանքը. ցավոք, կան խնդիրներ, որոնց նման որոշումներով տրվում է հանիրավի քաղաքական երանգավորում, ինչը բոլորովին շահեկան չէ Հայաստանի համար՝ հատկապես այս իրավիճակում, երբ արդեն իսկ կան խնդիրներ եվրոպական կառույցների հետ: Չեմ կարծում, թե եվրոպական կառույցների ղեկավարները Գրիգոր Ամալյանի հետ ունեն ինչ-որ անձնական խնդիրներ եւ այդ պատճառով են նման արձագանքներ տալիս: -Այնուամենայնիվ՝ հնարավո՞ր է Ձեր, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի, Արթուր Բաղդասարյանի եւ պետական այլ պաշտոնատարների՝ այս խնդրի առնչությամբ տեսակետները որակել իբրեւ ներազդեցության, ճնշման փորձ «անկախ» հանձնաժողովի վրա: – Սա անհեթեթ է: Կարծիք հայտնելը երբեք հնարավոր չէ որակել իբրեւ ճնշում: Այլապես օրենքով պիտի ընդհանրապես արգելվեր կարծիք հայտնելը մրցույթների մասին: Նման արգելք գոյություն չունի: Ինքս ոչ մեկին երբեք որեւէ հարցով չեմ փորձել ճնշել այս կամ այն վճիռն ընդունելիս: Բայց կարծիք, բնականաբար, պետք է արտահայտվի՝ առավել եւս, հասարակական նշանակություն ունեցող այնպիսի երեւույթների առնչությամբ, ինչպիսին հեռուստաընկերությունների մրցույթն է: – Առաջարկում եք չանձնավորել խնդիրը եւ խոսել երեւույթի մասին՝ մինչդեռ ակնհայտ է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկա կազմի համար «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» հարցն արդեն դարձել է անձնական: Արդեն 3-րդ մրցույթն է, երբ անկախ ներկայացված փաթեթներից՝ բարձր ու ցածր նշանակողները չեն փոխում իրենց գնահատականները: Ակնհայտ է, որ գործող հանձնաժողովը կարծես սկզբունքի հարց է դարձրել «Ա1+»-ին եւ «ՆՏ»-ին եթեր չտալը: Գուցե լուծումը ՀՌԱՀ-ը լուծարե՞լն է: – Կարծում եմ՝ այստեղ օրենսդրական առումով քայլ չկա, քանի որ օրենքը չի ենթադրում որեւէ ձեւով հանձնաժողովի լուծարում: Ի դեպ, ճիշտն ասած՝ «Ա1+»-ը եւ «ՆՏ»-ն չէի դնի կողք-կողքի: Գոնե այն չափով, ինչ ես ծանոթ եմ նրանց գործունեությանը եթերում՝ որպես հեռուստաընկերություններ էական տարբերություններ կան «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի միջեւ, այնպես՝ ինչպես «Ա1+»-ի եւ «ԹիՎի 5»-ի կամ նման մի քանի այլ հեռուստաընկերությունների միջեւ: Այն հանգամանքը, որ ինչ-որ մի հեռուստաընկերություն ժամանակին այս կամ այն պատճառով չի շահել մրցույթը՝ դեռեւս չի նշանակում, որ այն պիտի անպայման շահի այս անգամ: «Ա1+»-ի առնչությամբ իմ գնահատականներն, առաջին հերթին, բխել են այն հանգամանքից, որ ինձ համար ակնհայտ է՝ այն իր կարողություններով եւ գործունեությամբ շատ ավելի արժանի է շարունակելու աշխատանքը եթերում, քան այն ընկերությունները, որոնք շահել են: – Սակայն նաեւ փաստ է, որ օրենքով սահմանված բոլոր չափանիշներով «ՆՏ»-ն գերազանցում է իր մրցակցին: – Բան չունեմ ասելու: Ուղղակի քանի որ միշտ զուգահեռ են օգտագործվում «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի անունները՝ տպավորություն է ստեղծվել, թե այս հեռուստաընկերությունները «սիամական երկվորյակներ» են եւ հարցերն անպայման պիտի լուծվեն միասնական: – Այնուամենայնիվ՝ ինչպե՞ս պիտի լուծվեն այդ հարցերը, եթե օրենսդրական առումով քայլ չկա: – Կարծում եմ՝ այն հանգամանքը, որ այսօր արդեն նաեւ քաղաքական շրջանակներում են հնչում բավականին կոշտ գնահատականներ մրցույթին՝ էական տարբերություն է, եւ հանձնաժողովը միգուցե հետագայում հաշվի առնի այս հանգամանքը: – Իսկ եթե հաշվի չառնի՞: – Համոզված եմ, որ կյանքը հետագայում ցույց կտա լուծումներ: – Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը հայտարարեց. «Հայաստանի իշխանությունները պետք է կարծիքների բազմազանությունն արտահայտելու հնարավորություններ ստեղծեն, եթե Հայաստանը ցանկանում է հետագայում եւս ինտեգրվել Եվրոպական կառույցներին»: Այս հայտարարությունն արհամարհելն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի համար: – Անկեղծ ասած, համաձայն չեմ, որ Հայաստանում չկա բազմակարծություն: Կան այլ մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք նույնպես ներկայացնում են այլընտրանքային կարծիքներ՝ «Ար»-ը, «Կենտրոն»-ը, միգուցե նաեւ «Շանթ»-ը: Բայց այլ հանգամանք կա. ինձ համար «Ա1+»-ի հարցը արդարացի լուծումների խնդիր է, թե ով էր ավելի արժանի շահելու մրցույթը: Իսկ եվրոպական կառույցների այդ հայտարարությունները չեն կարող անհետեւանք լինել: Հենց այնպես չեն արվում հայտարարություններ: Ուստի դրանք պետք է լրջորեն քննարկել եւ անել հետեւություններ: Հուսով եմ, որ գոնե մոտ ապագայում՝ մինչ 2004-ի հունվարը, երբ ԵԽԽՎ-ն պետք է քննարկի Հայաստանի պարտավորությունները՝ չեն լինի պատժամիջոցներ: Բայց դա չի նշանակում, որ մինչ այդ ժամկետը պետք է աչքաթող անենք արձագանքները մեր երկրում կատարվող գործընթացների վերաբերյալ: – Ձեր՝ իբրեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի, Արմեն Ռուստամյանի՝ իբրեւ այդ պատվիրակության անդամի կամ Վահան Հովհաննիսյանի՝ իբրեւ ԵԱՀԿ վեհաժողովում մեր պատվիրակության ղեկավարի արձագանքները կարող են մեկնաբանվել նաեւ իբրեւ յուրօրինակ քաղաքական խաղ՝ ցույց տալ եվրոպական կառույցներին, թե իբր անգամ իշխող ուժերն են դժգոհ ՀՌԱՀ-ից, այսինքն՝ սա ոչ թե իշխանության, այլ միայն հանձնաժողովի որոշումն է: – Միշտ էլ անկեղծ եմ պատասխանում՝ որեւէ խաղերի երբեք մասնակից չեմ եղել եւ չեմ էլ լինելու: Ասել եմ կարծիքս այդ երեւույթի մասին: Միգուցե այն եւ հնչած մյուս կարծիքներն ինչ-որ նշանակություն ունենան եվրոպական կառույցների համար վճիռներ ընդունելիս՝ սա այլ խնդիր է: Բայց, կարծում եմ, մեր մեկնաբանությունները պետք է անենք երկրում կատարվող գործընթացների առնչությամբ, եւ ոչ թե այն ակնկալիքով, թե ինչպես դա կընկալվի տարբեր կառույցներում: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Մի մասնավոր դիտարկում. Գրիգոր Ամալյանը մամուլի կտրուկ արձագանքները ՀՌԱՀ որոշմանը համեմատեց 90-ականներին իր ընկերների հասցեին (նա կամավոր մեկնել էր ռազմաճակատ) ադրբեջանական մամուլի որակումների հետ: Անպատկերացնելի է՝ ՀՌԱՀ ներկայիս նախագահի համար անկախ հեռուստաընկերություններ փակելը եւ Ղարաբաղն ազատագրելը նույն բանն է: Հետո էլ առաջարկում են չանձնավորել եւ խոսել երեւույթի մասին: