ԹՅՈՒՐԸՆԿԱԼՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը բացասաբար էր արձագանքել Արթուր Բաղդասարյանի կարգադրությանը, ըստ որի՝ բացի ԱԺ նախագահից եւ նրա լիազորած անձանցից՝ ԱԺ գործունեության մասին այլ տեսակետները չեն կարող համարվել պաշտոնական տեղեկատվություն: «Խորհրդարանի նախագահը կարող է ԱԺ տեսակետն արտահայտել, եթե մենք քվեարկել ենք ինչ-որ օրենքի կամ որոշման կողմ, եւ դա արվել է իր նախաձեռնությամբ,- ասել էր պրն Հովհաննիսյանը:- Բայց քաղաքական հարցերի շուրջ, չեմ կարծում, թե ԱԺ նախագահը կարող է իր վրա պատասխանատվություն վերցնել՝ խոսելու բոլոր խմբակցությունների անունից»: Փորձեցինք պարզել, թե Տիգրան Թորոսյանը ե՞ւս դժգոհ է, որ ըստ այս կարգադրության՝ ԱԺ փոխնախագահները միայն առաջարկներ կարող են ներկայացնել ԱԺ նախագահին պաշտոնական հաղորդագրության վերաբերյալ: «Կարծում եմ՝ այստեղ թյուրիմացություն կա,- պատասխանեց ԱԺ փոխնախագահը:- Ցավոք, շատ հաճախ առանձին փաստաթղթեր դիտարկվում են մեկուսի, առանց հաշվի առնելու այլ փաստաթղթեր, տվյալ դեպքում՝ ԱԺ կանոնակարգը, նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը: Այս «հաղորդագրություն» կամ «տեղեկատվություն» ասվածը ոչ թե ընդհանրական ինչ-որ բանի մասին է, այլ որոշակի՝ Հանրային հեռուստաընկերությամբ այն ժամանակահատվածի օգտագործման մասին, որն ամրագրված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով: Նաեւ ԱԺ կանոնակարգում կա պաշտոնական հաղորդագրության վերաբերյալ դրույթ»: ԱԺ նախագահի նորամուծությունների առնչությամբ էլ՝ ըստ որոնց օրենքների մշակմանը պիտի մասնակցեն ավելի լայն շրջանակներ, անգամ քաղաքացիներից պիտի առաջարկներ ընդունվեն դրանց վերաբերյալ՝ Տիգրան Թորոսյանն ասաց. «ԱԺ աշխատանքները կազմակերպելու 2 ճանապարհ կա: Մեկն այն է, ինչը սահմանվում է օրենքով՝ այս խնդիրների մի զգալի մասը կարգավորվում է ԱԺ կանոնակարգով, որտեղ նաեւ հստակ մեխանիզմներ կան օրենքների մշակման վերաբերյալ: Կան նաեւ այլ մոտեցումներ, որ ուրիշ ճանապարհներով եւս կարելի է աշխուժացնել ԱԺ աշխատանքը: Կյանքը ցույց կտա այդ մեխանիզմների արդյունավետությունը»: Ա. Ի.