ԻՆՉՊԵՍ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ՍՈՒՏ ԹՎԵՐԸ Օրերս HTB-ն հղում կատարելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցին, հաղորդագրություն տարածեց, թե ԽՍՀՄ նախկին հանրապետությունները արհեստականորեն նվազեցնում են մանկական մահացության թվերը։ Ըստ այդմ, պաշտոնական վիճակագրությունը, Կովկասյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, մի քանի անգամ տարբերվում է իրական թվերից։ Համաձայն տեղեկության, Հայաստանում հազար նորածիններից կյանքի առաջին տարում մահանում է 36 երեխա։ Նշենք, որ զեկույցն ամփոփում է 2000 թվականի տվյալները։ Ըստ պաշտոնական վիճակագրության, 2000-ին մանկական մահացությունների թիվը Հայաստանում 1000-ից 15 է եղել։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից ճշտեցինք, որ սույն հետազոտությունն անց է կացվել ԱՄՆ զարգացման գործակալության կողմից՝ մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության, Վիճակագրության ծառայության եւ ամերիկյան «Մակրոինտերնեյշնլ» կազմակերպության հետ։ Ծրագրի անվանումն է՝ «Ժողովրդագրական եւ առողջության հարցերի հետազոտություն»։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահական եւ սնուցման ծրագրերի կոորդինատոր Լիանա Հովակիմյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «մի շարք պատճառներ» գոյություն ունեն պաշտոնական եւ սույն հետազոտության թվերի տարբերության համար։ Մասնավորապես՝ «Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված կենդանածինների դասակարգումը եւ սահմանումը տարբերվում է մեր երկրում իրականացվող դասակարգումից»։ Դժվարանալով հստակեցնել, թե որ թիվը կարելի է հիմք ընդունել, Լ. Հովակիմյանը նկատեց նաեւ, որ «համեմատած այլ երկրների՝ Հայաստանում տարբերությունը քիչ է տվյալների՝ թե՛ պաշտոնական, թե՛ այս հետազոտության, տենդենցը նվազում է»։ Իսկ ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը պաշտոնական եւ զեկույցի թվերի տարբերությունն այսպես բացատրեց. «Պաշտոնական ուսումնասիրությունների սկզբնաղբյուրը ծննդատները եւ մանկական պոլիկլինիկաներն են։ Զեկույցի սկզբնաղբյուրը կինն է, որն ինֆորմացիա է տվել իր կյանքում ունեցած մահացած երեխաների թվի մասին։ Նույնիսկ արհեստական մեկ վիժումն իրենք համարում են, որ երեխա են կորցրել… կամ լինում են տնային ծննդաբերության դեպքեր (այդ թվում նաեւ մահացության-Ն. Գ.), որոնք չեն ֆիքսվում»։ Վերջինիս դեմ նախարարությունը «պայքար» է սկսել։ Վ. Պողոսյանի հավաստմամբ՝ «էս խնդրի տակ ֆինանսական միջոցներ են դրվելու»։ Տնային ծննդաբերությունների դեմ, ըստ վարչության պետի՝ միշտ են պայքարել՝ «կառավարության ծրագրերում նախատեսել ենք մոր եւ մանկան առողջության պահպանման ու բարելավման ռազմավարություն»։ Այս տարի, հաշվի նստելով զեկույցի տվյալների հետ եւ հավանաբար դրանից շատ զգաստանալով, ռազմավարությունը ներկայացվել է կառավարության քննարկմանը։ «Առավոտի» հետաքրքրասիրությունը, թե ինչպես պետք է այդ գործում ֆինանսներ ներդրվեն. արդյո՞ք կվերանան ծննդաբերության համար ֆիքսված «մաղարիչները», որոնք տնային ծննդաբերությունների հիմնական պատճառն են, Վ. Պողոսյանը բավարարեց հայտարարելով, որ ծննդօգնությունը գտնվում է պետության կողմից երաշխավորված նպատակային ծրագրերում։ Այս «հայտնագործությունից» հետո պարզեցինք նաեւ, որ մեկ ծննդի համար պետության կողմից տրվող փոխհատուցման արժեքն այս տարի բարձրացել է։ Եկող տարի եւս աճ է ակնկալվում։ Ցավոք, վարչության պետն իրավասու չէր թվեր հրապարակելու եւ մեր այդ խնդրանքն անպատասխան մնաց։ Նշենք նաեւ, որ, պաշտոնական վիճակագրությամբ, մանկական մահացությունների թիվը 2001-ին եւս 1000-ից 15 է, 2002-ին՝ 14։ Բայց որքանո՞վ են այդ թվերն իրական ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ