Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՁՄԵՌՈՒՄ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԸ

Հուլիս 26,2003 00:00

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՁՄԵՌՈՒՄ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԸ Ընդհանրապես, ռեժիմների վախճանը տեսականորեն հայտնի է եւ գործնականում կանխատեսելի, միայն թե ցավալի է, որ այդ իմացությունը քիչ մխիթարական է։ Կրկնակի ցավալի է, որ այս անգամ էլ ոչինչ չփոխվեց՝ հակառակ մեզնից լավագույնների ցանկության։ Թույլ սփոփանք է նաեւ այն, որ թեպետ վարչախումբը վերարտադրեց ինքն իրեն, բայց կորցրեց ռացիոնալությունը, ինչը կարծես թե առկա էր 98-ի իշխանափոխության ժամանակ, երբ գոնե ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում գաղափարախոսական այլընտրանք առաջարկվեց։ Հնգամյա փորձաշրջանն ավարտվեց, սակայն միեւնույն ուժերը միեւնույն գաղափարախոսությամբ 2003-ի ընտրություններում կրկին տոնեցին հաղթանակը։ Եվ խնդիրն այն չէ՝ մենք արժանի ենք դրան, թե ոչ, այլ, որ նման գաղափարախոսությունը օրինականացնում է ցանկացած ռեժիմ, ինչ համարվում է ազգային։ Այս առնչությամբ նորից կրկնեմ՝ ազգայինը ազգից գերադասումը, ի վերջո, հանգեցնում է ազգի դեգրադացման, որովհետեւ հնարավոր չէ ածականը նախընտրել գոյականից, հատկությունը՝ այն կրողից՝ եւ անպատիժ մնալ։ Մյուս կողմից՝ ազգայինը ճանաչել եւ ընդունել եզակիության մեջ ոչ թե անհնար է, այլ անհեթեթ։ Նույնիսկ անհատական եզակիությունը անհնար է. եզակիներն իրար ավելի նման են, քան միեւնույն ազգի ներկայացուցիչները։ Ավելին՝ Եվրախորհուրդ մտած պետության համար երկու կարեւոր ընտրություններում կատարած անօրինականությունների բացատրությունը որոնել ազգային հոգեկերտվածքում, նշանակում է կորցնել իր գոյատեւման ռացիոնալության վերջին փշուրը եւ երկիրը մտցնել հերթական փակուղի, որտեղ էնտրոպիայի մեծությունը հասնում է այն աստիճանի, որ ցանկացած կանխատեսում համարժեք չի լինելու իրադարձություններին, որոնք սպասելի են մոտ ապագայում։ Վերջերս հեռուստաեթերով խոսելով ընտրությունների՝ որպես ժողովրդավարության չափանիշի ոչ իդեալական լինելու մեխանիզմների մասին, Վահան Հովհաննիսյանը նկատեց, թե եթե ընտրության դրվեին Արամ Ասատրյանի ու Մոցարտի կամ Շտրաուսի թեկնածությունները, անվերապահորեն կընտրվեր Արամ Ասատրյանը։ Իբր՝ Սոկրատեսին դատապարտեցին մահվան հանրաքվեով։ Դեռ լավ էր չհիշեց, որ Քրիստոսին նույնպես ուրույն հանրաքվեով են խաչի հանել, թե չէ հայկական դեմոկրատիայի դուռը վերջնականապես կարելի էր շրխկացնելով փակել՝ 1700-ամյա քրիստոնյայի ներողամիտ վարքով։ Ժողովրդավարության անկատարությունից դառնացած կուսակցապետին մի քայլ միայն չհերիքեց գալու ճշմարիտ եզրակացության, որ ողբերգությունը ամենեւին էլ հայտնի երգչի նախընտրությունը չէ, այլ որ ընտրվում է «Մոցարտը», սակայն խորհրդարան մտնում ուրիշը։ Եվ այդ տեսակետից բնավ երկրորդական չէ միեւնույն, այդքան շատ ջուր վերցրած մենթալիտետի պարագան։ «Մերը որպես ուրիշ. ահա հայկական մշակութային ինքնագիտակցության տարօրինակ ժեսթը՝ սահմանել «իրեն»՝ ջնջելով «ուրիշը», յուրացնել «ուրիշը» որպես ես-ի անուն»,- գրում է Հ. Բայադյանը՝ հավանաբար նկատի առնելով հայաստանյան կառավարող ռեժիմի «ազգային գաղափարախոսության» սնանկությունը որպես անհամարժեք հակադարձություն նոր ձեւավորվող աշխարհակարգի իրողություններին։ Կա հարցի նաեւ մյուս կողմը. ազգայինից խոսելը դեռ չի նշանակում միեւնույն արժեքներից խոսել։ Ինչպես նկատել է Սարտրը. «Պարոն Ժուրդենը (Մոլիերի հերոսը- Թ. Խ.) խոսում է արձակով, որպեսզի խնդրի հողաթափերը, իսկ Հիտլերը՝ որպեսզի պատերազմ հայտարարի Լեհաստանին»։ Որքան էլ արտառոց հնչի, երբ կա քաղաքական ուղեգիծ, գաղափարախոսությունը մերժվում է կամ, ավելի ճիշտ՝ ծառայեցվում որպես գործիք, բայց ոչ նպատակ։ Դրանով մասամբ կարելի է բացատրել առաջին նախագահի՝ գաղափարախոսության կեղծ կատեգորիա հռչակումը։ Եվ ընդհակառակը, երբ թափահարվող դրոշ է դառնում մերկ գաղափարախոսությունը, անորոշ է դառնում քաղաքական ուղեգիծը եւ գործում է կողմնորոշումների իներցիան, որում հայտնվել է Հայաստանը՝ ճապաղվելով Ռուսաստանի, Արեւմուտքի ու ԱՄՆ-ի միջեւ։ Վերարտադրել իրեն՝ նշանակում է զրկվել ստեղծագործելու կարողությունից եւ յուրաքանչյուր սերնդի կանգնեցնել միեւնույն տաշտակի առջեւ։ Իմացողները պատմում են, որ Քոչարյանը ՀՀ-ում իր գործունեությունը սկսեց հայ ակադեմիկոսների հետ հանդիպումով։ Նույնիսկ բացակաների համար դժվար չէ այդ հանդիպման տեսարանը վերականգնել ամենայն մանրամասնությամբ, ուստի առանձին սրտաճմլիկ դետալներ բաց եմ թողնում։ Ահա՝ ծերունական ալեզարդ գլուխներ, երկրի օրհներգի առաջին տողերը հիշեցնող պատկերներով, որոնց միակ ակնկալիքը իրենց կյանքի վերջին տարիները հանկարծ ծերանոցներում չանցկացնելն է։ Եվ իրոք, ավելի ծանր բան չկա, քան ընտանիքում ակադեմիկոս պահելը, որը ակադեմիկոսի վաստակին վայել աշխատավարձ չի ստանում։ Դա ուղղակի պատիժ է։ Այնպես որ, Քոչարյանը չհանդիպեց նրանց ինտելեկտին, այլ ականատեսը եղավ խեղճության, որ թշվառության շեմն է ու ինքն իրեն չէր կարող հարց չտալ՝ եթե սա է ազգի միտքը, ինչպիսին կլինի արժանապատվությունը եւ խիղճը։ Գերազանցությունը մի օրում չի ծնվում, մի օրում հաստատվում է։ Մինչ այդ ի՞նչ էր տեսել Քոչարյանը. իշխանություն, Կեւորկով, Զորի Բալայան, իշխանություն։ Առհասարակ՝ կամք առ իշխանություն։ Եվ այդ իշխանությունը քաղցր էր։ Իսկ ի՞նչ էին տեսել ակադեմիկոսները, որոնցից ամենաերիտասարդը 73 տարեկան էր. Ստալին, աքսոր, մատնություններ, աքսոր։ Եվ այդ ամենում կարեւորը գիտնական լինելը չէր, ոչ էլ վաստակը, որ նրանք, անշուշտ, ունեն, այլ այդ դժոխքից ողջ դուրս պրծնելը՝ սպառված առաքինությամբ եւ «ուժեղ ձեռքի» անսահման կարոտով։ Իրոք, մեկ-մեկ կարելի է կռահել, թե որտեղ են ձմեռում խեցգետինները։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել