Գործարանը թերագնահատվել է 24 մլն դրամով Դատախազությունը այս անգամ անսպասելիորեն աչալուրջ էր «Մենք ձեռնպահ ենք մնացել վճարման հանձնարարագրերը տրամադրելուց, որովհետեւ դատական խնդիր կար»,- երեկ «Առավոտին» հայտնեց պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանը՝ պարզաբանելով «Հիդրոմասնագետշին» ձեռնարկության կոլեկտիվին սեփականաշնորհման վճարման հանձնարարագրերը չտրամադրելու փաստը։ Սակայն, դատական բոլոր ատյանները վճիռը կայացրել են հօգուտ աշխատավորական կոլեկտիվի՝ պրն Վարդանյանի վարչությանը պարտավորեցնելով վճարման հանձնարարագրերը տրամադրել հասցեատերերին։ Դատական ակտերի հարկադիր կատարման ակտն էլ հուլիսի 18-ին ներկայացվել է վարչության ընդհանուր բաժին։ Այս առիթով պարոն Վարդանյանը հայտնեց, որ «այդ ընթացքում դատախազությունից մեզ գրություն է եկել»։ Համաձայն դրա, սեփականաշնորհման նախնական փաթեթում 24 մլն դրամի խեղաթյուրում կա։ Այսինքն, այդքան գույք չի ներկայացվել։ Ըստ պարոն Վարդանյանի՝ «կոլեկտիվը գրել է, որ պատրաստ են դրա մի մասը վճարել»։ Բայց դա պետք է ամրագրվի կառավարության որոշման փոփոխությամբ՝ «առանց դրա ես չեմ կարող նրանցից ավել գին վերցնել։ Ժամկետ կնշանակվի, նոր գնահատում կլինի, նոր փաթեթ կկազմվի»։ Փոփոխությունը, պարոն Վարդանյանի հավաստմամբ, որակական չի լինի։ Այսինքն՝ «գործարանն ուղիղ վաճառքի ձեւով կսեփականաշնորհվի կոլեկտիվին, կփոփոխվի միայն վաճառքի գինը»։ Սույն խնդրի շուրջ «Առավոտի» երեկվա հրապարակման մեջ թյուրիմացություն է տեղի ունեցել։ Հանրապետական պետավտոտեսչության պետ Իշխան Իշխանյանը «Որոտան-1» տեղամասի պետ Ռաֆիկ Հախնազարյանի եւ նրա թիմակիցների «թիկունքին» է։ Իսկ ընկերության տնօրեն Հենրիկ Սիմոնյանի եւ նրա թիմակիցների պաշտպանյալը Թեւոսիկ փաղաքշական անունով ոսկու շուկայի տերն է։ Հրապարակումն արդեն պատրաստ էր տպագրության, երբ խմբագրությունը ստացավ «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հ. Սիմոնյանի եւ տնօրենի տեղակալ Տ. Զարգարյանի դիմումը։ Նրանում մասնավորապես ասված է, որ ձեռնարկությունը մասնավորեցնելու կոլեկտիվի ընդհանուր ժողովից հետո ընկերությունում կատարվել են մի շարք ստուգումներ՝ «ՀՀ գլխավոր դատախազության կողմից, որոնց արդյունքում հայտնաբերվել են խախտումներ ինչպես «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ ընկերության կողմից մասնավորեցման ներկայացված հիմնական միջոցների գնահատման փաթեթում»։ Խոսքը դատախազության հայտնաբերած նույն 24 մլնի մասին է, որ հիշատակեց Դ. Վարդանյանը եւ որը պատճառ դարձավ սեփականաշնորհման հետաձգմանը: Ինչ վերաբերում է հոդվածում նշված ընկերության կոլեկտիվի ընդհանուր ժողովի կողմից ընտրված նախաձեռնող խմբի 5 անդամներից 4-ին՝ թոշակի ուղարկելու կապակցությամբ աշխատանքից ազատելու փաստին, տնօրինությունը «պարզաբանել» է, որ «նրանցից 2-ը աշխատում են ընկերությունում», Հենրիկ Սարգսյանը ազատվել է՝ «ծերության լրիվ կենսաթոշակի անցնելու» պատճառով, Հենրիկ Գրիգորյանը՝ «գործալքության»։ Իսկ գլխավոր մրցակից «Որոտան-1» տեղամասի պետ Ռաֆայել Հախնազարյանն ազատվել է աշխատանքից հիվանդության պատճառով։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ